Լրահոս
Օրվա լրահոսը

Ներդաշնակության Երաշխավորը

Դեկտեմբեր 16,2011 13:32

Գրեթե մինչեւ վերջերս եւ նույնիսկ օրեր առաջ՝ կային ժամանակներ, որ ես իմ երազներում թռչում էի, թռնելը քիչ է՝ ես նույնիսկ սավառնում էի հանդ ու դաշտերի վրայով, անտառների ու ջրերի վրայով: Եվ հիմա, այս օրերին, ես ես, ցավոք, այլեւս չեմ կարողանում թռչել երազներիս մեջ, հիշում եմ անցած օրերի թռիչքիս ծփանքը, թեթեւությունը մարմնիս: Եվ թռիչքիս պահին տարօրինակն այն էր, որ ես ոչ միայն վերեւից տեսնում էի իմ մտերիմներին, հարազատներին, տեսնում էի նաեւ ինձ՝ երկրին կառչած, անթռիչք ու հողեղեն՝ իր խեղճության մեջ բախտավոր…

Այս ամենը ես վերհիշեցի, երբ վերջերս, այսինքն՝ երեկ ինձ հրավիրեցին թատերական համալսարան, որ ուսանողներին ներկայացնեմ Վահան Տերյան: Եվ ես ուսանողների դիմաց նստած՝ սկսեցի իմ դասախոսությունը շատ անսովոր:

Թե ինչպես վաղուց, գրեթե շատ վաղուց, երբ ես ութերորդ դասարանում էի, հայրս Գյումրի քաղաք էր գնացել եւ իր հետ բերել էր Վահան Տերյանի 1956թ. հրատարակված հատորյակը, Հեգելի Փիլիսոփայության ներածությունը եւ մի պրիմուս: Հիշում եմ, ձմեռ էր: Ու ձմեռվա կապույտ իրիկվա մեջ պրիմուսը վառվում էր կապույտ բոցով, եւ պրիմուսի ու մեր գյուղի ձմռան իրիկնալույսը ներդաշնակ էին: Եվ, Տեր Աստված, ե՞րբ կորցրինք այդ ներդաշնակությունը… Եվ ո՞վ երազեց այդքան դաժան, որ ուզում էր կտրել-փակել Թռչկանի ջրվեժը՝ հանուն ինչ-որ քստմնելի եկամուտի, եւ ինչպես կարելի էր մեր մեծ ազգի, բայց առայժմ փոքր երկրի փխրուն ու գերզգայուն ներդաշնակությունը խաթարել, եւ ինչու սկսեցինք գործել ընդդեմ եւ ոչ թե՝ հանուն:

Իսկ Տերյանը Սիբիրի ցրտերից հոգնած ասում էր՝ ինձ մեր դաշտերը տարեք, տարեք տուն՝ հույսով, որ կգտնի իր հոգու եւ մարմնի ներդաշնակությունը: Եվ Հյուսիսի երկրի տաք խոստումների եւ անհոգի սառնությունից հուսախաբված, հիվանդ շուրթերով կրկնում էր՝ մեզ մի խառնեք ձեր վայրի արջի ցեղերին…

Վա՜խ, Տերյան ջան, փնտրում էիր քո ժամանակների դառը ներկայի եւ քո երազ երկիր Նաիրիի ներդաշնակությունը… Հիմա ի՞նչ անենք մենք՝ ձեր զավակները, ի՞նչ անենք քո ու մեր բոլոր մեծերի համար, որ երազեցին մեզ, այսինքն՝ այն երկիրը, որ բախտը մեզ տվեց ստեղծելու: Այսինքն՝ ձեր առաջ պատասխանատուն մենք ենք:

Եվ ինչպես բոլորովին վերջերս հնչեցրեց ձեր եւ մեր հանրապետության նախագահը՝ պատասխանատուն ես եմ, այսինքն՝ ես եմ մեր երկրի ներդաշնակության երաշխավորը:

Մերուժան ՏերԳուլանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031