Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հիշատակները ջարդող մարդու հետ ի՞նչ խոսես»

Դեկտեմբեր 17,2011 13:29

Նարեկ Հարթունյանը՝ իր «գործի» եւ Սեւակ Արծրունու մասին

«Անկեղծ ասեմ, որ բանտում շատ ավելի մարդկային էր վերաբերմունքն իմ հանդեպ, քան  քննիչների մոտ»,- «Նարեկացի» արվեստի միության կենտրոնի հիմնադիր եւ «Ջի, Էյջ սթորի էնթերփրայզիս» ընկերության տնօրեն Նարեկ Հարթունյանը այսպես պատասխանեց «Առավոտի» այն հարցին, թե ինչ պայմաններում են անազատության մեջ պահել: Նրա խոսքերով, չնայած   քրեական գործը հարուցվել էր դեռ հունվարից, սակայն քննիչները ընդամենը մեկ ամիս առաջ են եկել իրենց հիմնարկ ու առգրավել համակարգիչները. «Դրանք պետք է 3-4 օրից վերադարձնեին, մինչեւ այսօր էլ չեն տվել: Ինձ էլ նույն պատրվակով կանչեցին այնտեղ, որ իբրեւ թե համակարգիչները պետք է վերադարձնեին, բայց բռնեցին ու կալանավորեցին: Հենց առաջին օրվանից էլ քննիչներն ինձ ասում էին, որ ես պետք է նստեմ, ինձ պետք է ձերբակալեն, ինչ մեղադրանքով էլ լինի, թեկուզ թմրամոլության: Նույն վերաբերմունքն ամեն ձեւով երեւում էր մեր աշխատակազմի հանդեպ, անգամ պահեստապետին ասել են, որ ձեռքը կջարդեն, եթե իմ դեմ չգրի, իսկ եթե գրի՝ կազատվի մեղադրանքներից: Այդ ժամանակաշրջանի քննիչները ամեն ինչ արել են, որ բոլորն իմ դեմ գրեին ու շատերը գրել են: Անգամ նախկին տնօրեն Արտյոմ Մարտիրոսյանը հայտարարել է, թե ես իրեն ստիպել եմ, որ ցուցմունքը փոխի, այն դեպքում, երբ ես այդ մարդուն մեկ տարի չեմ տեսել»:

Նշենք, որ Նարեկ Հարթունյանը ձերբակալվել էր դեկտեմբերի 9-ի ուշ երեկոյան՝ 2009 թվականից 111 միլիոն դրամի հարկային խախտումներ կատարելու մեղադրանքով, իսկ դեկտեմբերի 13-ին ազատ է արձակվել՝ այդ գումարները վճարելու համար: Հիշեցնենք, որ  «Ջի, Էյջ սթորի էնթերփրայզիս» ընկերության տնօրենի պաշտոնը պարոն Հարթունյանը ստանձնել է սեպտեմբերից, մինչ այդ ընկերության տնօրենը եղել է Արտյոմ Մարտիրոսյանը, բայց ընկերությունը փաստացի ղեկավարել է Սեւակ Արծրունին: Ի դեպ, վերջիններիս որեւէ մեղադրանք չի առաջադրվել:

Պարոն Հարթունյանից հետաքրքրվեցինք, թե ինչու են իր ձերբակալության հետ կապում Ժամացույցի գործարանի բաժնետոմսերի վաճառքի գործարքը եւ ինչ կապ ունի այդ ամենը իր՝ Շուշիում գտնվող բնակարանի հետ: Մեր զրուցակիցը պատասխանեց, որ Ժամացույցի գործարանի 35% բաժնետերն իր եղբայրն է՝ Սարո Հարթունյանը, ու այդ գործարքը սառեցվել է: Մեր զրույցին ներկա  Նարեկ ու Սարո Հարթունյանների փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը պարզաբանեց, որ այդ ամենի պատճառն այն է, որ եւս մեկ հոդված ավելացնեն Նարեկ Հարթունյանի վրա. «Սեւակ Արծրունին մեծ ծրագիր էր ներկայացրել, թե Ժամացույցի գործարանից ինչպես պետք է մեծ շահույթներ ստանան, բայց երբ Սարո Հարթունյանը տեսավ, թե ինչեր են կատարվում եւ այդ ներդրումներն ինչ են լինում, անվստահության մթնոլորտ առաջացավ: Նա պարզել էր, որ Արծրունին ընկերությունից գումարներ է յուրացնում՝ 350 հազար դոլար է յուրացրել միայն Հարթունյաններից: Դրա փաստերը կան, նա այդքան գումար տրամադրել է Արմեն Ազիզյանին: Իսկ թե նա ով է, կպարզի քննությունը: Ազիզյանը հանդես է գալիս որպես Արծրունու գործընկեր: Ինչ վերաբերում է Շուշիում եղած տանը, ապա այդ հոդվածի մասին լսել ենք մեղադրանք առաջադրվելու օրը: Քննություն չի տարվել այդ ուղղությամբ, հարց չի տրվել պարոն Հարթունանին, թե ինչ գումարներով է այդ կառույցը գնել, չի պարզվել ոչինչ: Նրանք նաեւ կպցրել են այլ մեղադրանքներ, բայց այդ հիմքով գործ չի քննվել: Ուրիշ նպատակ է հետապնդվել, որ 111 միլիոնը վճարվեր: Եթե մեղադրանք է առաջադրվում եւ գումարը վճարվում է, մեղադրանքը կարճվում է: Նրանք երեւի թե համոզված էին, որ Նարեկը կվաճարի այդ գումարը, հանուն նրա, որ նա եւ իր 2 աշխատակիցները մեկ օր անգամ անազատության մեջ չհայտնվեն: Նախ պարոն Հարթունյանը այդ գումարը չունի, բայց հարազատները կարող էին վճարել, եւ եթե վճարեին՝ քրեական գործը կկարճվեր: Այդ գումարը չի վճարվի, ոչ թե նրա համար, որ Նարեկն ազատության մեջ է, այլ այն պատճառով, որ մեղադրանքն անհիմն է»: Ն. Հարթունյանն էլ ասաց, որ Շուշիի իր բնակարանը կիսաքանդ վիճակում է: Նա ավելացրեց. «Հունիսին, երբ ունեցել ենք իբրեւ թե 3 ու կես միլիոն դրամի չվճարված հարկեր, զուգահեռ ունեցել ենք նաեւ 20 միլիոն գերավճար: Կարող է, որ խախտում լինի, ես չեմ ասում, որ չի եղել, բայց եթե կա, թող այդ գումարը հաստատվի»: Մեր այն հարցին՝ սպասո՞ւմ էր, արդյոք, պարոն Հարթունյանը, որ այս գործը նման հնչեղություն կունենա, եւ մարդիկ անգամ սոցիալական ցանցերով կպայքարեն նրա ազատության համար, նա մի փոքր հուզված պատասխանեց. «Անկեղծ ասած՝ չէի սպասում: Մարդիկ արդեն գիտեն ճշմարտությունը, ճանաչում են Նարեկ Հարթունյանին եւ «Ներկացի» արվեստի միության առաքելությունը, դրա համար էլ իրենց ձեւով պայքարում են անարդարության դեմ»: Այն հարցին էլ՝  փորձե՞լ է Սեւակ Արծրունու հետ խոսել խնդրի վերաբերյալ ընկերաբար, նա պատասխանեց. «Ոչ… Սեւակի հետ վերջին շփումը եղավ, երբ նա հարձակում գործեց մեր ընկերության վրա՝ թիկնապահներով: Այդ օրվանից հետո ես նրա հետ չեմ շփվել: Մարդ, երբ մտնում է եւ մորս ու հորս հիշատակին դրված իրերը ջարդում, փշրում եւ դրանից հետո զղջում չի ապրում, ի՞նչ խոսենք: Եթե խոստովաներ, ասեր, որ չարաշահումներ է արել, ամեն ինչ այլ հունով կգնար: Մինչ այսօր նրա կողմից որեւէ այդպիսի քայլ չի արվել»:

ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031