Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ կայացավ Հոլիվուդյան հայ կինոգործիչների հավաքը, որին ներկա էին հոլիվուդյան հայտնի դերասաններ Մարկո Խանը, Քեն Դավիդյանը, պրոդյուսերներ Վալերի Մըքքեֆրին, Կառլա Կարապետյանը, ռեժիսոր, սցենարիստ Էրիկ Նազարյանը, «Արփա» միջազգային կինոփառատոնի հիմնադիր Սիլվիա Մինասյանը և այլն:
Հանդիպման նպատակն էր ի մի բերել հայկական ծագում ունեցող գործիչների կողմից 2011 թվականի ընթացքում արված աշխատանքը, որը ներառում է անցնող տարվա ընթացքում էկրան բարձրացած ֆիլմերը, հայ սցենարիստների նոր գործերը, ամերիկյան նախագծերին հայ դերասանների մասնակցությունը, միջազգային փառատոններում ունեցած հաջողությունները:
Հավաքի ընթացքում Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը Սիլվիա Մինասյանին հանձնեց ՀՀ Մշակույթի նախարարության մեդալը, որին նա արժանացել է հայկական գետի անվամբ` Հոլիվուդյան չափանիշների միջազգային կինոփառատոն հիմնելու և հայաստանցի սկսնակ կինոգործիչների համար ճանապարհ հարթելու ջանքերի համար:
ԱԳՆ մամուլի հաղորդագրություն