Ուրախ Նոր տարին անհնար է պատկերացնել առանց տոնածառի, և որքան անսպասելի ու օրիգինալ, այնքան ավելի լավ: Այս ամենի համար, իհարկե, կարևոր է նաև գրպանի պարունակությունը: «Առավոտ երիտասարդականը» անցկացրեց փոքրիկ էքսկուրս երևանյան խանութներում` ծանոթանալու տոնածառի և զարդեղենի գներին: Նույն ապրանքը տարբեր խանութներում տարբեր գների էին: Ըստ վաճառողների, դա պայմանվորված է արտերկրից ներմուծելու հետ: Արհեստական տոնածառի գինը սկսվում էր 55.000 դրամից: Ամենաթանկ տոնածառը, տեսանք 135.000 դրամ էր: Մեր էքսկուրսի ժամանակ այդպես էլ բնական տոնածառի չհանդիպեցինք: Վաճառողներից տեղեկացանք, որ արհեստական տոնածառը, ի տարբերություն բնականի, ավելի շահավետ է. «Բնական տոնածառ ծախելու համար մենակ տեղի փող շատ-շատ պիտի տամ, չհաշված լիցենզիան»:
Զարդեղենի գինը տատանվում էր` 50 -3500 դրամ: «Առավոտ երիտասարդականի» մոտավոր հաշվարկներով` բնակչությանը միայն տոնածառի և նրա զարդարման համար անհրածեշտ է 70.000 դրամ:
Մեզ հետքարքրեց նաև, թե ինչպես են երևանցիները զարդարելու իրենց տոնածառները:
«Հենց հիմա այ այդ գործով եմ զբաղված: Կնոջս հետ խաղալիքները արդեն գնել ենք, հիմա էլ գնում ենք տոնածառը ընտրելու»,-ասում է Նարեկը: Նա մոտավորապես 80.000 դրամ է նախատեսել տոնածառին և զարդեղենին: Հանդիպեցին մարդկանց, ովքեր իրենց տոնածառը զարդարելու են այնպես, ինչպես անցյալ տարի. «Նույն ձև: Շատ քիչ փոփոխություն պիտի անենք»,- ասում էին նրանք:
Արամ Արարատյան