Նոյեմբերի 21-ից մեկնարկել է ՀՀ կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության ու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կազմակերպած Հայ կոմպոզիտորական արվեստի ամենամյա փառատոնը՝ «Բաբաջանյան-ֆեստը», որն այս տարի նվիրված է մեծանուն կոմպոզիտորի ծննդյան 90-ամյակին:
Այսօր հրավիրված ասուլիսում, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հիշեցրեց, որ փառատոնի շրջանակներում «Առնո Բաբաջանյան» եւ «Արամ Խաչատրյան» համերգասրահներում կայացել է 5 համերգ՝ ծրագրում ոչ միայն Առնո Բաբաջանյանի, այլեւ հայ կոմպոզիտորական դպրոցի անվանի ներկայացուցիչների (Էդուարդ Սադոյան, Վլադիլեն Բալյան, Մելիք Մավիսակալյան, Ռուբեն Սարգսյան, Երվանդ Երկանյան եւ այլք) սիմֆոնիկ եւ կամերային գործեր, բաբաջանյանական հանրահայտ ստեղծագործություններ (ՙՀերոսական բալլադ», «Թավջութակի կոնցերտ», «Արիա-վոկալիզ» եւ այլն)՝ ճանաչված ու երիտասարդ երաժիշտների (դաշնակահարներ Արմեն Բաբախանյան, Հովհաննես Մանուկյան, թավջութակահար Արամ Թալալյան, երգչուհիներ Սյուզաննա Մելքոնյան, Սիրանույշ Գասպարյան, ջութակահար Ստեփան Խալաթյան, դաշնակահար Լիլիթ Զաքարյան եւ այլք) մասնակցությամբ: Կայացած երեկոներին մասնակցել են նաեւ Մենակատարների անսամբլը՝ Զավեն Վարդանյանի , Հայաստանի պետական կամերային երգչախումբը՝ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ:
Ս. Սմբատյանը հայտնեց, որ փառատոնի փակմանը «Արամ Խաչատրյան» համերգասրահում, դեկտեմբերի 19-ին կհնչեն Բաբաջանյանի ճանաչված երգերը էստրադային հայ երգիչ-երգչուհիների (Հայկո, Սիրուշո, Անդրե, Սոֆի Մխեյան, Էմմի, Անահիտ Սիմոնյան, Մհեր, Էրիկ, Մարատ Հայրապետյան) եւ օպերային բարիտոն Գեւորգ Հակոբյանի մեկնաբանմամբ:
«Շուրջ կես դար ստեղծագործող մեծատաղանդ կոմպոզիտորի գործերը ներկայացել ու կշարունակեն ներկայանալ իբրեւ հայ երաժշտարվեստի բարձրարժեք նմուշներ: Դրանք, անկասկած, իրենց որոշակի ներգործությունն ունեցան ազգային երաժշտարվեստի հետագա զարգացման ու ժանրային հարստացման գործում: Աշխարհով մեկ տարածված նրա երգերը առաջին անգամ պետք է հնչեն սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ»,- նշեց Սերգեյ Սմբատյանը:
Կարդացեք նաև
Ասուլիսին ներկա երգիչներ Էմմին, Հայկոն եւ Մարատ Հայրապետյանը փաստելով, որ կոմպոզիտորի երգերը հնչելու են զուտ սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ՝ չթաքցրին իրենց հուզմունքը, նույնիսկ բարձրաձայնեցին, թե նման նախագծերով պետք է փրկել այսօրվա երգարվեստը:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ