Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սպառողին կոկոսի յուղով ու կաթի փոշիով խաբել են

Դեկտեմբեր 16,2011 18:25

Այսօր «Աշտարակ-կաթ», «Անի-կաթ» եւ «Դուստր –Մարիաննա» ընկերությունները տուգանվեցին տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կողմից՝ կաթնամթերքում արգելված հավելանյութ օգտագործելու եւ սխալ մակնշման համար:

ՏՄՊՊՀ-ն այս 3 ընկերությունների համար սահմանեց, ինչպես հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն ասաց՝ առավելագույն պատիժ՝ տարեկան հասույթի 1%-ի չափով: Ըստ այդմ՝ «Աշտարակ-կաթը» տուգանվեց 50 միլիոն, «Դուստր-Մարիաննան»՝ 20 միլիոն, «Անի-կաթն» էլ՝ 5 միլիոն դրամով:

Հանձնաժողովի ներկայացմամբ՝ այս ընկերություններն իրենց կաթնամթերքում օգտագործել են կոկոսի յուղ, ինչը մասնագետների հավաստմամբ՝ կարող է լուրջ վնաս հասցնել մարդու առողջությանը: Բացի այդ, ապրանքների տուփերի վրա եղած մակնշումները խեղաթյուրված են ներկայացված. օրինակ՝ կաթնամթերքում յուղայնության՝ կարագի քանակը տուփի վրա գրվածից պակաս է եղել, «Աշտարակ-կաթը» որոշ խմբաքանակում  կամ չի մակնշել, որ արտադրանքում առկա է կաթի փոշի, կամ էլ՝ որոշ ապրանքատեսակների վրա դրա քանակը սխալ է ներկայացրել: «Աշտարակ-կաթի» ներկայացուցիչը ՏՄՊՊՀ նիստի ժամանակ հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ, քանի դեռ ընկերությունում չեն ծանոթացել բոլոր մանրամասներին:

Ինչ վերաբերում է «Դուստր-Մարիաննա» ընկերությանը, ապա հանձնաժողովի մեղադրանքներին համաձայնվել-չհամաձայնվելու համար ժամանակ խնդրեց, ինչը մերժվեց հանձնաժողովի կողմից: Ընկերության ներկայացուցիչը չհերքեց, որ իրենք կաթի փոշի են օգտագործել, բայց նաեւ հավելեց, որ իրենք թթվասերի մեջ կոկոսի յուղ չեն օգտագործել, ինչպես պնդում է հանձնաժողովը. «Բուսական յուղ այո՝ օգտագործել ենք: Հարցեր կան, որ քննարկման ենթակա են: Մեր լաբորատորիան էլ հավատարմագրված է, եւ այնպես չէ, որ մենք պատահական մթերք ենք արտադրում»:

«Անի-կաթ» ընկերության ներկայացուցիչներն էլ հանձնաժողովի մեղադրանքների հետ մասամբ համաձայն չէին: Նրանք վստահեցրին, որ կոկոսի յուղ ներմուծել են եւ օգտագործել ոչ այն արտադրանքների մեջ, որը որ մատնանշում է հանձնաժողովը: Ինչ վերաբերում է այս արտադրանքում կաթի փոշու առկայությանն ու դրա մասին սպառողին չիրազեկելուն, ապա ընկերության ներկայացուցիչներն արդարացան, որ մեծ քանակությամբ դատարկ տուփեր են եղել, որոնց վրա կաթի փոշու մակնշում չի եղել, իսկ երբ իրենք սկսել են կաթի փոշով կաթնամթերք արտադրել, ի վիճակի չէին նոր տուփեր պատվիրել, ուստի գյուղնախարարությունից թույլտվություն են ստացել այդպես աշխատելու համար: «Անի-կաթի» ներկայացուցիչը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ հանձնաժողովի որոշումը վիճարկելու է դատական կարգով:

Նելլի Բաբայան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031