Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ի՞նչ կարժենա Մյասնիկ Մալխասյանին առաջադրված մեղադրանքը

Դեկտեմբեր 16,2011 13:07

ԵԴ-ում քաղբանտարկյալների գործերով էլ առաջընթաց կա

Օրերս հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է ուսումնասիրել 2008 թվականի հետընտրական իրադարձություններից հետո աշխատանքից ազատված 4 նախկին դիվանագետների դիմումը: Հիշեցնենք, որ 2008-ի նախագահական ընտրություններից հետո Հայաստանի արտգործնախարարության մի շարք աշխատակիցներ հայտարարություն էին տարածել, որտեղ իրենց վրդովմունքն էին հայտնել ընտրական գործընթացի խախտումների առնչությամբ: Դիվանագետները պահանջել էին անհապաղ քայլեր ձեռնարկել միջազգային դիտորդական առաքելության զեկույցներում տեղ գտած առաջարկություններն իրականացնելու ուղղությամբ: Վերոհիշյալ հայտարարության տակ ստորագրած դիվանագետներն այն ժամանակ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հրամանով ազատվել էին աշխատանքից եւ զրկվել դիվանագետի կոչումից: Նրանցից 4-ը, այդ թվում՝ արտգործնախարարության մամուլի վարչության պետ Վլադիմիր Կարապետյանը, ՆԱՏՕ-ի բաժնի վարիչ Մարթա Այվազյանը, Եվրոպայի վարչության խորհրդական Առաքել Սեմիրջյանը եւ Ամերիկայի ու Կանադայի բաժնի վարիչ Կարինե Աֆրիկյանը, արտգործնախարարի այս որոշումը բողոքարկել էին հայաստանյան դատական ատյաններում, որտեղ մերժում ստանալուց հետո դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նախկին դիվանագետները իրենց դիմումում նշել էին, որ խախտվել է իրենց ազատ արտահայտվելու իրավունքը:

Երեկ «Առավոտը» փորձեց հետաքրքրվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկված՝ քաղբանտարկյալների գործերի ճակատագրով: Հիշեցնենք, որ հայաստանյան դատական ատյաններում համանման ճակատագրի արժանանալուց հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկվեցին մոտ 60 գործեր: Դրանք եւ վերջնական գանգատներ են, եւ ապօրինի կալանքներին վերաբերող գանգատներ, հիմնականում բարոյական վնասի փոխհատուցման պահանջներով: Հայ ազգային կոնգրեսի իրավական հանձնախմբի անդամ Արմեն Խաչատրյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ այդ գործերով եւս շարժեր են սկսվել Եվրոպական դատարանում: Մասնավորաբար, բավականին առաջընթաց կա ԱԺ նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի գործով: Հիշեցնենք, որ այս գործն առաջիններից մեկն էր, որ ուղարկվեց ԵԴ: Իսկ թե հատկապես ի՞նչ առաջընթացի մասին է խոսքը, Արմեն Խաչատրյանը պարզաբանեց. «Ես նկատի ունեմ ընթացակարգային առաջընթացը: ԵԴ-ն արդեն հարցադրումներով դիմել է ՀՀ կառավարությանը, կառավարությունն ուղարկել է պատասխանները, դրանք տրամադրվել են պաշտպանին եւ դիմումատուին, վերջիններս էլ ներկայացրել են իրենց առարկությունները»: Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանը եւ Հակոբ Հակոբյանը պետական իշխանությունը յուրացնելու եւ զանգվածային անկարգություններ հրահրելու կասկածանքով ձերբակալվել էին 2008 թվականի մարտի սկզբներին եւ պայմանական ազատազրկման էին դատապարտվել։ Նրանց գործերը Մարդու իրավունքների եվրոպական դատարան են ուղարկվել միեւնույն ժամանակահատվածում, սակայն Հակոբյանի գործով առաջընթաց դեռեւս չկա:

Մյասնիկ Մալխասյանի շահերի պաշտպան Մելանյա Առուստամյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Հավանաբար, Եվրոպական դատարանը գտել է խախտում, այդ իսկ պատճառով էլ այդ հարցադրումներն ուղղվել են կառավարությանը: Ամեն դեպքում, ՀՀ կառավարությանը հարցեր են ուղղվել, եւ կառավարությունը պիտի պատասխան տա կալանքի սանկցիաների, որոշումների պատճառաբանված լինելու, ձերբակալված պահելու եւ նմանատիպ այլ բաների մասին: Հարցադրումներից կարելի է ենթադրել, որ խախտումներն առկա են»:

ՀԱԿ իրավական հանձնախմբի անդամը տեղեկացրեց, որ նմանատիպ գրագրություն է սկսված նաեւ Մուշեղ Սաղաթելյանի գործով, որը 2008-ի նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Անիի տարածաշրջանի շտաբի պետն էր: Վերջինս ՀՀ ՆԳՆ համակարգում առանցքային պաշտոններ է զբաղեցրել, ինչպես նաեւ ՀՀԿ առանցքային դեմքերից էր: «Ենթադրում եմ, որ հիմա արդեն մյուս գործերով էլ կսկսվեն նմանատիպ հարցումները, կոմունիկացիաները: Եվրոպական դատարանն այդքան արագ ընթացակարգով աշխատող դատարան չէ: Իմ կարծիքով՝ Մյասնիկ Մալխասյանի գործը բավականին արագ տեմպերով է առաջ գնում, քանի որ այն առաջին ուղարկված գործերից էր»,- ասում է Արմեն Խաչատրյանը: Մեր զրուցակիցն ակնկալում է, որ արդեն եկող տարվանից ԵԴ-ն մյուս գործերով էլ գրագրություն կսկսի ՀՀ կառավարության եւ դիմումատուների հետ:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031