Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարոյականության իմաստով ապուշացել ենք»

Դեկտեմբեր 17,2011 13:06

Ասում է Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը

Վերջերս Գյումրին դարձել է ամենաքննարկվող քաղաքներից մեկը, եւ պատճառը ոչ միայն քաղաքապետ Վարդան Ղուկասյանի քարուքանդ տնակների ֆոնի վրա կառուցած շքեղ հյուրանոցն է կամ էլ գերեզմանոց տանող ճանապարհի վրա ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբոր որդու հիմնած գիշերային ակումբը՝ ուկրաինացի մերկապարուհիներով, այլ քաղաքում տեղի ունեցող ինքնասպանություններն ու 10-ամյա աղջկան բռնաբարելու դեպքը: Թե որն է պատճառը, որ Գյումրին այսքան անտեսված ու լքված է երկրի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից (ոչ պաշտոնական տվյալներով՝ Գյումրիում ընդամենը 70 հազար մարդ է մնացել), եւ ինչո՞ւ անգամ դեկտեմբերի 7-ին նրանք չցանկացան գյումրեցիների հետ գոնե մի քանի ժամ անցկացնել, այս հարցերի շուրջ «Առավոտը» զրուցեց Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ:

Շաբաթվա ամենաթարմ դեպքի՝ գիշերօթիկ դպրոցի 10-ամյա աղջկան բռնաբարելու դեպքի կապակցությամբ սրբազանից հետաքրքրվեցինք, թե ինչ պատժի կարելի է արժանացնել 25-ամյա մանկապիղծ Վարդան Ղազարյանին: Սրբազանը հիշեց 20 տարի առաջ Գյումրիում կատարված մանկապղծության մեկ այլ դեպքի մասին, երբ գյումրեցիները 7-ամյա աղջկան բռնաբարողին խարույկի վրա այրեցին՝ Լինչի դատաստանի ենթարկեցին: Ըստ նրա՝ այս հարցում իր մեջ կռվում են հոգեւորականն ու սովորական մարդը, եւ եթե որպես հոգեւորական՝ ինքը դեմ է մահապատժին, ապա որպես սովորական մարդ՝ մտածում է մյուս գյումրեցիների նման, այն է՝ մանկապիղծն արժանի է ծայրահեղ պատժի: Վերջին շրջանում Շիրակի մարզում մեկը մյուսի հետեւից կատարվող ինքնասպանությունների հարցում էլ սրբազանը նաեւ իր մեղքի բաժինն է տեսնում: «Գուցե եւ ինքնասպանությունների պարագայում ինչ-որ գործ կատարել ենք, որը չի երեւում, որովհետեւ հիմա դուք ունեք վիճակագրական տվյալներ, թե ինչքան ինքնասպանություն եղավ, բայց թե ինչքան մարդ ինքնասպանությունից հետ կանգնեց եկեղեցու քարոզչության եւ աշխատանքի շնորհիվ՝ այդ վիճակագրությունը չկա: Իսկ ինքնասպանությունների քանակն իրոք մտահոգիչ է, մենք չենք կարող ուրախանալ փրկվածներով, մենք պիտի տխրենք նրանցով, որոնք այդ քայլին են դիմել, վերջիվերջո՝ յուրաքանչյուր հոգու համար եկեղեցին պատասխանատու է Աստծո առջեւ, եւ ես, որպես թեմի առաջնորդ, պատասխանատու եմ իմ հովվի համար Աստծո առջեւ, եւ ցանկացած ինքնասպանության պարագայում ես ինձ մեղավոր ու տկար եմ զգում: Ցավոք, այսօր այդ հնարավորությունը չկա՝ իմանալու, թե ով է գտնվում այնպիսի դեպրեսիվ վիճակում, որ կարողանաս գնալ եւ օգնել»,- ասում է սրբազանը:

Ըստ նրա՝ ինքնասպանությունները ճիշտ չէ կապել քաղաքի սոցիալական ծանր վիճակի հետ, քանի որ բարեկեցիկ երկրներում էլ ինքնասպան լինողների թիվը քիչ չէ, այն հոգեւոր ճգնաժամի հետեւանք է: Ինչ վերաբերում է հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Գյումրիի անտեսված լինելուն, սրբազանը հեգնանքով պատասխանեց. «Բա ասում են՝ ուշադրության կենտրոնո՞ւմ ենք»: Մեր հիշեցմանը, թե բարձրաստիճան պաշտոնյաները նույնիսկ դեկտեմբերի 7-ին չբարեհաճեցին Գյումրի գալ ու երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված պատարագի մասնակցել, Միքայել եպիսկոպոս Աջապահյանն ասաց. «Ո՞նց, վարչապետը եկավ, բայց, աղջի՛կս, նույնիսկ եթե դեկտեմբերի 7-ին ամբողջ վերնախավը գա, դրանով բան չի փոխվի, եթե դեկտեմբերի 7-ին նույնիսկ չգան, դա չի նշանակում, թե մոռացված ենք: Քաղաքը դեկտեմբերի 7-ից դեկտեմբերի 7-ը չպիտի հիշվի, թող այդ օրը չգան, բայց մնացած 364 օրը մտածեն մեր քաղաքի մասին, բայց կարող է դեկտեմբերի 7-ին գան, մնացած 364 օրը մոռանան այս քաղաքի գոյության մասին: Գալը չափանիշ չէ: Մեր քաղաքը հիշում են էն չափով, որ չափով հիշում են, ես ինքս էլ ասում եմ, որ Շիրակը ամենամոռացված ռեգիոնն է՝ բոլոր առումներով. ես չեմ կարող բացատրել՝ ինչու: Բայց, ցավոք, այդպես է»: Ըստ նրա՝ «Հայաստան» հիմնադրամը 20 տարի շարունակ լավ գործեր է անում, բայց մոռանում է, որ մեր երկիրը միայն ԼՂՀ-ով չի սահմանափակվում: «Հիմա եթե խոսեմ, կասեն՝ սրբազանը Ղարաբաղի դեմ է խոսում, բայց ես Ղարաբաղի դեմ չեմ խոսում, բայց ինչ-որ բան էլ պիտի արվի Շիրակի համար, չէ՞: Անշուշտ, արվում էլ է, բայց մենք կարծես փակուղում ենք հայտնվել, այնպես որ՝ ես կարծում եմ ամենամոռացվածն ենք՝ բոլոր առումներով»,- նեղսրտեց սրբազանը:

Վերջերս անցկացված մարդահամարի տվյալները դեռ չեն հրապարակվել, սակայն Գյումրիում խոսակցություններ են պտտվում, որ այս քաղաքում բնակիչների փաստացի թիվը 70 հազար է: «Ես համաձայն եմ, որ Գյումրիում այսօր 100 հազարից պակաս բնակիչ կա, չէի ասի՝ 70 հազար, բայց 80-100 հազարի սահմաններում, ըստ իս, կլինի բնակչությունը: Հիմա կարդացող որոշ գյումրեցիք կասեն՝ տե՛ս, քաղաքի դեմ է խոսում, չի սիրում էս մարդը էս քաղաքը (ակնարկում է Գյումրիի քաղաքապետին,- Ն. Ա.), բայց իրականությունն է այդպիսին, որ 100 հազարից պակաս է բնակչությունը: Ես 2 անգամ ասել եմ, ինձ հակաճառել են, թե այդպիսի բան չկա, 150 հազար է, դուք որտեղի՞ց եք տիրապետում այդ տվյալին եւ այլն, եւ այլն: Բայց ես մի բան գիտեմ. աշակերտությունը 12 տարի առաջ 25 հազար էր, այսօր 17 հազար է, եթե 8 հազարով պակասել է աշակերտության թիվը, նշանակում է՝ 40 հազարով պակասել է բնակչության թիվը»,- համոզված է սրբազանը՝ կարծելով, որ արտագաղթից միակ փրկությունը սոցիալական արդարության վերականգնումն է: Շիրակի հոգեւոր ղեկավարից հետաքրքրվեցինք նաեւ քաղաքում հայտնված գիշերային ակումբների ու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի շքեղ հյուրանոցի մասին: Աղքատ քաղաքում այդպիսի հյուրանոց կառուցելը Միքայել Աջապահյանը բարոյականության խնդիր է համարում, իսկ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբոր որդու հիմնած գիշերային ակումբի գոյությունը համարում է անբարոյական. «Ես ցավում եմ, որ մեր քաղաքում գիշերային ակումբներ են բացվում, բայց ես դա չեմ համարում ողբերգություն, ընդունում եմ որպես մարտահրավեր, նշանակում է՝ մենք դեռ գործ ունենք անելու մեր ժողովրդին դաստիարակելու ուղղությամբ, իսկ այն պատճառաբանությունները, թե դրանցից ռուսներն են օգտվում, դա չքմեղանք է. ի՞նչ է դա նշանակում, գիշերային ակումբների վրա գրված պետք է լինի՝ միայն ռուսների՞ համար: Մենք այնքան ենք հիմարացել, բարոյական իմաստով այնքան ենք ապուշացել, որ մեր գլխավոր մայր տաճար տանող ճանապարհն անգամ լցրել ենք անբարոյական օբյեկտներով՝ կազինոներով եւ գիշերային ակումբներով, ինչքան խեղաթյուրված ենք, դեռ չեմ լսել, որ որեւէ մեկն ասի, որ անթույլատրելի են նման կառույցները 1700-ամյա քրիստոնյա ազգի համար»,- ասում է սրբազանը՝ դժգոհելով, որ Երեւանից Էջմիածին հյուր տանելիս անհարմար վիճակի մեջ է ընկնում: Ըստ սրբազանի՝ իրեն մտահոգողը ոչ թե գիշերային ակումբների գոյությունն է, այլ մարդկանց մտածելակերպն ու քրիստոնեական բարոյականությունից հեռացված լինելը: «Գիշերային ակումբը կարող էր օրենքով արգելված լինել, բայց բոլորի մտքում լիներ այդ ակումբը, ես շատ ուրախ եմ, որ օրենքը արտոնում է գիշերային ակումբների գոյությունը, բայց մենք այդ դեպքում էլ չպիտի օգտվեինք նման անբարոյական վայրերից, Ավետարարանը պիտի վեր դասեինք: Որպես հոգեւորականի՝ օրենքը ինձ էլ չի արգելում գիշերային ակումբ հաճախել, բա ես ինչո՞ւ չեմ այցելում»,- հարցնում է սրբազանը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031