Սյունիքի մարզի Սիսիանի անտառտնտեսության աշխատակիցները երեկ իրենց հսկողության տակ գտնվող տարածքում արձանագրել են ծառահատման դեպք: Սիսիանի անտառտնտեսության պետ Արկադի Արշակյանի փոխանցմամբ, սոճիների 200 ճյուղ եւ 3 հատ գագաթ են կտրել: Անտառապահները դեպքն արձանագրել են հենց տեղում, սակայն ծառերը հատողները նշել են, որ իրենք Սիսիան քաղաքի գլխավոր տոնածառի համար են կտրում եւ ունեն համապատասխան թույլտվություն:
Արկադի Արշակյանն ասաց, որ իրենք թույլտվությունը չեն տեսել ու եթե այդպիսի բան լիներ՝ անպայման տեղյակ կլինեին: «Մեզ այդ մասին ոչ մեկը տեղյակ չէր պահել: Եթե նման բան լիներ մենք նախապես կիմանայինք: Բայց այս պահին դժվարանում եմ ասել, դա ապօրինի ծառահատո՞ւմ էր, թե՞ ոչ: Սպասում ենք, եթե հրամանի պատճենը տեսնենք ու համոզվենք, ապա անտառխախտման դեպք չենք համարի: Եղեւնիների հատման համար իրենք վերեւից են թույլտվություն ստանում, մենք ընդամենը մասնաճյուղ ենք: Դրա համար էլ սպասում ենք «Հայանտառից» համապատասխան հրամանի պատճենին», – ասում է պարոն Արշակյանը:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառների հաշվառման եւ անտառօգտագործման բաժնի պետ Հովիկ Սահակյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ իրենք ոչ մեկին չեն տվել ծառ հատելու թույլտվություն: Գրավոր դիմումներ ստացել են ոչ միայն Սիսիանից, այլ նաեւ Մասիս, Գյումրի եւ այլ քաղաքներից, սակայն բոլորին էլ պատասխանել են, որ հնարավոր չէ:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ