Տավուշի մարզի`Վրաստանին սահմանակից բնակավայրերը ռազմավարական կարեւոր նշանակություն ունեն, քանի որ այդ տարածքով է ձգվում Հայաստան մտնող երկաթուղին, Վրաստան-Հայաստան ավտոմոբիլային հիմնական ճանապարհը: Սահմանի վրացական կողմում արագ բազմացող 150 հազար ադրբեջանական բնակչություն է: Իսկ Հայաստանի կառավարությունը բավարար ուշադրություն չի դարձնում Վրաստանին սահմանակից մեր գյուղերի խնդիրներին:
5 տարի առաջ փակվեց Բագրատաշենի շուկան, որը մեծ թվով աշխատատեղեր էր ապահովում: Բագրատաշենի գյուղապետ Արկադի Մակյանից տեղեկացանք, որ շուկայի փակումից հետո,արդեն 5 տարի, «օդում կախված է» մաքսային գոտում հայտնված եւ ցանկապատված, մասնավոր անձանց պատկանող 5 օբյեկտների եւ գյուղի ակումբի հարցը: Փշալարից անդին գտնվող ակումբը հնարավոր չէ օգտագործել: Նույն գոտում գտնվող 5 անձանց պատկանող առեւտրական չգործող, արգելափակված օբյեկտների համար գոյացել են գույքահարկի պարտքեր: Գյուղապետ Արկադի Մակյանն ասաց, որ իրենք խմելու համար օգտագործում են Դեբեդ գետի ափին գտնվող խորքային հորից մղվող ոչ որակյալ ջուր:
Բագրատաշենում ինքնահոս ոռոգվում է 200 հեկտար տարածք, սակայն հոկտեմբերի 2-ին Այրումի սողանքի հետեւանքով տարերքի գոտում շարքից դուրս է եկել ոռոգման ջրագիծը: Բագրատաշենը եւ հարակից գյուղերը գազաֆիկացված չեն,վառելափայտի գինն էլ այս տարի ռեկորդային բարձր է՝ մեկ խորանարդ մետրը` 12 հազար դրամ:
Բագրատաշեն համայնքի բյուջեն 42 միլիոն դրամ է, որից 20 միլիոնը` պետական լրավճար: Այս տարի աճեցված արեւածաղկի սերմը դժվարությամբ է իրացվում, այդ պատճառով համայնքապետարանը հազիվ կարողանա սեփական եկամուտները 75 տոկոսով հավաքագրել:
Կարդացեք նաև
Բագրատաշենում ներկայումս միայն մի ծրագիր է իրականացվում, պետական բյուջեի միջոցներով նորոգվում է մանկապարտեզի շենքի տանիքը: Գյուղի փողոցները խոդուբորդ, կիսաքանդ են: Բագրատաշենում աշխուժություն չկա, «սառած վիճակ է»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ