Մոտենում է Ամանորը. մի շարք համալսարաններում իրենց ուրույն տեղն են գտել զարդարված տոնածառները: Չնայած ֆակուլտետներում առկա գեղեցիկ ու տրամադրություն հաղորդող տոնածառներին` ուսանողները այնքան էլ ոգևորված չեն: «Այս տարի ժամանակը չի բավականացնուն, նույնիսկ, մտածել Ամանորին պատրաստվելու համար: Տրամադրությունս այնքան էլ լավ չէ, չեմ զգում Նոր Տարվա շունչն առավել ևս ուսումնական հաստատությունում» ,- ասում է Մանկավարժական համալսարանի 3-րդ կուրսի ուսանողուհի Աննա Բադալյանը: Խոստովանում է` ֆակուլտետում տոնածառը մեկ շաբաթ է` ինչ տեղադրված է, բայց այնքան տարված է եղել քննություններով, որ միայն երեկ է նկատել այն:
Հայ-ռուս սլավոնական համալսարանի ուսանողուհի Անահիտ Խաչատրյանն առանձնապես չի նախապատրաստվում Ամանորին. աշխատում և մոդուլների է պատրաստվում: «Աշխատավայրը արդեն զարդարել ենք, իսկ համալսարանում էլ մոդուլային տրամադրություն է»,- ասում է նա:
Ճարտարագիտական համալսարանի ուսանող Արսեն Քիշմիրյանի խոսքերով, իրենց ֆակուլտետում դեռևս տոնածառ չի տեղադրվել: «Ամանորն այնքան էլ չեմ սիրում, իսկ իմ տրամադրությունն ինստիտուտում միշտ էլ տոնական է, անկախ նրանից տոնածառ կա, թե` ոչ» : Սովորում է Ռադիոտեխնիկայի և կապի ֆակուլտետում:
ՀՊՄՀ-ի Կուլտուրայի ֆակուլտետի մի քանի ուսանողներ էլ պտտվում էին տոնածառի շուրջն ու լուսանկարվում: Ուսանողներից մեկի խոսքերով էլ, տոնածառն իրենց մանկությունն է հիշեցրել.«Չնայած քննական այս ծանր շրջանին մի քանի րոպեով ինձ մանուկ զգացի: Կցանկանայի նույնիսկ ներկա գտնվել տոնածառը զարդարելու այդ գեղեցիկ արարաողակարգին, բայց կարծես թե ուշացել եմ»: Իսկ ընկերուհին կողքից ավելացնում է.«Միայն չեմ հասկանում, թե ինչու են այս նապաստակի դիմակները դրված տոնածառի վրա: Իմաստ չեմ տեսնում. չէ° որ 2012-ը Վիշապի տարի է» :
Քրիստինա Միրզոյան