«Միակ տարբերությունը բանակի եւ բանտի միջեւ, մամա ջան, այն է, որ բանտում հսկիչի ուղեկցությամբ ես տարածքում շրջում, իսկ բանակում` առանց հսկիչի: Մնացած ամեն ինչով դրանք նույն բանն են` նույն գողական օրենքները, նույն պատկերացումները «Ճշտի» մասին: Եվ եթե դու «պատրաստված» չես գնում բանակ, չգիտես էդ գողական օրենքները` իմացիր, որ վերջդ եկել է»,- սա ընկերուհուս որդու խոսքերն են: Նա այսպես էր ամեն անգամ պատասխանում մորը, երբ վերջինս առաջարկում էր ինչ-որ տեղ բողոքել, ինչ-որ բան անել` իմանալով որդու կամ նրա բանակային ընկերների հետ կատարված հերթական «ոչ կանոնադրական հարաբերությունների» մասին:
Ամոթ է խոստովանելը, բայց ես էգոիստաբար երջանիկ եմ, որ որդի չունեմ: Ես չէի կարող դիմանալ, չբողոքել, չաղմկել, եթե հանկարծ որդուս հետ «ոչ կանոնադրական հարաբերվեին»: Իսկ դա` իմ աղմկելը, կարող էր հանգեցնել նրան, որ որդուս այլեւս չտեսնեի: Երբե՜ք…
Այս գողական օրենքների պատճառով բանակում ոչինչ չի փոխվում: «Գործ տվողը»` ինչպես բանտում, այնպես էլ բանակում, պատժվում է այդ գողական օրենքների ողջ խստությամբ: Եվ այդ` անգամ կյանքի գնով «գործ չտալու» արդյունքում մենք շատ քիչ մասն ենք իմանում այն ամենի, ինչ կատարվում է ներսում: Իսկ ներսում «օրենքները» շատ խիստ են: «Օրենքները» շրջանցողները դատապարտված են:
Տղաները մեկը մյուսից տեղեկանում են, «պատրաստվում են» բանակի կյանքին, ծանոթանում են «ճշտին», որ հանկարծ պատահմամբ «չսայթաքեն»: Նրանց արդեն զորացրված ընկերները նախապես տեղեկացնում են, թե ինչ չի կարելի անել ոչ մի դեպքում, եւ ինչ կարող է պատահել, եթե հանկարծ շեղվեն «ճշտից»:
Կարդացեք նաև
Եթե լողանում ես ընդհանուր բաղնիքում, եւ հանկարծ ձեռքիցդ պատաբար օճառն ընկնի` մտքովդ չանցնի կռանաս` վերցնես: Դա կլինի քո վերջին լողանալը: Չգիտեմ, թե ինչ պատիժ է սպասվում միամիտներին կամ պահի տակ` կանոնը մոռացողին, սակայն, որ շատ դաժան պատիժ է` պնդում են բոլոր բանակ գնացած-եկածները:
Եթե որեւէ մեկը` այդ թվում ամենաբարձր հրամանատարը, քեզ «մեր է քրֆում», դու պետք է նույն «քֆուրը» հակադարձես: Չհակադարձեցի՞ր` վերջ: Քեզ այն օրը կհասցնեն բոլորը` եւ զինակից ընկերներդ (այլընտրանք չունեն` «մոր քֆուրը կուլ տվողին» չհալածողը ինքն էլ է ընկնում էդ քֆուրի տակ) եւ հրամանատարներդ, որ Աստված չանի` մի օր ձեռքդ զենք ընկնի…
Եթե դու քնում ես երկհարկանի մահճակալի ներքեւի հատվածում, իսկ ի դժբախտություն քեզ, վերեւում քնածը գիշերամիզությամբ է տառապում, ապա բավական է, որ թեկուզ մի հոգի նկատի կամ իմանա, թե ինչ է պատահել գիշերը: «Ավելի լավ է մեռնենք, քան տենց բան լինի, Մելան տոտա, էդ վերջն ա, էդ նշանակում ա` դու չկաս»,-բացատրեց մյուս ընկերուհուս զորացրված որդին:
Եթե դու մի անգամ թեկուզ պատահմամբ ավելը վերցրեցիր ձեռքդ, կամ որ ավելի վատ է` համաձայնվեցիր զուգարան մաքրել, ապա երկու տարի շարունակ միայն դու ես ավլելու, դու ես զուգարան մաքրելու, դու ես բոլորի փոխարեն հերթապահելու, իսկ դա նշանակում է ոչ միայն ամենօրյա աշխատանք, այլեւ` այդ «ստորացուցիչ» աշխատանքը կատարելու համար` հավելյալ ստորացումներ:
Եթե… եթե…եթե…
Մինչեւ ե՞րբ: Մի՞թե չի լինելու այն հրամանը, այն օրը, այն մարդը, այն նախարարը, այն նախագահը, այն քաղաքական կամքը, որ այս ամենը միանգամից եւ ընդմիշտ արմատախիլ արվի բանակից: Չէ՞ որ այդ երեխաները` խեղելով իրենց մտածելակերպը, իրենց աշխարհընկալումը այդ այլանդակ օրենքների ներքո, հետո վերադառնում են նորմալ կյանք եւ շատ երկար ժամանակ է պահանջվում, որպեսզի նրանք մոռանան այդ «ճշտի» օրենքները, վերականգնեն իրենց նախկին արժեհամակարգը: Շատ հաճախ դա չի էլ ստացվում:
Հ.Գ. – Ընկերուհուս որդին մի անգամ պատահմամբ խախտել էր «ճշտի» օրենքները: Զորամասում այնքան անտանելի էր դարձել դրանից հետո նրա կյանքը, որ մայրը մի քանի անգամ առաջարկել էր որդուն` փոխել զորամասը, ընդհուպ մինչեւ առաջարկել էր` բալես, արի խնդրենք, թող քեզ տեղափոխեն Ղարաբաղ, թեկուզ «Եղնիկներ», որ ազատվես էդ ստորացումներից, տղան ասել էր` ի՞նչ ես խոսում, մամ, ես դեռ չհասած Ղարաբաղ, «քսիֆը» ինձնից շուտ տեղ կհասնի, եւ էնտեղ ինձ արդեն ուղղակի օրուարեւ չեն տա: