Նոյեմբերի 11-ին եռամսյա կալանքից հետո Թբիլիսիում գտնվող բանտից տուն է վերադարձել Բագրատաշենի 51-ամյա բնակիչ Վարազդատ Կիրակոսյանը: Նա ձկնորս է: Բագրատաշեն իմ այցի ժամանակ նրա չափահաս որդին՝ Արտակը, ասաց, որ հայրը տանը չէ, գնացել է Արաքսի ափը՝ ձուկ բռնելու: Արտակը ցույց տվեց իրենց առանձնատան փոքրիկ ջրամբարում խայտացող, հոր բռնած «խրամուլի» տեսակի ձկները: Որդին չցանկացավ որեւէ մանրամասն հայտնել հոր ձերբակալության, Վրաստանի բանտում նրա գտնվելու մասին՝ հայտնելով միայն, որ նա փաստաբան է ունեցել: Արտակը չտվեց հոր հեռախոսահամարը, իմ բջջային հեռախոսահամարը վերցնելով՝ ասաց, որ եթե հայրը նպատակահարմար գտնի՝ ինքը կզանգի լրագրողիս: Սակայն Վարազդատը չզանգեց: Բագրատաշենի բնակիչները հայտնեցին, որ Վարազդատ Կիրակոսյանին վրացի ձկնորսները լավ են ճանաչում: Այդ չարաբաստիկ օրը Դեբեդի հայկական ափին ձկնորսությամբ զբաղվող Վարազդատին Դեբեդի ձախ ափին գտնվող վրացիները, որպես վաղեմի ծանոթի, հրավիրել են «մի կտոր հաց կիսելու»: Այդտեղ վրացի սահմանապահները բագրատաշենցուն ձերբակալել են:
Բագրատաշենի մեր աղբյուրները հայտնում են, որ սահմանի այդ հատվածում ծառայության է անցել վրացական ուղեկալի նոր հրամանատար: Նա էլ՝ ցույց տալու համար, որ նախորդից լավ է ծառայում, «սարքել» է Բագրատաշենի ձկնորսի անցումը վրացական ափ: Մեր տվյալով՝ Վարազդատ Կիրակոսյանը բանտից ազատվելու համար վրացական բյուջե մեծ տուգանք է մուծել: Ամեն սահմանախախտի համար վրացի սահմանապահներն աշխատավարձի հավելում են ստանում: Այս դեպքում զարմանալի չէ, որ նրանք «սահմանախախտ» են ստեղծում: Սա առաջին դեպքը չէ, երբ վրացիները հրապուրելով՝ ծուղակն են գցում Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչներին:
Այս տարվա ամռանը վաղեմի ծանոթ վրացիները ոսկու գնման բարձր գին էին խոստացել Պտղավանի բնակիչ Կարեն Մելիքյանին: Վերջինս էլ ծանոթներից պարտք վերցնելով՝ ոսկյա զարդեր էր գնել եւ տարել Մառնեուլի: Այնտեղ նա ձերբակալվել էր մաքսանենգության մեղադրանքով, մի որոշ ժամանակ անցկացրել վրացական բանտում եւ տուգանք վճարելով՝ ազատ արձակվել:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ