Լրահոս
Օրվա լրահոսը

Կենսաթոշակառուներին խոստացան անհոգ ծերություն (Տեսանյութ)

Դեկտեմբեր 16,2011 14:39

Տիկին Անժելան 53 տարեկան է, 10 տարի հետո նա անցնելու է կենսաթոշակի, սակայն տիկինը ոչ մի պատկերացում չունի, թե կենսաթոշակային բարեփոխումներն իրենցից ինչ են ներկայացնում: «Լսել եմ, որ նոր կարգով ենք թոշակ ստանալու, բայց թե դա ինչ առավելություն կտա էս աղքատ երկրի թոշակառուներին, որոնք առանց այդ էլ երկու կոպեկ թոշակ են ստանում՝ չեմ կարող ասել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Անժելա Կարապետյանը, որը  մոտ 30 տարի աշխատել է կարի ֆաբրիկայում: Նա այդպես էլ չի հասկացել, թե այդ 30 տարվա աշխատանքի ընթացքում իր՝ պետությանը վճարած հարկ ու տուրքերը, կենսաթոշակային այս նոր բարեփոխումներով, ինչպե՞ս են իրեն որպես թոշակ փոխհատուցվելու: Aravot.am-ի կատարած փոքրիկ հարցումների արդյունքում պարզ դարձավ, որ մարդիկ գրեթե տեղեկացված չեն բարեփոխումների մասին: 

Մոտ 6-7 տարի է՝ ՀՀ կառավարությունը նախաձեռնել է կենսաթոշակային բարեփոխումներ: Եվ եթե այդ բարեփոխումներն իրականան, ապա մոտ ապագայում ՀՀ քաղաքացիներին սպասվում է անհոգ ծերություն: Այսօր «Արմենա Մարիոթ» հյուրանոցում  կազմակերպված «Առաջին կենսաթոշակային տարեկան համաժողով»-ի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու սոցիալական ոլորտի այլ պատասխանատուներ ներկայացրին, թե այս տարիների ընթացքում ինչպիսի հիմքեր են դրել, որ հետագայում էլ թոշակառուների ցուցակներում չհայտնվեն մեռած հոգիներ կամ նույն մարդը մի քանի տեղից թոշակ չստանա:

Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ բազմաստիճան կենսաթոշակային համակարգը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ կառավարել ռիսկերը՝ խոստանալով, որ պետությունը կկանգնի որպես երաշխավոր քաղաքացիների՝ թոշակի համար ներդրած գումարներին: Ըստ վարչապետի, նոր համակարգին անցնելուց հետո մարդկանց կատարած սոցվճարներն ի պահ են տրվելու ֆոնդի կառավարչի մոտ, որին ընտրելու է ոչ թե գործատուն, այլ քաղաքացին, որից հետո էլ կառավարիչն ինքն է որոշելու՝ որտեղ ներդնել այդ գումարները, որպեսզի եկամուտ ստանա: Ստացված եկամուտից որոշ տոկոսներ բաժին է հասնելու նաեւ քաղաքացուն. «Քաղաքացին կարող է այդ ողջ ընթացքում էլեկտրոնային տարբերակով հետեւել, թե կառավարիչն ինչպես է տնօրինում իր գումարները»:

Նշենք, որ այս ողջ գործընթացը վերահսկելու է Կենտրոնական բանկը եւ եթե տեսնի, որ այս կամ այն ֆոնդի կառավարիչը չի կարողանում արդյունավետ տնօրինել մարդկանց գումարները՝ լիցենզիայից կզրկի: Քաղաքացու գումարները չեն կորչում, այլ ամբողջությամբ տեղափոխվում են մեկ այլ կառավարչի մոտ: Ինչ վերաբերում է գումարներն «առնել-թռնելուն», ապա այս ծրագրի պատասխանատուները վստահեցրին, որ նման բան չի կարող լինել, քանի որ երաշխավորը պետությունն է:

2014 թվականից կներդրվի պարտադիր կուտակայինը: Իսկ կամավոր կենսաթոշակային համակարգն արդեն գործում է: Նշենք, որ բարեփոխված ծրագրում էլ, ինչպես այժմ, կենսաթոշակառու դառնալու շեմը 63 տարեկանն է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031