Այսօր «Հայելի» ակումբում լրագրողները բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանից պարզաբանումներ խնդրեցին Քաջարանի գյուղապետի հրաժարականի եւ գյուղի տարածքը հանրային գերակա շահ ճանաչելով` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին տալու հետ կապված: Պարոն Այվազյանը հայտարարեց եւ 100 տոկոսով երաշխավորեց, որ Քաջարանի գյուղապետի հրաժարականը կապված չէ դրա հետ. «Դրա տակ են կոխում: Դա ուրիշ հարց է: Բա որ միլիոններով փող էին տալիս, ամենաշատ ֆինանսավորում ունեցող համայնքն էր` էդ ինչի՞ էդ ժամանակ հրաժարական չէր տալիս, հը՞: Քաջարանի պղնձամոլիբդենայինը ոչ հորս կողմից է բարեկամ, ոչ էլ՝ մորս կողմից: Համայնքին տված աջակցության գումարը վերջին 10 տարվա ընթացքում եթե միջինը 4-5 միլիոն դոլարը չանցնի` ես վաղը պատրաստ եմ հրաժարական տալու»:
Պարոն Այվազյանն առաջարկեց կշեռքի նժարին դնել ու համեմատել Հայաստանի, ամբողջ աշխարհի երկրորդ նշանակություն ունեցող հանքավայրն ու Քաջարանի գյուղապետին. «Ես 1000 տոկոսով համոզված եմ, որ պղնձամոլիբդենայինը ինչ–որ ճանապարհով փոխհատուցելու է էդ գյուղի հողը, որ արժե 1 դրամ, նա փոխհատուցելու է 100 դրամ: Բողոքի ակցիա են իրականացնում թե չէ՝ պիտի իմանան, որ երբ պետությունը հայրենիքը պաշտպանելու համար մարդ է ուղարկում պատերազմ` մարդ էլ է զոհվում: Առանց փոխհատուցման հնարավոր չի վերցնել»:
Պատգամավորը վստահ է, որ Քաջարանի տարածքները կոմբինատին տալով` բնապահպանական աղետ չի լինի, «քանի որ ՀՀ–ում արգելված է ցանկացած գործողություն, որ կարող է բերել բնապահպանական նորմերի խախտմանը»:
Հարցին ի պատասխան` պարո’ն Այվազյան, դուք կարո՞ղ է ուրիշ Հայաստանում եք ապրում` նա վստահեցրեց. «Ապրում եմ կոնկրետ էս Հայաստանում, եւ շատ ավելի լավ գիտեմ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ