Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայփոստն» ուժեղացնում է անվտանգությունը

Դեկտեմբեր 17,2011 13:09

Որպեսզի գողերն այլեւս չկարողանան գողանալ կենսաթոշակառուների գումարներըԱյժմ բոլոր փոստային բաժանմունքներում տեղադրվում են տեսախ
ցիկներ եւ անվտանգությունն ապահովող այլ միջոցներ։ Սա արվում է ընկերության հատկապես դրամական միջոցները պաշտպանելու նպատակով։ Այս մասին երեկ Սյունիքի մարզում երեք նորացված փոստային բաժանմունքների բացմանը հայտարարեց «Հայփոստի» սեփականատեր՝ «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ» ընկերության տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը։ Նրա խոսքերով՝ փոստային բաժանմունքներում իրենք անգամ սկսել են կանխիկ դրամի չափը նվազեցնել։
Հիշեցնենք, որ վերջերս «Հայփոստի» երկու բաժանմունքներում գողություն եղավ եւ հափշտակվեց հատկապես թոշակառուներին տրվող կենսաթոշակները։ Այդ երկու բաժանմունքներն էլ Արաբկիր վարչական շրջանում էին։ Դիմակավորված անձը ներխուժել էր «Հայփոստի» բաժանմունքներ եւ դանակով սպառնալով ընկերության բաժանմունքի աշխատակիցներին՝ վերցրել բաժանմունքներում եղած կանխիկ գումարը։ Այս առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ըստ Խուան Պաբլո Գեչիջյանի՝ հափշտակված գումարը մոտ քսանյոթ միլիոն դրամ էր. «Այդ ամբողջ գումարը մենք ենք փոխհատուցել, քանի որ արդեն պատասխանատվությունը մեզ վրա էր։ Կարող ենք ձեզ էլ ցույց տալ, թե ինչպես են կազմակերպվում վերահսկողությունն ու դրամական փոխանցումները, բայց այդպես գողերն էլ կտեղեկանան այդ մասին։ Թող գողերն այլ վայրեր գտնեն գողություն անելու համար»։
Անդրադառնալով «Հայփոստի բաժանմունքների վերանորոգմանը՝ պարոն Գեչիջյանն ասաց, որ ոչ միայն դրանց վերանորոգումն է իրենց պարտավորությունը, այլեւ այն, որ բարեփոխեն ընկերության աշխատանքի որակը։ «Առավոտի» այն հարցին, թե «Հայփոստն» այս բարեփոխումներին է գնում, քանի որ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ տրանսպորտի ու կապի նախարար Մանուկ Վարդյանյանը դժգոհությո՞ւն են հայտնել ընկերության աշխատանքի որակից, նա պատասխանեց. «Մենք պարզապես ցանկանում ենք, որ նամակներն ավելի արագ հասնեն։ Մենք նաեւ ավելացնելու ենք մեր ծառայությունների քանակը»։ Նա հայտնեց, որ օրերս ինքը հանդիպել է ֆրանսիական «Լա փոստե» ընկերության միջազգային համագործակցության գծով տնօրեն Ժան Պոլ Ֆորսեւիլի հետ, որի հետ ստորագրել են համագործակցության պայմանագիր, համաձայն որի՝ արդեն հունվարի մեկից ֆրանսիական ընկերության մենեջերները ոլորտի տեղական մասնագետներին կսովորեցնեն, թե ինչպես է պետք աշխատել փոստային բաժանմունքներում. «Այս ընկերության տասնհինգ մասնագետներ արդեն եղել են Հայաստանում եւ ծանոթացել են մեր երկրի փոստային ոլորտի աշխատանքներին»։ Ֆինանսական փոխանցումների մասով «Հայփոստը» կհամագործակցի իտալական «Փոստ Իտալիա» ընկերության հետ, որն այս ոլորտի առաջատարներից է։ Գեչիջյանի խոսքերով՝ «Հայփոստը» վերլուծության եւ ծրագրավորման փուլից անցել է իրականացման փուլ, որի շրջանակներում «Հայփոստը» Ռուսաստանի փոստային ընկերության հետ է պայմանագիր կնքել, որի շնորհիվ Ռուսաստանի յուրաքանչյուր փոստային բաժանմունքից հնարավոր կլինի արագ դրամական փոխանցումներ կատարել։
Նշենք, որ փոստային բաժանմունքների բացմանը ներկա էր նաեւ տարածքային կառավարման նախարար եւ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ինչպես նաեւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։ Պարոն Խաչատրյանը լրագրողների հարցերին չցանկացավ պատասխանել, իսկ փոխվարչապետն ասաց, որ գոհ է «Հայփոստի» բարեփոխումներից. «Եթե կան խնդիրներ, ապա դրանք ունեն լուծումներ»։
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031