Հետմրցաշրջանային հանգստի մինչամանորյա հատվածը մեր ֆուտբոլային ակումբների համար սիմվոլիկ հանգստի ու սիմվոլիկ մարզումային է: Բուն նախապատրաստությունը նոր մեկնարկելիք մրցաշրջանին սկսվում է միայն հունվարյան տոներից հետո: Իսկ ինչպե՞ս անել, որ դեկտեմբերն էլ արդյունավետ ու օգտակար անցնի… Այդ հարցի պատասխանը, կարծես թե, գտել են «Շիրակ» ֆուտբոլային ակումբում:
Օրերս թիմի ֆուտբոլիստներն ու մարզիչները հյուրընկալվել էին Շիրակի թեմի առաջնորդ տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանին: Սրբազանը հրավիրել էր ֆուտբոլիստներին՝ ծանոթանալու ու դեկտեմբերի 10-ին նշվող ֆուտբոլի համաշխարհային օրվա կապակցությամբ շնորհավորելու համար:
Ինչպես նշում է ակումբի պաշտոնական կայքէջը, Աջապահյանը հանդիպման ընթացքում հիշել էր իր՝ ֆոտբոլային երկրպագության տարիները: «Ես սկսեցի ֆուտբոլով հետաքրքրվել 1971 թվականին, երբ դեռ ութ տարեկան էի: Եվ այդ ժամանակվանից էլ դարձա «Շիրակի» մոլի երկրպագուն: Մինչեւ 1981 թվականը ոչ մի հանդիպում բաց չեմ թողել: Հիշում եմ՝ այն ժամանակ մեծահասակների համար մուտքը տոմսերով էր, իսկ երեխաներինը՝ առանց տոմսի: Մենք տղաներով գնում էինք մարզադաշտ եւ մեծերին խնդրում՝ մեզ իրենց հետ ներս անցկացնել: Իսկ հետո, երբ արդեն ավելի մեծ էինք, պատերի վրայից էինք մտնում մարզադաշտ (ժպտում է): Հիմա ֆուտբոլով հետաքրքրվել այնքան էլ չի ստացվում, քանի որ, նախ՝ ժամանակը չի ներում, երկրորդն էլ՝ մեր թիմն անկում էր ապրում եւ չէր խաղում Գյումրիում: Սակայն ես այժմ տեղյակ եմ, որ թիմը կրկին վերելքի ճանապարհին է եւ արդեն հաջորդ մրցաշրջանի սկզբից խաղալու է սեփական հարկի տակ: Եվ եթե ինձ հրավիրեք, ապա ես մեծ հաճույքով ներկա կգտնվեմ հանդիպումներին»,- եզրափակել էր տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը՝ չմոռանալով նաեւ շնորհավորել գալիք տոներն ու ցանկանալ հաջողություններ եւ հաղթանակներ:
Սրբազանի հետ հանդիպումից բացի, գյումրեցի ֆուտբոլիստները հանդիպում էին կազմակերպել նաեւ «Թռչունյան տուն» մանկատան երեխաների հետ, այն էլ՝ ոչ թե ուղղակի հանդիպում, այլ՝ ֆուտբոլային: Յուրաքանչյուր փոքրիկ տղայի երազանքն է «իսկական ֆուտբոլիստի» հետ ֆուտբոլ խաղալը: Ուստի, կարելի է ասել, որ մանկատան փոքրիկների երազանքները գոնե մի քիչ իրականացան 2012 թվականի նախաշեմին:
Կարդացեք նաև
14-18 տարեկան երեխաները «Շիրակի» ֆուտբոլիստների հետ միասին կազմեցին չորս խառը թիմեր ու միմյանց միջեւ անցկացրին փոքր մրցաշար, որում հաղթեց ընկերությունն ու նաեւ՝ բարությունը, քանի որ մանկական յուրաքանչյուր ժպիտ բարություն է ծնում:
Տեղեկացնենք նաեւ, որ դեկտեմբերի 17-ին նույն մանկատան սաներին հյուր կգան իրենց սիրելի ֆուտբոլիստներից եւս երկուսը՝ «Շիրակի» սան, այսօր արդեն «Միկայի» ու ազգային հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանն ու ազգային թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Մանկատանը նրանց առաքելությունը բարեգործական կլինի:
ԳԱՅԱՆԵ ՆԱԶԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ