Գուշակություններն ընդամենը բիզնեսի միջոց են
Ամանորին սպասելիքների արդարացման, հրաշքների ակնկալիքով ու լավատեսությամբ լցված մարդիկ որքան էլ ասեն, թե չեն հավատում աստղագուշակներին, այնուամենայնիվ, կարդում ու հետեւում են գալիք տարվան վերաբերող կանխատեսումներին. այդ են վկայում այս օրերին թերթի կրպակներում վաճառվող բազմաթիվ ու բազմաբնույթ աստղագուշակների թողարկած գույնզգույն ամսագրերը:
Ամեն մեկն իր յուրահատուկ կանխատեսումներով փորձում է գրավել իր ընթերցողին, բայց մի բան պարզ է, այն, ինչ որոշված է ի վերուստ, ոչ մի աստղագուշակ չի կարող փոխել: Բախտագուշակները հաճախ ասում են, որ ամեն մարդ ինքն է որոշում իր ճակատագիրն ու ցանկացած պարագայում դա հնարավոր է փոխել. պարզապես՝ կամքի ուժ է պետք ունենալ: Հայ առաքելական եկեղեցին մերժում է ամեն տեսակ գուշակությունները՝ համարելով դրանք անհեթեթություն: Չնայած աստղագուշակները կանխատեսում են, առաջարկում, բայց չեն պարտադրում հավատալ դրանց, բայց ամեն դեպքում ապագայի մասին գուշակություններն անիրական են: Ինչ-որ մարդկանց կանխատեսումներ չի կարելի շփոթել մարգարեությունների հետ, հակառակ դեպքում՝ կառավարելի կլիներ մարդու ճակատագիրը, իսկ այդ դեպքում՝ մարդը կենթարկվեր ծրագրավորված համակարգի:
https://ter-hambardzum.do.am կայքում՝ «Աստղաբանություն. գիտությո՞ւն, խաբեբայությո՞ւն, թե՞ բիզնես» քննարկման ժամանակ տեր Ղեւոնդ քահանա Մայիլյանը շեշտել է. «Աստված արարել է լուսատուները մարդուն ծառայելու համար: Մարդը տիեզերքում, գոնե մինչեւ հիմա հայտնի, միակ բանական էակն է, եւ տիեզերքի տիրակալն է մարդը, ոչ թե՝ հակառակը: Գիտական տեսանկյունից էլ աստղագուշակները չեն կարող ճշմարիտ համարվել, քանի որ բոլոր հորոսկոպները սխալ են: Այդ ամենը խաբեբայություն է եւ բիզնես»: Վերոնշյալ կայքում տեր Ղեւոնդը նշել է մի հետաքրքիր փաստ. «Հոլանդական «Դիալոգ-կենտրոնը» 500 ինքնասպան եղած մարդկանց ծննդյան օրերը տրամադրել է լավագույն աստղագուշակությամբ զբաղվող կենտրոններին՝ այդ անձանց ապագան կանխագուշակելու համար: Հինգ հարյուրից ոչ մեկի դեպքում ասղագուշակները ինքնասպանություն չեն կանխատեսել: Այս ամենը չի կարող գիտություն համարվել: Պարզապես այստեղ մենք օկուլտիզմի մեջ ենք ընկնում: Աստղաբանությունը, ինչպեսեւ ալքիմիան, պսեվդոգիտություն է եւ չի կարող ճշմարիտ գիտելիք տալ: Մեզ ամենամոտ աստղը՝ Սիրիուսը, գտնվում է մեզանից 20 լուսատարի հեռավորության վրա: Ինչպե՞ս կարող է այն ազդել մեզ վրա»:
Իսկ ինչ կանխատեսումներ են արել «մասնագետները» գալիք 2012 թվականի՝ վիշապի տարվա համար: Հետեւելով համացանցում լցված ինֆորմացիային՝ բոլորը տարբերվում են իրարից: Եթե մեկի դեպքում այս տարի, օրինակ, ձիու տարում ծնվածներն են երջանիկ լինելու, մյուս աստղագուշակի պարագայում՝ ցուլի տարում ծնվածները. այսքանից հետո հավատալ նրանց կանխատեսումների՞ն, թե՞ ոչ՝ կողմնորոշվեք ինքներդ:
Ներկայացնելով 2012 թվականի համար աստղագուշակներից մեկի ենթադրությունները, նշեմ, որ ամեն դեպքում հումորով վերաբերվեք դրան: Այսպիսով, ըստ կանխատեսումների՝ ցուլի տարում ծնվածները կկայունացնեն կապը ծնողների հետ, վագրի տարում ծնվածները կլուծեն ընտանեկան խնդիրները, «կատուները» ֆինանսական հաջողություններ կունենան, «վիշապների» համար անհոգ ու հաջողակ տարի է սպասվում, «օձերի» դեպքում կշատանան թշնամիները, «ձիերի» համար սիրո, իսկ «այծերի» համար՝ բիզնես ծավալելու դեպքում բարեհաջող տարի կլինի, կապիկի տարում ծնվածների դեպքում անընդհատ ճանապարհորդությունների մեջ կլինեն, «աքաղաղների» համար անհանգիստ տարի կլինի, «շները» ամուսնական կյանքում հաջողություններ կունենան, առնետի տարում ծնվածները՝ երեխաների հետ խնդիրներ:
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ