Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, կրակոց է հնչել Նուբարաշեն վարչական շրջանում: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի աշխատակիցները օպերատիվ տեղեկություն են ստացել, որ երեկ ժամը 15.30-ի սահմաններում Նուբարաշեն 11-րդ փողոցի 6-րդ շենքի բակում վիճաբանություն է տեղի ունեցել և հնչել է կրակոց:
Ոստիկանների ձեռնարկված օպերատիվ աշխատանքի արդյունքում պարզվել է, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Նուբարաշեն 11 փողոցի 5-րդ շենքի բնակից 26-ամյա Էդվարդ Դավթյանի և Նուբարաշեն 11 փողոցի 6-րդ շենքի բնակիչ 29-ամյա Արգամ Նահապետյանի միջև: Վիճաբանության ժամանակ Ա. Նահապետյանի դեմքին հարվածել է Է. Դավթյանը, որից հետո իր մոտ եղած «Մակարով» տեսակի 4,5 մմ տրամաչափի օդամղիչ ատրճանակով կրակել է Ա. Նահապետյանի ոտքին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հայտնաբերվել է նաև ատրճանակը: Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Նուբարաշենցիները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին վստահություն են հայտնել, որ կրակողն այս անգամ կպատժվի ու նրան չի փրկի նույնիսկ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում, որպես հատկապես կարևոր գործերով քննիչ աշխատող իր բարեկամ Երեմ Մովսիսյանը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի