Լրահոս
Օրվա լրահոսը

8 տարում՝ 14 միլիոն դոլար

Դեկտեմբեր 16,2011 13:47

Մյասնիկյան գյուղի դպրոցի գրադարանի ընթերցասրահը՝ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի նորոգումից հետո:

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործադիր տնօրեն Սերոբ Խաչատրյանը վստահ է, որ քաղաքական հետաքրքրությունների բացակայությունը օգնում է:

– Ձեր հիմնադրամը աշխատում է նախկին Բաղրամյանի շրջանում: Ինչո՞ւ հենց այստեղ:

– Բաղրամյանի շրջանի շատ գյուղեր ընդգրկված են Հայաստանի աղքատ գյուղերի ցանկում: Գյուղերը, որոնցում մենք աշխատում ենք, խորհրդային տարիներին ստեղծվել են արդյունաբերական նպատակներով: Այլ գյուղերից մարդկանց տեղափոխել են այս տարածքներ, որ ստեղծված գործարաններում աշխատեն: ԽՍՀՄ փլուզումից հետո այդ գործարանները կամ փակվել են, կամ աշխատում են իրենց ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ ու այս իսկ պատճառներով տեղի բնակչությունը ծանր վիճակում էր հայտնվել: Պատկերացրեք արդյունաբերության համար ստեղծված գյուղեր՝ առանց արդյունաբերության:

Չնայած Երեւանին համեմատաբար մոտ լինելուն՝ ծանր վիճակում էին:

– Արդեն 8 տարի է, ինչ Հայաստանում ծրագրեր եք իրականացնում: Այս ընթացքում որքանով են արդարացել ձեր ակնկալիքներն ու հույսերը եւ, ըստ ձեզ, որքանո՞վ են արդարացել ձեր շահառուների ակնկալիքներն ու հույսերը:

– Սկսել ենք աշխատել 2003 թվականից՝ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղից: Հիմա աշխատում ենք Արմավիրի եւ Արագածոտնի 11 գյուղում (Քարակերտ, Արգինա, Շենիկ, Դալարիկ, Լեռնագոգ, Մյասնիկյան, Արտենի, Արագածավան, Երվանդաշատ, Հուշակերտ, Բաղրամյան): 2003-ից այսկողմ այս գյուղերում ներդրել ենք 14 միլիոն դոլար: Մեր ծրագրերը հեռահար են, կարճ ժամանակում շատ մեծ հաջողություններ ակնկալելը ճիշտ չէր լինի, բայց այս տարիների ընթացքում բավական լուրջ ձեռքբերումներ են եղել: Այսօր ունենք շատ լավ ենթակառուցվածքներ՝ ուսումնական, առողջապահական, համայնքային հաստատություններ, խաղահրապարակներ, պուրակներ, իրականացրել ենք նաեւ տնտեսական ու սոցիալ-հոգեբանական ծրագրեր, էապես բարելավվել է ջրի վիճակը, մարդիկ սկսել են ավելի շատ զբաղվել գյուղատնտեսությամբ: Հաջողությունները նկատելի են. հինգ դպրոց ենք վերանորոգել, երեք մանկապարտեզ, երեք բուժհաստատություն, մեկ համայնքային կենտրոն եւ այլն: Բայց մեզ համար ամենակարեւորը սա չէ: Բարվոք ենթակառուցվածքները ընդամենը միջոց են: Կարեւորը այն է, որ նոր սերունդը ունենա այն կարողություններն ու գիտելիքները, որ կարողանա զարգացնել իր համայնքն ու մեր երկիրը:

Չեմ կարող ասել, որ իրենց բոլոր խնդիրները լուծել ենք, բայց, իհարկե, լավատեսություն ներշնչել ենք: Հատկապես՝ երեխաներին: Հիմա այդ գյուղերում ոգեւորված սերունդ կա, որ մեծ նպատակներ է իր առջեւ դնում: Սկսել են երազել ու իրականացնել իրենց երազանքները: Նախաձեռնող են դարձել երեխաները, իրենք են սկսում սովորեցնել մեծերին, ինչը շատ մեծ ձեռքբերում է: Կարողանում են նոր գաղափարները վերցնել ու փոխանցել մեծերին: Հիմա ամենակարեւոր խնդիրներից մեկը, որի ուղղությամբ աշխատում ենք, համայնքի բնակիչներին ավելի նախաձեռնող ու համայնքի խնդիրների լուծման հարցում ավելի ակտիվ դարձնելն է: Շատ կարեւորում ենք տեղական կարողությունների հզորացումը, որ երբ մենք այդ գյուղերից դուրս գանք, իրենք ունենան եղածը պահպանելու ներուժ:

– Շատ հայաստանցիներ վստահ են, որ սփյուռքը պարտավոր է պահել իրենց, նվիրատվություններ անել, կան սփյուռքահայեր, որ փոքրիկ նվերը համարում են մեծ ավանդ: Ձեր ծրագրերում համաֆինանսավորման կամ պարտքով փող տալու սկզբունքներն են գործում: Նվեր չտվող սփյուռքահայը ինչպե՞ս է ընկալվում:

– Սխալ է մտայնությունը, որ սփյուռքը պարտավոր է մեզ օգնել: 21-րդ դարի մոտեցումները ուրիշ են, որեւէ մեկը որեւէ մեկին պարտավոր չէ օգնել: Ամենակարեւոր գործոնը՝ սեփական նախաձեռնությունն է: Եթե գյուղերում ապրողները սեփական նախաձեռնություն չցուցաբերեն՝… օգնություններն ու բարեգործությունը ժամանակավոր են: Օգնելը շատ կարեւոր է, բայց շատ կարեւոր է, որ այս օգնությունը վերաճի համագործակցության եւ մասնակցության: Առանց մասնակցության՝ հնարավոր չէ: Պիտի մասնակցեն, որ համարեն իրենցը: Եթե նվեր է՝ ամբողջությամբ հոգատար չես, եթե մասնակցել ես, օրինակ, դպրոցի կառուցմանը՝ արդեն ուրիշ աչքով ես նայում: Հայաստան-Սփյուռք հարաբերություններին նայում ենք որպես համագործակցային հարաբերություններ:

– Հայաստան-Սփյուռք հարաբերություններում, ցավոք, փոխադարձ անվստահություն եւ լարվածություն կա: Որքանո՞վ է այն խանգարում ձեզ:

– Մեզ չի խանգարում: «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը քաղաքական եւ կրոնական կողմնորոշում չունի, Հայաստանում տնտեսական շահեր չի հետապնդում: Մենք հիմնվում ենք բացառապես Հայաստանը զարգացնելու գաղափարի վրա եւ համագործակցում ենք եւ Սփյուռքի, եւ Հայաստանի բոլոր մարդկանց հետ, ովքեր ուզում են զարգացնել մեր երկիրը: Քաղաքական կողմնորոշման բացակայությունը հեշտացնում է մեր աշխատանքը:

ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031