Լրահոս
Օրվա լրահոսը

Բազուկների ուժով հարցեր լուծելն իրոք անընդունելի՞ է ՀՀ նախագահի համար

Դեկտեմբեր 16,2011 16:40

2008-ի ընտրություններից հետո ԱԺ–ին դիմած իր ուղերձում, նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Բոլորս էլ շատ լավ գիտենք, որ մեր իրականության մեջ տեղի են ունենում դեպքեր, երբ առանձին մարդիկ որոշում են հանդես գալ ուժի դիրքերից, որոշում են, որ իրենց կարելի է փողոցում բազուկների ուժով ինչինչ հարցեր լուծել: Հստակ հայտարարում եմ՝ ինձ համար դա հասկանալի չէ, ինձ համար դա անընդունելի է: Ոչ ոք ՀՀում չի կարող իրեն անպատժելի համարել, ոչ ոք ՀՀում չի կարող պետության գործառույթները վերագրել իրեն: Ես բոլորին առաջարկում եմ ձեռնպահ մնալ արմատավորված արատավոր սովորույթներից, որովհետև հետևանքներն իսկապես տեսանելի են լինելու»։

Այսօր Aravot.am-ը ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանից եւ ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանից հետաքրքրվեց` այս տարիների ընթացքում նախագահը կատարե՞լ է իր խոստումը, թե՞ ոչ: Ըստ Լիլիթ Գալստյանի` այդ խոստումը, ինչպես եւ մի շարք խոստումներ չեն իրականացել. «Ընդհանրապես, որ մեր իրականության մեջ բռնություն կա եւ քաղաքական զինանոցից է` չեմ հերքի: Հատկապես Սյունիքի մարզպետի պատմությունը, մարզպետի քաղաքական վարքագծում եւ կենագրության մեջ բռնության հետ առնչվող մի շարք պատմություններ կան, բայց այսպես թե այնպես դրանք կոծկվել են: Եվ շատ հասկանալի է, որ ընդհանրապես խաղի կանոնները մեր իրականության մեջ բոլորովին այլ են: Կարծում եմ, որպես վարչական ռեսուրս` շահեկան է ունենալ այդ մարզպետին` չնայած որ վարքագծով նա վարկաբեկում է իշխանությանը, իրավապահ մարմիններին, որովհետեւ հերթական անգամ կամայական որոշման, վերաբերմունքի արտահայտություն ունենք»:

Իսկ Վարդան Այվազյանը կարծում է, որ 2008-ից մինչ հիմա դրական փոփոխություններ տեղի են ունեցել. «Երեկ ականատես եղա Սիլվա Համբարձումյանի հայտարարությանը, ինքն ասել է, որ ինքն ընդունում է ներողությունը, դրա համար չի փորձում շարունակել: Բավարարվել է տուժող կողմը, իսկ դատախազության կողմից գնահատականը դրանից ավելի չէր կարող լինել, երբ երկկողմանի համաձայնության են եկել: Իհարկե վարքագծի առումով, ճիշտ է, իշխանավորը պետք է դրսեւորեր ավելի համեստ կեցվածք, որովհետեւ բոլորի ուշադրության կենտրոնում է, բայց դա նաեւ չպետք է լինի ճակատագրական: Բայց եթե վերցնում ենք` 2008-ից սկսած, մինչ օրս դրական տեղաշարժ այս հարցում կա, բռնության, մարդ ծեծելու համար շատ բարձր պաշտոնյաներից, սկսած Ներքին գործերի համակարգերից, պատասխանատվության են ենթարկվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031