«Միասին» երիտասարդական շարժումն այսօր «Մաքուր եւ կարգապահ երթուղայիններ», «Պահանջում ենք քաղաքակիրթ երթեւեկություն» պաստառներով Երեւանի փողոցներում ֆլեշմոբ անցկացրեց, որի միջոցով ակցիայի մասնակիցները փորձել էին արտացոլել Երևան քաղաքի երթուղային տրանսպորտի ներկայիս վիճակը, եւ մայրաքաղաքի տրանսպորտի պատասխանատու մարմինների ուշադրությունը խնդրի վրա սեւեռել: Ֆլեշմոբի մասնակիցները ռաբիս երաժշտության, վեճերի, ոչ պատշաճ խոսքերի ներքո Ալ. Թամանյանի արձանի մոտից մեկնարկեցին ակցիան եւ անցան Հյուսիսային պողոտայով: Մասնակիցները պատրաստել էին երթուղային տրանսպորտի ստվարաթղթից պատրաստված մակետ, եւ բեմականացման միջոցով ցուցադրում էին երթուղայիններից օգտվող քաղաքացիներին հանդիպող ամենօրյա փորձությունները:
«Մարդիկ երթուղայիններում ստիպված են լինում իրար շալակի նստել եւ պարտադրված են լինում լսել վարորդների ոչ հարիր խոսքը, հայհոյանքները, անճաշակ երաաժշտությունը: Մեր տրանսպորտի վիճակը հետամնաց աֆրիկական պետությանը հատուկ երեւույթ է»- Aravot.am-ին ասաց «Միասին» երիտասարդական շարժման ղեկավար Հակոբ Հակոբյանը:
Կարդացեք նաև
Նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված նամակում ֆլեշմոբի մասնակիցները նշել էին, թե քանի որ գիտեն, որ քաղաքապետը վայելում է կառուցողական գործչի համբավ՝ հույս էին հայտնել, որ նա հարցն անձնական վերահսկողության տակ կառնի եւ լուծում կտա:
Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ