Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ էզոթերիկ կանխատեսումներ

Դեկտեմբեր 16,2011 12:49

Վերջապես լավ լուր էլ իմացանք: Մյուս տարի նախատեսված աշխարհի վերջը, որի անխուսափելիության մասին դարեր շարունակ խոսում էին «մայա» ցեղի հնդկացիները, հետաձգվում է մեկ տարով: Ըստ tert.am-ի՝ նման սփոփիչ կանխատեսում է արել աստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ օգոստոսի 15-ին սպասվում են քաղաքական ընդվզումներ, իսկ նոյեմբերի 23-ին՝ բնական աղետներ:

Քանի որ չեմ պատկանում այն ընտրյալների թվին, որոնց հասու է նվիրական էզոթերիկ գիտելիքը, ես հույսս չեմ դնում մոլորակների դասավորության կամ սուրճի բաժակի մնացորդների վրա, այլ փորձում եմ իմ կանխատեսումներն անել եղած փաստերի եւ դրանց դինամիկայի վրա: Օրինակ՝ եթե որեւէ ֆուտբոլային թիմ որեւէ երկրի պրեմիեր լիգայում զբաղեցնում է 8-րդ, հետո 10-րդ, իսկ այնուհետեւ 13-րդ տեղը, ապա մեծ է հավանականությունը, որ նա հաջորդ մրցաշրջանում ընդհանրապես «կթռնի» այդ լիգայից եւ կտեղափոխվի երկրորդ դիվիզիոն: Այդ կանխատեսումը կարող է, իհարկե, եւ չիրականանալ, բայց մենք՝ ոչ էզոթերիկներս, կանխատեսման այլ մեխանիզմներ չունենք:

Այդ մեթոդիկան կիրառելով՝ եկեք կանխատեսենք, թե ինչ տնտեսական ապագա է սպասում Հայաստանին: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ Հայաստանի տնտեսության մեջ արտասահմանյան ուղիղ ներդրումները կազմել են 2008-ին՝ 925,2, 2009-ին՝ 732,1, իսկ 2010-ին՝ 482,9 միլիոն դոլար: Պետվիճծառայության տվյալներից հեշտությամբ կարելի է հաշվարկել. 2010 թվականի հոկտեմբերից (երբ մենք արդեն «պատվով դուրս էինք եկել ճգնաժամից») մինչեւ 2011 թվականի հոկտեմբեր տավարի միսը թանկացել է միջինը 18,9%-ով, պանիրը՝ 19,6%-ով, կարագը՝ 22,2%-ով, ձեթը՝ 19,2%-ով, ձուն՝ 13,9%-ով, շաքարավազը՝ 40,9%-ով: Նույն ծառայության տվյալներով, աղքատների թիվը Հայաստանում 2008 թվականին կազմել է 27,6%, 2009-ին՝ 34,1%, 2010-ին՝ 35,8%: Ընդ որում, ուշադրություն դարձրեք, որ ըստ մեր կառավարություն՝ 2010 թվականին աղքատության շեմը 33517 դրամ էր: Այսինքն՝ այն քաղաքացին, որն ամսական ունենում է, ասենք, 35 հազար դրամ, նա արդեն աղքատ չէ: Ինձ դա, մեղմ ասած, կասկածելի է թվում, որովհետեւ հենց երեկ ես իմ տան գազի համար վճարեցի 75 հազար դրամ՝ նոյեմբեր ամսվա համար: Եվ վերջին թիվը. www.cia.gov կայքի համաձայն, ծննդաբերության թիվը Հայաստանում մեկ կնոջ հաշվարկով (fertality rate) կազմում է 1,37: Դա տարածաշրջանում ամենավատ ցուցանիշն է: Բնակչության վերարտադրության համար անհրաժեշտ նվազագույն ցուցանիշը պետք է կազմի 2: Թուրքիայում եւ Ադրբեջանում, նույն աղբյուրի տվյալներով, 2-ից ավելի է:

Տվյալ դեպքում չեմ պատրաստվում որեւէ մեկին քննադատել կամ մեղադրել: Վարչապետը եւ տնտեսական բլոկի նախարարները գտնում են, որ իրենք հոյակապ են աշխատում, եւ ամեն ինչ վերագրում են համաշխարհային ճգնաժամին: Թող լինի այդպես: Բայց այս եւ մի շարք այլ ուղղություններով մենք ապրում ենք զգալի հետընթաց: Նման դեպքերում կա երեք տարբերակ. կամ ասել, որ այդ թվերը սուտ են, կամ ասել, թե ինչու այս միտումները չպիտի շարունակվեն, կամ էլ ներողություն խնդրել եւ տեղը զիջել ավելի բանիմաց կառավարությանը: Երրորդ տարբերակը ամենաանհավանականն է: Եվ դա պնդելու համար նույնպես պետք չէ լինել էզոթերիկ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031