Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ փորձագետ Սերժ Ռեգուր. Կան «վարձու» լրագրողներ

Դեկտեմբեր 16,2011 14:26

Այսօր Հայաստանում Ֆրանսիական համալսարանում ԵՄ աջակցությամբ տեղի ունեցավ «Զանգվածային լրատվամիջոցները եւ խոսքի ազատությունը. մասնագիտական պատասխանատվության եւ իրականության միջեւ» խորագրով համաժողով:

Լսատեսողական հաղորդակցության իրավունքի ինստիտուտի տնօրեն եւ Թուլուզ 1 Կապիտոլ համալսարանի դասախոս, ԵՄ փորձագետ Սերժ Ռեգուրն անդրադարձավ լրագրողներին հանդիպող դժվարություններին` նշելով, որ մեր երկրներում երկու սահմանափակում կա` կառավարությունների կողմից սկզբնաղբյուրների պահպանում եւ լրագրողների անազատություն. «Կան, այսպես ասած, «վարձու» լրագրողներ եւ ունեն ղեկավարներ, հետեւաբար` նրանց ազատությունը պետք է համապատասխանի գործատուների պահանջներին»: Բանախոսը հավելեց, որ նոր կազմավորվող լրատվամիջոցները, մասնավորապես` համացանցը, հանդիպում են լուրջ դժվարությունների. «Յուրաքանչյուր ոք կարող է համացանցում ցանկացած տեղեկատվություն տարածել, ինչը դժվար վերահսկելի է: Այստեղ առկա է մասնագիտական ազնվության խնդիրը»:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ, ազգային փորձագետ Աշոտ Մելիքյանը նշեց, որ ոչինչ բացարձակ ազատ չի լինում, այդ թվում` խոսքի ազատությունը. «Այն ունի տարբեր մակարդակներ, եւ լրատվամիջոցները պետք է պայքարեն մեր ազատության մակարդակը բարձրացնելու համար»: Ա. Մելիքյանի խոսքերով` ներկայիս դատական գործընթացներն ավելի շատ կապված են քննադատության հանդեպ անհանդուրժողականության հետ. «Երբ դա լինում է մի երկրում, որտեղ անկախ դատական համակարգ չկա, իսկ քաղաքական մշակույթը չի հասել այն մակարդակին, որ քննադատության հանդեպ լինի հանդուրժող, միայն օրենսդրական փոփոխություններով լուրջ հաջողությունների դժվար է հասնել»:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Օննօ Սիմոնսի տեղեկացմամբ`ԵՄ-ն կիրառում է ԶԼՄ-ների բազմակարծության սկզբունքը` համարելով, որ այն մեծ պատասխանատվություն պետք է առաջացնի միջազգային հանրության համար. «ԵՄ-ն աջակցում է օրենսդրական բարեփոխումների ոլորտում Հայաստանի ներդրած ջանքերին` լրագրողների բազմակարծության ամրապնդման հարցում»:

«Զանգվածային լրատվամիջոցները եւ խոսքի ազատությունը. մասնագիտական պատասխանատվության եվ իրականության միջեւ» խորագրով համաժողովը ԵՄ պատվիրակության կողմից ֆինանսավորվող եւ Ֆրանսիական համալսարանի կողմից իրականացվող դասախոսությունների շարքում յոթերորդն է: Նախորդ համաժողովները վերաբերում էին ԵՄ լեզվական քաղաքականությանը, մարդու իրավունքներին եւ ժողովրդավարությանը, Մտավոր սեփականության իրավունքին, Այլընտրանքային լրատվամիջոցներին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031