Լրահոս
Օրվա լրահոսը

Ուշացած պայծառատեսություն

Դեկտեմբեր 17,2011 12:58

Ինչո՞ւ են իշխանամետ մարդիկ ընդդիմադիր դառնում: Իհարկե, տարբեր պատճառներով: Արեւմուտքում ամեն ինչ պարզ է. իշխանությունը պարտվում է ընտրություններում եւ հանգիստ աշխատում է ընդդիմադիր դաշտում՝ փորձելով հաջորդ ընտրություններում «ռեւանշ» վերցնել (այդ բառի մեջ ոչ մի վատ երանգ չկա): Բայց Ռուսաստանում եւ Հայաստանում իշխանությունն ընտրություններում երբեք «չի պարտվել», մշտապես վերարտադրվել է, ուստիեւ վերոհիշյալ մեխանիզմը չի գործում: Կարող են, հետեւաբար, ընդդիմադիր դառնալու ուրիշ պատճառներ լինել: Երբեմն դրանք միանգամայն անկեղծ են. գալիս է մի պահ, եւ մարդու հայացքի առաջ ամեն ինչ կարծես պայծառակերպվում է, եւ նա այլեւս չի կարող չտեսնել իշխանության արատները՝ այն իշխանության, որի մասն էր այդ գործիչը երեկ: Լինում են, իհարկե, ավելի հետաքրքիր դեպքեր: Օրինակ՝ իշխանության ներկայացուցիչը պահանջ է դնում՝ «իմ քուչում միլպետին (կամ դատախազին) ես պիտի նշանակեմ»: Գիտեք, չէ՞, թե ինչո՞ւ է նա նման պահանջ դնում. որովհետեւ այդ միլպետը կամ դատախազը չափազանց «լավ աչքով է նայելու» իր բարերարին եւ նրա բիզնեսներին: Եվ ահա, եթե այդ մարդը մերժում է ստանում, ապա դառնում է բոցավառ ընդդիմադիր եւ ավազակապետության դեմ պայքարող անխոնջ մարտիկ:

Բայց բոլոր այդ «անցումային» դեպքերը միավորում է մի բան. մարդիկ, իշխանության մեջ լինելով, չեն տեսնում այն թերությունները, որոնք նրանց համար ակնհայտ են դառնում իշխանությունից զրկվելուց հետո: Իհարկե, կա հետեւյալ տրամաբանությունը. «Երբ ես էի, ամեն ինչ հրաշալի էր, երբ ես գնացի, ամեն ինչ փչացավ»: Այդ առիթով կա նույնիսկ խորհրդահայկական մի անեկդոտ. Քոչինյանին հանում են Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնից, եւ հաջորդ օրը նա գնում է խանութ՝ երշիկ գնելու, ու տեսնում է կիլոմետրանոց հերթը: «Դե, հիմա Անտոն Երվանդիչի  ջանի  ղադրը կիմանաք»,- եզրակացնում է նախկին ղեկավարը: Այսինքն՝ մարդը հոգեբանորեն պատրաստ չէ ընդունել, որ իր ժամանակ վիճակը նույնքան վատ էր, որքան հիմա:

Ես դա հիշեցի ռուսաստանյան վերջին ընտրությունների առիթով: Ենթադրենք, Ալեքսեյ Կուդրինը երկու ամիս առաջ կոնֆլիկտ չէր ունեցել Մեդվեդեւի հետ: Մի՞թե նա այդ դեպքում կնկատեր, որ այդ ընտրությունները անարդար են անցել: Իհարկե՝ ոչ: Իսկ արդյոք նույնը չի՞ կարելի ասել Միխայիլ Կասյանովի կամ Բորիս Նեմցովի մասին. եթե նրանք վարչապետ եւ փոխվարչապետ լինեին՝ արդյոք նրանց այդչափ կհուզեի՞ն ընտրախախտումները, որքան հիմա են հուզում: Դարձյալ՝ ոչ, որովհետեւ իրենց իշխանության ժամանակ էլ էին ճիշտ նույն որակի ընտրություններ անցել:

Նույնը, իհարկե, մերոնք: Վստահ եմ, որ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո Տիգրան Թորոսյանը շատ գրագետ կերպով կհիմնավորի, թե ինչպես է կեղծվել ողջ ընտրական պրոցեսը: Բայց ավելի համոզիչ լինելու համար նա պետք է զուգահեռ անցկացնի 2007 թվականի ԱԺ ընտրությունների հետ: Նախկին պաշտոնյաների մոտ հենց այդ զուգահեռներն են պակասում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031