Վահան Շիրխանյանը դեմ է, որ ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազայի համար Հայաստանը տարեկան վճար պահանջի:
Վերջին օրերին դարձյալ հայաստանյան մամուլի քննարկման թեմա է դարձել ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի հարցը: Հետաքրքիր է, որ ռազմաբազայի տեղակայման տարեկան վճարի մասին սկսել են խոսել գործիչներ, ովքեր նախկինում անհարմար էին համարում միջպետական հարաբերություններում նման մանր հարցերի բարձրացումը:
Երեկ կայքերից մեկին տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, դաշնակցական Արթուր Աղաբեկյանն էլ, անդրադառնալով ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի նպատակահարմարության խնդրին, ասել է. «Ռուսաստանն անպայման պետք է վճարի այն բանի համար, որ այստեղ ռազմական բազա ունի: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի անվտանգության համակարգի համար ռազմական բազայի նշանակությունը գնահատելուց հետո միայն կարելի է ավելի որոշակի կերպով խոսել ՀՀ-ի համար այդ բազայի նշանակության մասին: Միայն այդ ժամանակ պարզ կդառնա, թե որքանով եւ ում անվտանգության համար է ավելի շահավետ Հայաստանում ռուսական բազայի գոյությունը»: Նկատենք, որ շահավետության համատեքստում ՀՀ-ում ռուսական բազայի գոյությունն առավել արդիական է դառնում ռուսական «Նեզավիսիմայա գազետայի» տպագրած «արտահոսքից» հետո: Թերթը տեղեկություն էր հրապարակել այն մասին, թե Ռուսաստանն ինչ է մտադիր անել, երբ Իսրայելը հարվածի Իրանին: Հոդվածում որպես ռուսական գործողությունների հիմնական պլատֆորմ նշվում էր 102-րդ բազան, որը տեղակայված է Հայաստանում: Հղում անելով պաշտպանության նախարարության իր աղբյուրներին՝ թերթը տեղեկացնում է, որ Ռուսաստանի իշխանությունները շտապ կարգով կատարելագործում են ռազմական խմբավորումները Հարավային Կովկասում, Կասպիական, Միջերկրական ու Սեւծովյան տարածաշրջաններում: Սույն հրապարակման համաձայն՝ 2011թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին լիովին օպտիմալացվել է Հայաստանում ռուսական 102-րդ բազան: Զինծառայողների ընտանիքները տեղափոխվել են Ռուսաստան, իսկ Երեւանի մոտ տեղակայված ռուսական կայազորը կրճատվել է, այնտեղ տեղակայված միավորումները տեղափոխվել են Գյումրի՝ թուրքական սահմանին մոտ: Հենց Թուրքիայի տարածքից են սպասվում Իրանի օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածները: Ասվում է նաեւ, որ դեկտեմբերի 1-ից մարտական պատրաստվածության են բերվել նաեւ Հարավային Օսիայում եւ Աբխազիայում տեղակայված ռուսական բազաները, որոնք այդ հակամարտությունում կարող են հանդես գալ հակաիրանական ուժերի կողմից:
Նկատի ունենալով աշխարհաքաղաքական ներկա զարգացումները, մասնավորաբար՝ Սիրիայում եւ Իրանում տեղի ունեցող իրադարձությունները, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հետ զրույցում փորձեցինք հասկանալ՝ որքանո՞վ է իրական համանման սցենարների կյանքի կոչումը: «Ռուսաստանի 102-րդ բազայի մասին պայմանագիրը Հայաստանի հետ որեւէ թույլտվություն չի տալիս այն օգտագործել Իրանի դեմ որպես հենակետային այլ ուժի համար: Պայմանագիրը նման բան չի նախատեսում, եւ դա պայմանագրով անհնարին է»,- ասաց պարոն Շիրխանյանը: Ըստ նրա՝ Իրանը Հայաստանին բարեկամ երկիր է, ամենածանր պահերին մշտապես օգնել է Հայաստանին, եւ Հայաստանը չի կարող թույլ տալ, որ իր տարածքը դառնա հենակետ՝ Իրանին խփելու համար:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է պարոն Աղաբեկյանի դիտարկումներին՝ բազայի գոյության համար տարեկան վճարի մասով, Վահան Շիրխանյանը հիշեցնում է, որ գոյություն ունի մեկ այլ պայմանագիր եւս, որով նախատեսվում է ՌԴ տարածքում հայ կուրսանտների ուսուցում կազմակերպել. «Եվ երբ մենք այն ժամանակ՝ կնքելու ժամանակ, համեմատություն արեցինք՝ Հայաստանը ոչ մի կոպեկ չի կորցնում, այլ շահում է ֆինանսապես: Հիմա ես չգիտեմ՝ կարելի՞ է գնալ այդ մոդայիկ՝ ցանցային, կներեք, ցանցառային բաների ետեւից եւ ինչ ասես խոսել: Նրանք ունեն գաղափարական հովանավոր, որն ուղղորդում է այդ խոսակցությունները: Դե, եկեք խոսենք. նրանք էլ վերցնեն ու մեր կուրսանտների համար փող ուզեն: Արդյունքում դուրս կգա, որ Հայաստանը 5 դրամ շահում է, 25 դրամ՝ կորցնում: Էդ ո՞ր մի խելոքը դա կանի»: Այս ամենից զատ, ըստ Վահան Շիրխանյանի, եթե Հայաստանն իր զինված ուժերով պահեր հայ-թուրքական սահմանը, հսկայական, անհամեմատելի ավելի մեծ գումարներ պետք է ծախսեր, քան ռուսական ռազմաբազայի կոմունալ ծախսերն են. «Տեխնիկա, զենք պիտի ձեռք բերեր, ուսուցման համար վճարեր, զորանոցները պատրաստ պահեր եւ այլն: Բայց այդ բոլորն այսօր անում է ՌԴ-ն»: «Առավոտի» դիտարկմանը՝ Աստված մի արասցե, բայց եթե մի օր սահմանի այդ հատվածում ռազմական գործողություններ ծավալվեն, ռուս զինվորը ինչո՞ւ պիտի պաշտպանի Հայաստանը, պաշտպանության նախկին փոխնախարարը հակադարձեց. «Այս ամենում ամենակարեւոր խնդիրը ռազմաքաղաքական եւ ազգային անվտանգության խնդիրն է: Պայմանագիրն ասում է, որ, այո, նրանք պարտավոր են այդ սահմանը պահել, եթե Թուրքիան հարձակվի Հայաստանի վրա: Եվ ոչ միայն 102-րդ բազայի ուժերով, այլ նաեւ Ռուսաստանի զինված ուժերով, որոնք ունեն համապատասխան պլաններ՝ նման զարգացումների ժամանակ: Այդ բոլորը ծրագրված է, թե ինչպիսին կլինեն քաղաքական իրավիճակը, կոնյունկտուրան, ճնշումները, իրենք կիրականացնեն դա՝ համաձայն պայմանագրի, թե ոչ՝ միայն Աստված գիտե»: Բայց որ ՌԴ-ի առկայությունն այդ սահմանում միայն զսպող հանգամանք է, ըստ Շիրխանյանի, ակնհայտ փաստ է, քանի որ Արաբական աշխարհում, Թուրքիա-Սիրիա հարաբերություններում կատարվող իրադարձությունները խտացնում են Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիքները: Հետեւաբար, ռուսական ռազմաբազայի համար վճարների մասին այսօր հնչող կոչերը Շիրխանյանը համարում է սադրանք Հայաստանի դեմ, ինչը շատ նման է այն իրավիճակին, որ եղավ Արաբական աշխարհում:
Արդյոք պարոն Աղաբեկյանն է՞լ է սադրիչ, թե՞ անտեղյակ է վերեւում բերված փաստերից՝ «Առավոտի» հարցին Վահան Շիրխանյանը պատասխանեց, որ թեեւ ուսուցման պայմանագիրը կնքվել է իր փոխնախարարության օրոք, չի կարծում, որ պարոն Աղաբեկյանն անտեղյակ է այդ բոլոր նրբություններից: Իսկ թե ինչո՞ւ է նման հայտարարություն արել՝ Շիրխանյանը դժվարացավ մեկնաբանել՝ «կուսակցակա՞ն, պատգամավորակա՞ն, թե՞ այլ դրդումներով՝ դժվարանում եմ պատասխանել»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ