Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռազմական ոստիկանության միջոցով ճնշում է գործադրվում վկայի վրա»

Դեկտեմբեր 16,2011 13:52

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արտակ Նազարյանի գործով վկայի նկատմամբ պաշտպանության նախարարության պատասխանատվության մասին

2010թ. հուլիսի վերջին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասի մարտական հենակետերից մեկում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով կարեւորագույն վկաներից մեկի՝ Արման Մնացականյանի ծառայության 24 ամիսը լրացել է 2011թ. դեկտեմբերի 4-ին, սակայն առ այսօր նա չի զորացրվել:

Արման Մնացականյանը Արտակ Նազարյանի սպանությունից հետո տեղափոխվել է Բերդ քաղաքի Ռազմական ոստիկանության բաժին եւ այնտեղ ապօրինաբար պահվել է 23 օր, որից հետո, նրա նկատմամբ կիրառելով վկայի պաշտպանության միջոց, նրան տեղափոխել են Երեւան՝ Ռազմական Ոստիկանության զորամաս, ուր եւ պահվում է առ այսօր:

Արման Մնացականյանը ցուցմունք տալու համար առաջին անգամ դատարանի ամբիոնին մոտեցավ ռազմական ոստիկանի հետ: Այդ օրը նրա խնդրանքով դատավորը խոստացավ հանրային պաշտպանի գրասենյակից փաստաբան հրավիրել, սակայն հաջորդ նիստին ներկայացած փաստաբանը՝ Նվարդ Սվարյանը, ինչպես պարզվեց ավելի ուշ, ոչ թե հանրային պաշտպան էր, այլ մասնավոր փաստաբան, ով այդ նիստից հետո այլեւս չեկավ դատարան: Վկան դատարանում ցուցմունք տալիս հայտարարեց, որ ռազմական ոստիկաններն են իրեն տարել Սվարյանի մոտ:

Արման Մնացականյանը այն առանցքային վկաներից է, ում նախաքննական ցուցմունքները կազմել են հանցագործության վարկածի եւ մեղադրանքի հիմքը: Հիմքեր կան պնդելու նաեւ, որ նախաքննական ցուցմունքները նույնպես ձեռք են բերվել ապօրինի մեթոդներով՝ Բերդ քաղաքի ռազմական ոստիկանությունում 23 օր պահելու արդյունքում:

Դատարանում վկայի տված ցուցմունքները հաճախ հակասում են իրար, ինչպես նաեւ նախաքննական ցուցմունքներին: Սա ենթադրել է տալիս, որ ռազմական ոստիկանության միջոցով ոչ թե պաշտպանություն, այլ ճնշում է գործադրվում վկայի վրա, եւ վերջինս հարկադրված կեղծում է իրականությունը:

Դատավարության մասնակիցների բազմակի միջնորդությունները՝ վկային հարցաքննել զորացրվելուց հետո, մերժվել են դատարանի կողմից: Տուժողի մորը եւ իրավահաջորդի ներկայացուցչին 2010թ.-ի դեկտեմբերի 6-ին Սեյրան Օհանյանը հայտնել է, որ վկան կզորացրվի, եթե իսկապես նրա ծառայության ժամկետը լրացել է:

Դատարանում Արման Մնացականյանը ցուցմունք տվեց, որ ինքը ծառայության հետ կապված տույժեր չի ստացել, կալանատանը չի պահվել, եւ իրեն հայտնի չէ, թե ինչու իրեն չեն զորացրում եւ երբ են զորացրելու:

Զինվորական ծառայություն անցնելու մասին ՀՀ օրենքի հոդված 4-ի համաձայն, պարտադիր զինվորական ծառայությունը կարող է երկարաձգվել մեկ ամսով՝ «պետական լիազոր մարմնի ղեկավարի» որոշմամբ, եւ երկու ամսով՝ կառավարության որոշմամբ:

Նկարագրված իրավիճակում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ որպես «պետական լիազոր մարմնի ղեկավար», անձամբ է պատասխանատու ինչպես վկային Ռազմական ոստիկանությունում պահելու, այնպես էլ Արտակ Նազարյանի գործով դատավարության օբյեկտիվությունը խոչընդոտելու եւ իրականությունը կոծկելու համար:

Սեյրան Օհանյանը պարտավոր է զսպել պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող կառույցների, այդ թվում՝ Ռազմական ոստիկանության կամայականությունները, զերծ պահելու վկաներին ճնշումներից, ինչպես նաեւ՝ կարգադրելու ՊՆ Քննչական ծառայությանը՝ նոր քրեական գործ սկսել Արտակ Նազարյանի մահվան հանգամանքների վերաբերյալ եւ կատարել բազմակողմանի, անաչառ եւ լրիվ քննություն:

Տուժողի իրավահաջորդ՝ 

Ծովինար Նազարյան

Ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյան

Ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031