Դատավորները բոյկոտեցին դատապարտյալների ազատությունը
ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին որոշման ժամկետն ավարտվեց: Այն կարելի է համարել չկայացած:
Չկայացած, որովհետեւ դատարանները ունենալով անսահման հնարավորություններ, դատապարտյալների հետ վարվեցին դաժանորեն, առանց խղճի խայթի, առանց առողջ բանականության: Նրանք այդ փոփոխություններն օգտագործեցին ի շահ իրենց գրպանների, զարկ տալով կոռուպցիային, կաշառակերությանը: Փոփոխություններով վերացվեց կրկնակիության ինստիտուտը: Սակայն դատապարտյալները կրկնակի անգամ հայտնվեցին ծուղակում: Օրենքով սահմանված կարգով իրենց հասանելիք բարեփոխումը դատավորները բոյկոտեցին՝ անտեսելով Սահմանադրությունը եւ նրանում ամրագրված օրենքները:
Նրանք հաշվի չառան նույնիսկ նախագահի 2008թ. մայիսյան ուղերձը, ուղղված դատաիրավական համակարգին: Նրանք, բառի բուն իմաստով, իրենց գործունեությամբ ապաքրեականացրին ՀՀ քրեական օրենսգրքի 4-րդ հոդվածը: Այնքան հզոր էր փողի մոլուցքը, որ նրանք կանգ չառան ոչնչի առաջ: Ոչ ոք չկարողացավ փակել նրանց ճանապարհը: Այդ կապակցությամբ ես դիմեցի տարբեր կառույցների. արդարադատության նախարարություն, նախագահի աշխատակազմի Վերահսկողական ծառայություն, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Ու բոլորից ստացա միեւնույն պատասխանը. մենք իրավունք չունենք վերահսկելու դատարանների գործունեությունը: Հետաքրքիր է, իսկ ով է իրավասու: Եթե նախագահականից էլ է այդպիսի պատասխան հնչում, ապա նշանակում է, որ նրանք պետության մեջ առանձին պետություն են եւ չեն ենթարկվում ոչ մի կառույցի:
Կարդացեք նաև
Պատկերացրեք՝ իրականում ինչ է տեղի ունեցել:
Մի տաբատ գողանալու համար անձին դատապարտել են 6 տարվա ազատազրկման, նկատի ունենալով նախկինում դատված լինելը: Հիմա այդ կետը հանվել է, իսկ պատժաչափը թողնվել է նույնը: Ինչ է ստացվում: Ստացվում է, որ դատարանները ներքին հրահանգ են ունեցել, միմիայն կետերը հանելու, իսկ պատժաչափը թողնելու նույնը: Վերադաս դատարանները նույնպես ոչինչ չարեցին: Բազմաթիվ բողոքներ վերադարձան մերժված: Իսկ Վճռաբեկ դատարան չենք կարողանում դիմել, քանի որ նրանք պահանջում են նոր հանգամանք: Ինչ նոր հանգամանքի մասին է խոսքը: Սա դատավճիռը վերանայման ակտ է, ոչ թե նոր քրեական գործ: Եվ հետո, երբ կրկնակիության կետերը հանվել են, իսկ պատժաչափը թողնվել է նույնը, մի՞թե սա ինքնին նոր հանգամանք չէ: Պարզից էլ պարզ է, որ մարդիկ չեն դիմելու Վճռաբեկ դատարան, քանի որ իրենց բողոքը վերադարձվելու է առանց ուսումնասիրման: Իսկ ո՞վ է պատասխան տալու այն հազարավոր ընտանիքներին, որոնք, զրկված լինելով աշխատող ձեռքից, հայտնվել են քայքայման եզրին, ոմանք էլ՝ փողոցում: Ո՞վ է պատասխան տալու այն երեխաներին, որոնք պետական հոգածությունից զրկված լինելով՝ բռնել են մուրացկանության ճանապարհը: Ո՞վ է պատասխան տալու ընչաքաղց այն ընտանիքներին, որոնց կանայք դիմում են բացառիկ քայլերի, որպեսզի գոյատեւեն իրենց երեխաները: Ո՞վ է պատասխան տալու այն ծնողներին, որոնք կյանքի մայրամուտին այդպես էլ չտեսան իրենց որդիների վերադարձը:
Ասում եք՝ հանցագործներ եւ վերջ: Իսկ երբեւէ հարց տվե՞լ եք, թե՞ ինչն է պատճառը, որ մարդիկ բռնում են այդ ճանապարհը:
Համատարած գործազրկությունը, աշխատատեղերի պակասը մարդկանց հասցնում է ծայրահեղ վիճակի: Այս պարագայում ժամանակի պահանջն էր, որպեսզի լիարժեք կիրառվեր Քրեական օրենսգրքի փոփոխություններն առանց խտրականության:
Համաներման մասին հարկ չկա խոսել, քանի որ այն ընդունվեց մարտի 1-ի տխրահռչակ էջը փակելու համար: Նույնիսկ 1000 դատապարտյալ չազատվեց:
Դուրս է գալիս՝ դատավորները էլ ավելի ամուր փակեցին ազատության դուռը:
Մենք սպառել ենք մեր բոլոր ներպետական հնարավորությունները եւ պատրաստվում ենք դիմելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Ճիշտ է, մենք միայնակ ենք, բայց պայքարը շարունակելու ենք: Մենք հասնելու ենք նրան, որ մեր բոլոր գործերը վերանայվելու են:
ԺԻԼԲԵՐՏ ՄԱԼԽԱՍՅԱՆ
«Սեւան» քրեակատարողական
հիմնարկի կալանավոր
«Առավոտ» օրաթերթ