Լրահոս
Օրվա լրահոսը

Ծնողը ոչ թե պետք է բողոքի, այլ գիտելիք պահանջի

Դեկտեմբեր 16,2011 13:52

ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը կարեւորում է նաեւ կրթության էլեկտրոնային բովանդակությունը

 

Բոլոր կառույցները տարեվերջին ի մի են բերում արվածն ու չարվածը: «Առավոտի» խնդրանքով Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արտակ Պողոսյանը ամփոփեց տարին: Նրա խոսքով՝ ԿՏԱԿ-ը ԿԳ նախարարության կողմից պայմանագրով իր վրա դրված պարտավորությունները իրականացրել է ողջ ծավալով: Ա. Պողոսյանը ձեռքբերում է համարում մասնավորապես հեռավար ուսուցման դասընթացի կազմակերպման համար պահանջվող ծրագրի հայերեն թարգմանությունը, սկսնակների եւ ադմինիստրատորների ուսուցումը:

ԿՏԱԿ-ի տնօրենը տեղեկացրեց, որ ամենաուշը 2012 թվականի փետրվար ամիսը հնարավոր կլինի իրականացնել 10-րդ դասարանի աշակերտների խորացված հոսքերի ֆիզիկա, հայոց լեզու, գրականություն, մաթեմատիկա, քիմիա, կենսաբանություն, օտար, ռուսաց լեզու առարկաների հեռավար ուսուցման դասընթացներ:

«Հուրախություն ԿՏԱԿ-ի, նշեմ, որ ուսուցիչների որակավորման տարակարգերի բնութագրիչներում արդեն կետ է մտցվել. երրորդ տարակարգի ուսուցիչների համար պարտադիր է հեռավար ուսուցման մեկ դասընթաց վարելը, իսկ որակավորման 4-րդ տարակարգ ստանալու ակնկալիքներ ունեցողները պետք է 2 հեռավար դասընթաց վարած լինեն, ընդ որում՝ ոչ միայն աշակերտների, այլեւ ուսուցիչների վերապատրաստման հեռվար դասընթացներ կազմակերպեն: Այսիքն, մենք նպատակ ենք դրել, որ ուսուցիչը ոչ միայն փորձ կուտակի, այլեւ այն փոխանցի մասնագետներին»,- նշում է մեր զրուցակիցը: Նա նաեւ հավելում է, որ 944 դպրոց միացված է անխափան գործող ցանցին, դժգոհությունները վերաբերում են ինտերնետի արագությանը: Մեր զրուցակցի ասելով, այդ հարցը կլուծվի 2012-ի հունվարի 1-ից, ու ինտերնետի արագությունը կդառնա 2 մեգաբիթ/վայրկյանում:

Հետաքրքրվեցինք համացանցում ակտիվ ՀՀ դպրոցներով: Պարոն Պողոսյանը փաստեց, որ բացառությամբ երեւանյան հատուկենտ կրթօջախների, որոնց թվում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, 198 դպրոցը, հայկական կրթական միջավայր պորտալի աշխատանքներին ավելի ակտիվ են մասնակցում մարզային դպրոցները: ԿՏԱԿ-ի ղեկավարի ասելով, 2012 թվականին ՀՀ մակարդակով առկա կլինի համադպրոցական լիարժեք ցանց, իսկ ինտերնետ հասանելիության գոտում չգտնվող դպրոցների համար այլ մեխանիզմներ կմտածվեն:

Այս տարի ԿՏԱԿ-ը իրականացրել է նաեւ դպրոցական կայքերի ստեղծման ծրագիր, որին նախորդել է online խորհրդակցությունը, այդ «մասով» դպրոցների ներկայացուցիչների առաջարկությունները: Ճիշտ է, ներկայումս շուրջ 300 դպրոց կայքեր ունեն, բայց դրանք հիմնականում ձեւական բնույթ են կրում եւ համարյա չեն թարմացվում: «Մենք փորձում ենք նոր ծրագրային ապահովմամբ կայքեր ստեղծել եւ շեշտը դնել կրթության online բովանդակության վրա: Մեր դարաշրջանում դա կարեւոր է: Շատ երկրներ վաղուց անցել են ուսուցման ոչ թղթային տարբերակի, որոշներում դասապրոցեսն ամբողջությամբ էլեկտրոնային է. երեխան գալիս է դպրոց, նրան տալիս են Notebook, որտեղ ներբեռնված են բոլոր դասգրքերը, տետրերը: Աշակերտը կարողանում է online ռեժիմով անգամ տանից աշխատել ուսուցչի հետ: Մենք էլ ենք ուզում նման համակարգ ունենալ եւ հեռավար ուսուցման համակարգը, որի ուղղությամբ լուրջ աշխատանքներ ենք տանում, նպատակաուղղված է հենց դրան»,- ասում է Ա. Պողոսյանը: Նա կարծում է, որ առաջիկայում հեռավար ուսուցումը հնարավորություն կտա հեռավոր գյուղերի դպրոցներում, որտեղ մասնագետների պակասի պատճառով մեկ առարկայի ուսուցիչը այլ առակա էլ է պարապում, լուրջ խնդիր լուծել. «Առաջիկայում, օրինակ, Երեւանից ֆիզիկայի լավագույն ուսուցիչը հեռավար դասընթաց կվարի որեւէ գյուղի դպրոցի երեխաների համար: Նրանք կկարողանան գրանցվել, մասնակցել դասընթացին, որակյալ ուսուցում ստանալ, համապատասխան պաշար հավաքել»:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ online ռեժիմով պետական քննություններ հանձնելուն: «Բազմաթիվ երկրներում դա կիրառվում է որպես պետական ռեսուրս: Օրինակ, անցյալ տարի նման փորձ իրականացրել է Վրաստանը՝ միասնական պետական քննություններն անցկացվել են online ռեժիմով, ինչը քննական պրոցեսն ավելի թափանցիկ է դարձնում»,- փաստեց ԿՏԱԿ-ի տնօրենը: Նրա համոզմամբ, ժամանակն է, որ հասարակությունը գիտակցի՝ կարիերան ապահովելու, կյանքը բարեկեցիկ դարձնելու միջոց եւ ճանապարհ է կրթությունը. «Եվ եթե երեխան վատ է սովորում դպրոցում, ու ծնողը փորձ է անում կեղծել նրա գնահատականը, վնասում է սեփական երեխային: Այսօր հատկապես մասնավոր սեկտորը կարեւորում է ոչ թե ձեւական փաստաթուղթը, այլ գիտելիքը: Եթե ԳԹԿ-ի իրականացրած արտաքին գնահատումների արդյունքները ցածր են լինում, ծնողը պետք է ոչ թե բողոքի, թե թեստերը դիտմամբ դժվար են ստեղծել, որ իր երեխան ցածր թվանշան ստանա, այլ բացատրություն եւ որակյալ գիտելիք պահանջի ուսուցչից, պարզի, թե ինչու նրա նշանակած գնահատականը ավելի բարձր է, քան արտաքին գնահատման արդյունքում ստացվածը»: Ա. Պողոսյանը խոսեց նաեւ ԿՏԱԿ-ի շարժական ինտերնետային կայանի մասին, որը տարեկան 20 համայնք է մտնում՝ 15-օրյա ռեժիմով ու իրականացնում ուսուցիչների եւ երեխաների վերապատրաստում ինֆորմատիկա առարկայից: Ըստ ԿՏԱԿ-ի տնօրենի, այս պահին մեքենան գտնվում է Մարտունու տարածաշրջանի բարձրլեռնային Մադինա գյուղում:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031