Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանը նամակ է գրել Սարկոզիին

Դեկտեմբեր 17,2011 10:44

Դեկտեմբերի 22-ին ընդառաջ, երբ Ֆրանսիայի Սենատում նախատեսվում է քննարկել եւ քվեարկել Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը, Թուրքիան անցել է արդեն հոխորտանքներին ու սպառնալիքներին` կրկնելով բոլոր այն քայլերը, որ հաճախ թուրքական իշխանություններն իրականացնում են յուրաքանչյուր դեպքում, երբ որեւէ երկրում շրջանառության մեջ է դրվում Հայոց ցեղասպանությանն առնչվող որեւէ նշանակալի նախագիծ` լինի ճանաչում, ընդունում, դատապարտում, թե ուղղակի հիշատակ:

«Ազգն» արդեն տեղեկացրել է, որ Թուրքիան սպառնացել է իր դեսպանին հետ կանչել Փարիզից` «խորհրդակցությունների», եթե Ֆրանսիայի Սենատն ընդունի այդ օրինագիծը, շեշտադրմամբ, թե օրինագծին արդեն օրենքի ուժ տալը «մեծապես կվնասի» թուրք-ֆրանսիական հարաբերությունները այնպես, կարծես դրանք լավագույն ավանդույթների ու բարիդրացիության օրինակ են: Ամեն դեպքում, սպառնալիքը բավարար չէր, Թուրքիայի ազգային մեծ ժողովի պատվիրակությունն էլ այս կիրակի արդեն կլինի Փարիզում` «բանաձեւի ընդունումը կանխելու» առաքելությամբ:

Երեկ էլ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանն է նամակով դիմել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին` զգուշացնելով, որ Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքի անցկացումը «ծանր հետեւանքներ» կունենա: Մոռանալով, թե ինչ «գեղեցիկ խոսքերով ու խորհուրդներով» էր Ֆրանսիայի նախագահին պիտակել հենց ինքը` Էրդողանը, նա, թուրքական էլեկտրոնային կայքէջերի փոխանցմամբ, Սարկոզիին կոչ է արել կանխարգելել օրինագծի ընդունումը, այլապես հենց Ֆրանսիան պետք է պատասխանատու լինի ֆրանս-թուրքական հարաբերություններում «ծանր հետեւանքների» համար:

Էրդողանը` Սարկոզիի հայաստանյան հայտարարությունների ֆոնին զուտ ձեւական ներկայացող նամակում հիշեցրել է, որ 2006-ին էլ նմանօրինակ նախագիծ հաստատվեց ֆրանսիական Ազգային ժողովի խողմից, բայց չհասցվեց Սենատ:

Նշելով, թե Ֆրանսիայի ներկայիս քայլերը «ապշեցրել են» Թուրքիային, Էրդողանն իր ուղերձում տեղեկացրել է, որ Թուրքիան մեծ ուշադրությամբ է հետեւում օրինագծին առնչվող ջանքերին: «Այս նախագիծն ուղղակիորեն նշանակետում ունի Թուրքիայի հանրապետության պետությանը, թուրք ժողովրդին եւ Ֆրանսիայում թուրք համայնքին ու դիտարկվում է որպես թշնամանք…», նամակում նշել է Թուրքիայի վարչապետը:

Ֆրանսիայի Սենատում օրինագծի ընդունումը դիտարկելով որպես Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին որեւէ կերպ չնպաստող` Էրդողանը ավելացնում է. «Այդպիսի քայլերը խոչընդոտ են հարուցում ճշմարտությունը բացահայտելու համար», գրել է Էրդողանն ու կարծիք հայտնել, թե թուրք-ֆրանսիական հարաբերությունները չպետք է կախված լինեն երրորդ կողմից:

Տվյալ դեպքում Թուրքիայի վարչապետը նեղմիտ մոտեցում է ցուցաբերում, քանի որ ճիշտ նույն տրամաբանությամբՙ հայ-ֆրանսիական հարաբերությունները չպետք է կախված լինեն երրորդ կողմից` Թուրքիայից:

«ԱԶԳ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031