Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգության» հարցապնդումները Քաջարան համայնքում եւ Հայաստանում հանքարդյունաբերության վերաբերյալ

Դեկտեմբեր 16,2011 13:59

Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անհաիտ Բախշյանը եւ խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ՀՀ վարչապետին ու կառավարությանն են դիմել հարցապնդումներով, որոնք վերաբերում են Քաջարան գյուղի համայնքային սեփականություն հանդիսացող հողերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին հանձնելու վերաբերյալ գարնանը կառավարության ընդունած որոշման օրինականությանը, վերջին օրերին Քաջարանի գյուղապետի նկատմամբ կիրառված ճնշումներին, ինչպես նաեւ` Հայաստանում հանքարդյունաբերության խնդիրներին:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված պատգամավոր Անահիտ Բախշյանի նամակում մասնավորապես ասված է.

«Քաջարան գյուղի բնակիչները կտրականապես դեմ են համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին զիջելու մասին այս գարնանը Կառավարության կայացրած որոշմանը, ինչը, նրանց համոզմամբ, առնվազն էկոլոգիական առումով հավասարազոր է գյուղն իսպառ կործանելուն:

 Ըստ «Ընդերքի մասին» ՀՀ օրենքի`  ընդերքը ՀՀ  ժողովրդի սեփականությունն է, եւ Քաջարանի ժողովուրդն իր գյուղապետի գլխավորությամբ համաձայն չէ Կառավարության վերոնշյալ որոշման հետ, որի դեմ ընդվզել է նաեւ գյուղապետը, ում, ըստ մամուլում հրապարակված լուրերի, մարզպետարանում ստիպել են հրաժարական տալ, ով էլ որպես բողոք` որոշել է դուրս գալ  կուսակցությունից:

 Իսկ  իշխանությունը, գյուղապետի նկատմամբ բռնություն կիրառելով, փորձում է կտրել ժողովրդի ձայնը:

 Էլ ի՞նչ կերպ ժողովուրդն արտահայտի իր անհամաձայնությունը` իրեն «խարակիրի՞» անի, որ լսեք:

 Եվ այս ամենը տեղի է ունենում Եվրոպայի ժողովրդական կուսակցության դիտորդ-անդամ անդամագրվելու նախօրեին, որտեղ պետության առաջին դեմքի եւ Ձեր կողմից երաշխիքներ են տրվել հանրային կարծիքը հաշվի առնելու եւ երկրում ժողովրդավարության  անհրաժեշտ պայմաններն ապահովելու համար:

 Թե՞ գարնանը, երբ Կառավարության  վերոնշյալ որոշումն էիք  կայացնում, չունեիք նման պարտավորություն:

 Խնդրում եմ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` 10-օրյա ժամկետում տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե

1.     Կառավարության վերոնշյալ որոշումից առաջ կայացե՞լ են արդյոք հանրային լսումներ,

2.     ե՞րբ, որտե՞ղ են  կայացել այդ լսումները, ովքե՞ր են  մասնակցել  դրանց:

3.     Խնդրում եմ տրամադրել լսումների վերաբերյալ արձանագրություն, որտեղ երեւա տարածաշրջանում բնակվողների կողմից հնչեցրած տեսակետները եւ վերջնական կարծիքը` Քաջարանի համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին զիջելու մասին»:

ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին ուղղված «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի նամակում խնդրվում է տեղեկություն տրամադրել առ այն, թե որքա՞ն են կազմում Հայաստանի Հանրապետության տարածքում հանքերի արդյունահանման նպատակով տրված լիցենզիաների համաձայն հանքերի տարածությունները/մակերեսները` ըստ յուրաքանչյուր հանքի համար տրված լիցենզիայում նշված թվերի:

ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին ուղղված հարցապնդման մեջ պատգամավոր Սաֆարյանը խնդրել է տրամադրել` 1.) Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարեկան ֆինանսական հաշվետվությունները` 2004, 2005, 2006, 2007, 2008, 2009, 2010 թվականների համար, 2.) «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության տարեկան ֆինանսական հաշվետվությունները` 2004, 2005, 2006, 2007, 2008, 2009, 2010 թվականների համար:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի պահանջների համաձայն` կառավարությունը եւ նրան առընթեր ՊԵԿ-ը պետք է 10-օրյա ժամկետում պատասխանեն «Ժառանգության» պատգամավորների նամակներին եւ տրամադրեն ակնկալվող տեղեկատվությունն ու փաստաթղթերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031