Հայաստանում առաջին դիվանագիտական դպրոցի տնօրեն, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վահե Գաբրիելյանը համոզված է, որ սա հնարավոր է
– Հայաստանում առաջին դիվանագիտական դպրոցի կարիք կա՞ր, Ձեր գնահատմամբ, որքանո՞վ է դպրոցի գործունեությունն արդյունավետ:
– Անկախությունից հետո մենք գրեթե զրոյից ստեղծեցինք դիվանագիտական ծառայության համակարգը: Ամենասկզբում դիվանագետներ գրեթե ընդհանրապես չունեինք, տարբեր բնագավառներից տարբեր մարդիկ եկան, սկսեցին աշխատել եւ սովորել աշխատանքի ընթացքում: Երկար տարիներ մեր դիվանագետներին կրթում կամ վերապատրաստում էինք արտերկրի տարբեր առաջատար հաստատություններում: Դա, իհարկե, լավագույն լուծումը չէր, կային որոշակի դժվարություններ ֆինանսական հնարավորությունների, դիվանագետներին երկար ժամանակով աշխատանքից կտրելու առումով եւ այլն: Սակայն մասնագիտական կրթության անհրաժեշտությունը բնականաբար կար: Իհարկե, բացի արտերկրի հաստատություններից՝ մենք նաեւ ունենք մեր բուհերը, որոնք ժամանակի ընթացքում սկսեցին առաջարկել մասնագիտացման հնարավորություններ միջազգային հարաբերությունների, դիվանագիտության, միջազգային իրավունքի եւ հարակից մասնագիտությունների ոլորտներում, սակայն այնուամենայնիվ մնաց ներսի եւ դրսի լավագույնը, տեսականն ու գործնականը համատեղելու խնդիրը՝ հենց մեր համակարգի համար, միանգամից աշխատանքի անցնելու պատրաստ կադրերի պատրաստման խնդիրը: Կար եւ կա նաեւ արդեն գործող դիվանագետների վերապատրաստման խնդիր, որը նույնպես այժմ մեր պարտականությունն է: Մեր դպրոցն այսօր օբյեկտիվորեն ունի մի շարք առավելություններ շատ կրթական հաստատությունների համեմատ: Մենք հրավիրում ենք արտերկրի լավագույն մասնագետների, դասախոսների, ընդ որում՝ սա անում ենք ԵՄ-ի, ինչպես նաեւ ԵԱՀԿ աջակցությամբ, թեեւ հիմնականում օգնում է ԵՄ երեւանյան գրասենյակը: Դասախոսները մեր ուսանողներին մատուցում են տվյալ բնագավառի ամենաժամանակակից տեսությունը եւ մեթոդաբանությունը: Դասընթացները հիմնականում անգլերեն լեզվով են, որոշ առարկաներ՝ ռուսերենով, իսկ մեր դիվանագետներն ու պաշտոնյաներն էլ, բնականաբար, դասավանդում են հայերենով: Սրանք մեր աշխատանքային լեզուներն են, եւ սրանց իմացությունը մեր դպրոց ընդունվելու համար պարտադիր է: Հետեւաբար, ապագա դիվանագետները ձեռք են բերում նաեւ իրենց ապագա գործունեության հիմնական լեզուներով գործելու հմտություն: Մեր դպրոցի հաջորդ առավելությունն այն է, որ հանդիպումների ենք հրավիրում մարդկանց, ովքեր ունեն գործնական աշխատանքի մեծ փորձ, ասենք՝ Հայաստան եկած որեւէ պատվիրակության ղեկավարի, օտարերկրյա նախարարների, աշխարհում հայտնի դիվանագետների, տեսաբանների, համաշխարհային հռչակ ունեցող փորձագետների, նաեւ Հայաստանում հավատարմագրված արտերկրի դեսպանների: Իհարկե, առավել կարեւոր է, որ մեր երկրի արտաքին քաղաքականությունը ներկայացնում, բացատրում են այն ամեն օր գործնականում կյանքի կոչողները` արտաքին գերատեսչության ղեկավարները, այլ երկրներում մեր դեսպանները, միջազգային կազմակերպություններում մեր մշտական ներկայացուցիչները: Մենք փորձում ենք ամբողջական, համալիր մոտեցմամբ պատրաստել դիվանագետ, որը վաղը, դպրոցն ավարտելուց հետո, կարող է միանգամից աշխատանքի անցնել ԱԳՆ-ում: Անցած տարի մենք առաջին շրջանավարտներն ունեցանք, 27 հոգի ընդունվել էին, ավարտեցին 25-ը, եւ նրանցից լավագույն 12-ը ընթացիկ եւ ավարտական քննությունների եւ հարցազրույցների փուլերից հետո համալրեցին մեր շարքերը՝ սկզբում փորձաշրջանով, ապա նշանակվեցին կցորդի պաշտոնի եւ դիվանագետի երդումը ընդունելուց հետո ստացան դիվանագետի վկայական: Օրերս իրենց ավարտական քննությունը կհանձնեն նաեւ երկրորդ տարվա ունկնդիրները, իսկ հենց այս օրերին մենք ընդունում ենք արդեն հաջորդ տարվա դասընթացի դիմորդների գործերը:
– Բացի լեզուների իմացությունից՝ ուրիշ ի՞նչ հատկանիշներ եք կարեւորում տվյալ դիմորդին ընդունելու համար, որովհետեւ, կարծում եմ, ամեն մարդ չի կարող դիվանագետ լինել, դա բավականին լուրջ գործ է, որը նաեւ մարդկային որոշակի որակներ է պահանջում:
– Դիմորդը պետք է բավարարի հստակ պայմաններ՝ պետք է լինի ՀՀ քաղաքացի, տարիքը՝ մինչեւ 30, ունենա այն մասնագիտությունը, որը համապատասխանում է կառավարության որոշմամբ հաստատված ցանկին, քանի որ մենք կադրեր ենք պատրաստում ԱԳՆ ընդունելու համար, ոչ թե պարզապես կրթական ծառայություն ենք առաջարկում: Հարկավոր է նաեւ առողջության տեղեկանք, քանի որ կառավարության կողմից հաստատված կոնկրետ հիվանդությունների ցանկ կա, որոնք անհամատեղելի են դիվանագիտական ծառայության հետ: Պարտադիր է նաեւ հայերենի, անգլերենի եւ ռուսերենի լավ իմացությունը: Գրավոր քննություններից հետո նաեւ հարցազրույց կա, եւ այստեղ ապագա դիվանագետը պետք է կարողանա դրսեւորել իրեն: Գիտելիք ունենալը լավ է, բայց նաեւ այդ գիտելիքը պետք է կարողանաս ներկայացնել, խոսել համոզիչ, վստահ: Մեր ունկնդիրները տարվա ընթացքում շուրջ 20 ընթացիկ քննություն են հանձնում, ուսումնական այց ունենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, պարտադիր պրակտիկա՝ ԱԳՆ տարբեր ստորաբաժանումներում: Այս ամենը, ավարտական քննության հետ միասին, վերջում դառնում է հանրագումարային միավոր, եւ լավագույններին առաջարկվում է աշխատանք ԱԳՆ-ում:
– Իսկ Ձեր դպրոցում որքա՞ն է ուսման վարձը:
– Ուսումն անվճար է: Որեւէ դիմորդ ողջ դասընթացի ընթացքում որեւէ բանի համար չի վճարում:
– Կարո՞ղ եմ վերջում երկու հարց տալ այլ ոլորտներից: Վերջերս Դուք գիրք եք հրատարակել Արցախի մասին եւ դրա կապակցությամբ նաեւ ցուցահանդես կազմակերպել: Ինչո՞ւ եք Ձեր այս աշխատանքին զուգահեռ կարեւոր համարել այդպիսի մեծածավալ գործ ձեռնարկելը:
– Իմ աշխատանքային գործունեության ընթացքում, հատկապես այն երկար տարիներին, երբ այս կամ այն պաշտոնում մեր երկիրն եմ ներկայացրել, միշտ էլ զգացել եմ օտարներին մեր երկիրը ներկայացնելու համար անհրաժեշտ որակյալ տեղեկատվության, նյութերի պակաս՝ թե՛ ընդհանրապես Հայաստանի, թե՛ մասնավորապես ԼՂՀ մասով: Որոշեցի դա անել նկարների ձեւով, եւ ժամանակի ընթացքում ծագեց գաղափարը՝ մի գիրք կազմել, որը կընդգրկի Արցախ երկրի, նրա ժողովրդի կենսագործունեության տարբեր կողմերը, եւ արդյունքում ստացվեց 700-ից ավելի նոր լուսանկարներով մի պատկերազարդ գիրք, որը, հպարտորեն պիտի ասեմ, շատ լավ ընդունվեց բոլոր նրանց կողմից, ովքեր այն տեսնելու առիթ են ունեցել, այդ թվում նաեւ արտերկրում, հենց անգլիախոսների կողմից: Գիրքն սկսվում է Արցախի ամրոցներից, եւ սա հատուկ է արված, որպեսզի ցույց տրվի, որ սա պետականություն ունեցած, ինքն իրեն պաշտպանելու ունակ հերոս ժողովուրդ է, ապա՝ միջնադարյան կամուրջներ, որոնք եւս պետականության ուժի, առեւտրի, տնտեսական գործունեության ցուցանիշ են: Բաժին առ բաժին ներկայացվել են նաեւ Արցախի ճարտարապետության դպրոցը, ապա բոլոր շրջանները՝ իրենց շրջկենտրոններով, բազմաթիվ գյուղեր, բնության տեսարաններ, մելիքական ապարանքներ, քառասունից ավելի վանքեր եւ եկեղեցիներ, գորգարվեստ, մանրանկարչություն, երկրի թանգարանները, ժամանակակից եւ հին քարտեզները, Ղարաբաղի ազատագրական պայքարի պատմությունը եւ այլն: Գիրքն անգլերեն է, սակայն արդեն կան առաջարկներ նաեւ այլ լեզուներով տպագրելու:
– Վերջում ուզում եմ Ձեզ հարցնել. երկար տարիներ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանն էիք, Հայաստան վերադառնալուց հետո Ձեր անվան հետ կապված մեկ թե երկու մշուշոտ հրապարակում եղավ, ի՞նչ էր եղել իրականում:
– Ոչինչ էլ չէր եղել, ժամանակը լրացավ, եւ ես վերադարձա: Ես բավական երկար մնացի որպես դեսպան, յոթ տարուց ավելի. ինձնից առաջ որեւէ մեկն այդ բարդ եւ պատասխանատու երկրում այդքան չէր աշխատել: Թե՛ աշխատանքային, թե՛ ընտանեկան տեսակետից, կարծում եմ, դա ավելին էր, քան պետք է մնալ արտերկրում: Չեմ կարծում, թե բացասական հրապարակումներ շատ եղան, եթե ճիշտ եմ հիշում՝ մեկ թերթում մեկ լրագրող ինչ-որ բան էր գրել, հետո ինքն իրեն հղում անելով, գուցե ինքն իրեն հավատալով, երկրորդ անգամ էր դա արել, ինչը, ցավոք, մեր մամուլին հատուկ է: Այն, ինչ գրել էր, այնքան անհեթեթ էր եւ այնքան ցածրորակ սուտ, որ անգամ հարկ չհամարեցի հերքել եւ այժմ էլ բովանդակությանն անդրադառնալն անիմաստ եմ համարում: Դա կարող էր լինել կամ չափազանց ցածր լրագրողական մակարդակի, կամ միտումնավորության արդյունք, կամ էլ երկուսը միասին: Միայն այն, որ գոնե ինձ հետ չէին փորձել որեւէ բան բան ճշտել, կարող է որոշակի հետեւությունների տեղիք տալ:
– Այսինքն՝ որեւէ խնդիր չէ՞ր եղել:
– Ընդհակառակը՝ ես իմ դեսպանական գործունեության ընթացքում արժանացել եմ միայն առաջխաղացման եւ գովասանքների, գրավոր թե բանավոր, եւ այն փաստը, որ ինձ վստահվեց մեր երկրի առաջին դիվանագիտական դպրոցի ղեկավարումը, երբ ինձնից ավելի փորձառու դիվանագետներ եւ կրթական ոլորտի առավել փորձառու մասնագետներ կան, կարծում եմ՝ արդեն խոսուն է, եւ դա ինձ համար շատ մեծ պատիվ է: Մնացած հերյուրանքները թողնում եմ դրանք տարածողների խղճին: Ինձ համար այսօր կարեւորն այն է, որ Հայաստանի դիվանագիտական դպրոցն արդարացնի այն առաքելությունը, որի համար ստեղծվել է:
Զրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ