Այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը բանավիճում էր ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանի հետ: Վերջինիս այն համոզմանը, որ երկրում սոցիալական բեւեռվածություն, արտագաղթ կա, յուրաքանչյուր 3-րդ մարդն աղքատ է, որ նվազագույն սոցիալական զամբյուղը 60 հազար դրամ է եւ իշխանություններն էլ այս ֆոնի վրա բարոյական ճգնաժամ են ապրում` Վարդան Այվազյանը հակադարձեց. «2011-ին մենք բյուջեն կատարել ենք ու գերակատարել ենք, ինչ ցուցանիշներ որ դրված է եղել մեր առջեւ` բոլորը կատարել ենք: Նույնը անելու ենք 2012-ին, հիմա կուզեն` կընդունեն, կուզեն` չեն ընդունի: 2011-ին պետական բյուջեի եկամտային մասն ապահովել ենք, ՀՆԱ–ի համապատասխան աճը կա, հիմա էլ ասում են` ինչի միանգամից չեք կարողանում էնպես անել, որ մարդը 10 հազար դոլար ռոճիկ ստանա` չենք կարողանում` չենք անում: Խո ուզելով չի՞: Չունենք` չենք տալիս, տալիս ենք էնքան, ինչքան կարողանում ենք: Մենք չենք ասում, որ վիճակը վատ չի` սոցիալական խնդիր չկա, բայց ժողովուրդը գնում է արտասահման եւ գումար է ուղարկում»:
Հաշվի առնելով, որ պարոն Այվազյանն արտագաղթը նույնիսկ դիտարկում էր որպես դրական երեւույթ` Լիլիթ Գալստյանն իր գործընկերոջը հիշեցրեց, որ Չինաստանում չի ապրում. «Եթե մենք ունենայինք միլիարդանոց Չինաստան` կարելի էր այդպես խոսել, բայց մենք մեռնող ազգերի թվին եք պատկանում, ամեն մարդու կորուստը սահմանի կորուստ է»:
Aravot.am-ի խնդրանքով անդրադառնալով կառավարության երեկվա որոշմանը՝ անապահովներին 3 շիշ ձեթ տրամադրելու վերաբերյալ, Լիլիթ Գալստյանը պատասխանեց,որ դա ուղղակի ծիծաղելի էր ու ողբերգական. «Բարերարները, երբ անում են նման բան` գերադասում են, որ անուններ չշոշափվի, եւ իջեցնել դա կառավարության նիստի մակարդակ` ուղղակի ծիծաղելի է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ