ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը , այսօր «Սլաք» մամուլի ակումբում, ամփոփելով քաղաքական տարին, նախընտրեց խոսել նախ բացթողումներից, հետո ձեռքբերումներից՝ ասելով՝ «Ձեռքբերումները շատ չեն»:
Ըստ «Դաշնակցության» ղեկավարի, երկրի սոցիալ-տնտեսական վիճակն անցնող տարում մնաց խարխուլ եւ շատ խոցելի, աղքատության մակարդակը խայտառակ աստիճանի է հասել եւ ամեն 5-րդ մարդն աղքատ է, նրանցից կես էլ՝ խիստ աղքատ:
Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ Վ. Հովհաննիսյանը նշեց, որ հայ-թուրքական հարաբերություններում հայ-թուրքական արձանագրությունները չվավերացվելու, սահմանը չբացվելու եւ Հայաստանի՝ մինչեւ հիմա իր ստորագրությունը ետ չվերցրելու փաստը արտաքին քաղաքական ասպարեզում Հայաստանի դիրքերի վրա բավականին բացասական ազդեցություն է ունենում:
Կարդացեք նաև
Քաղաքական ուժերի համագործակցությունը բանախոսն առաջիկայում չի բացառում, այդ թվում նաեւ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը: Թե որքանով են կողմերի մղումներն անկեղծ, Վ. Հովհաննիսյանի դիտարկմամբ, քննարկման առանձին թեմա է: Խոսելով ՀԱԿ-ի առաջարկած միասնական պլատֆորմի մասին՝ նա նշեց, որ իր տպավորությամբ, ՀԱԿ-ի բոլոր, հատկապես վերջին ժամանակաշրջանի նախաձեռնություններն ավելի շատ տպավորություն թողնելու, քան ռեալ արդյունքի վրա են հիմնված: «Մեկուկես տարի առաջ Դաշնակցությունը եւ «Ժառանգությունը» միավորեցին ուժերը, սկսեցին պայքար՝ նոր Ընտրական օրենսգրքի համար: Ստեփան Սաֆարյանի հետ նամակ գրեցինք Վենետիկի հանձնաժողով, որտեղ մեր բոլոր առաջարկությունները կային: Ձեր աչքի առաջ շաբաթներ շարունակ Ազգային ժողովում կռվեցինք, ինչ-որ հաջողություններ արձանագրեցինք: Այդ ամբողջ պայքարի ընթացքում ՀԱԿ-ը հեգնանքով, ծաղրանքով չէր միանում: Հիմա երբ իսկապես դժվար է այդպիսի պայքար բարձրացնել, կարծում եմ, որ սեփական դիրքը ամրապնդելու փորձ է»,- ասաց նա:
Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ