Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գործարար ծառայության աջակցությունից օգտվելու համար հայ ձեռնարկատերերը երբեմն խարդավանքների են դիմում՝ ներկայացնելով աղավաղված տեղեկատվություն՝ սկսած առեւտրի շրջանառությունից մինչեւ աշխատողների քանակը: Իրենց աշխատանքային տարին ամփոփելիս անկեղծացավ ՎԶԵԲ գործարար ծառայության ղեկավար Տիգրան Աղաբեկյանը: Ձեռնարկատերերի ստվերային շրջանառությունը, սակայն, գործարար ծառայությունը հայտնաբերում է շատ արագ: «Մենք ունենք ավտոմատացված կառավարման համակարգ, որտեղ թափանցիկ են բոլոր ձեռնարկությունները»,- «Առավոտ» օրաթերթին վստահեցրեց ծառայության ղեկավարը: Մեր այն հարցին, թե քանի՞ ստվերային շրջանառություն ունեցող ձեռնարկություն են հայտնաբերել, պարոն Աղաբեկյանը խոսքը փոխեց. «Մեզ ստվերային շրջանառություն ունեցողները չեն դիմում»: Նշենք, որ ՎԶԵԲ գործարար ծառայությունը ԵՄ ֆինանսավորմամբ աջակցում է փոքր ու միջին ձեռնարկության զարգացմանը: Հայաստանում այդ ծառայությունը գործում է արդեն 8 տարի եւ այդ ընթացքում իրականացվել են 859 նախագծեր՝ դոնորներից ներգրավելով ավելի քան 4,7 միլիոն եվրոյի ֆինանսավորում:
Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ