Ճի՞շտ եք համարում արդյոք ՀՀՇ-ն ու ՀԱԿ-ը լքած ձեր նախկին գործընկերների դեմ Կոնգրեսի տեսակետը ներկայացնող մամուլում սկսված արշավը։ «Առավոտի» այս հարցին ի պատասխան ՀԱԿ-ին մաս կազմող ՍԴՀԿ-ի ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը նախ ասաց, թե չէր ուզենա մեկնաբանել դա, իսկ թե ինչո՞ւ՝ այսպես պարզաբանեց. «Քանի որ խոսքը վերաբերում է ՀԱԿ-ից տրոհված մասին, եւ ես կողմնակիցն եմ այն բանի, որ մեր մեջ այդ խնդիրը ոչ թե սրվի, այլ հարթվի»։
Ինչ վերաբերում է Արարատ Զուրաբյանի ազատ արձակման, ինչպես կոնգրեսական հրապարակախոսն էր թերթում նկատել՝ «խորհրդավոր հանգամանքներում ազատ արձակման» վերաբերյալ մեր հարցին, ապա ժամանակագրությամբ Զուրաբյանից շատ ավելի առաջ նույն ԱԱԾ մեկուսարանից ազատ արձակված Գուրգեն Եղիազարյանի դիտարկմամբ, «բոլորն էլ վաղ թե ուշ պիտի ազատ արձակվեին»։ Ուղղակի, նրա ասելով, խնդրի նրբությունը հետեւյալն էր. «Ազատազրկվածների թվում ես եւ Երջանիկ Աբգարյանն ամենատարեցներն էինք, եւ մենք առաջիններից մեկն ազատ արձակվեցինք»։
ՍԴՀԿ ներկայացուցչի կարծիքով, ինչո՞ւ Զուրաբյանին մյուսներից համեմատաբար շուտ ազատ արձակեցին, որովհետեւ ինքը գործարքի՞ էր գնացել, թե՞ իրավիճակն ու այդ պահին երկրի ներսում եւ դրսում ստեղծված մթնոլորտն էր պարտադրել իշխանություններին դա անել։ Մեր այս հարցին Եղիազարյանը պատասխանեց. «Չէ, բնական էր, որ Արարատը կուսակցապետ էր ու պիտի ազատ արձակվեր, նա նաեւ ազատական էր։ Դա բնական է, ես այդտեղ բան չեմ տեսնում, առավել եւս, որ մենք ոչինչ չէինք արել»։ Ի դեպ, Զուրաբյանը 2008-ին կալանավորված միակ կուսակցապետն էր։
Հիշեցնենք, որ դատելով Հայ ազգային կոնգրեսի գործիչների հայտարարություններից՝ ՀԱԿ-ի շահը կամ տեսակետը հայտնող լրատվամիջոցում հրապարակված հոդվածաշարերից մեկում պնդում կար, թե այն, որ ՀՀՇ վարչության նախկին նախագահ, իսկ այսօր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Արարատ Զուրաբյանը 2008թ. ամռանը ԱԱԾ մեկուսարանից ազատ էր արձակվել Սամվել Նիկոյանի գլխավորած «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի միջնորդությամբ, հաստատում է այն, որ «Կոնգրեսի գոյության դեմ Ա. Զուրաբյանի սկզբունքը ի սկզբանե ոչ թե քաղաքական է, այլ՝ թելադրված գործարքով», եւ դրանով է պայմանավորված եղել այն, որ «ՀՀՇ վարչության ներսում Արարատ Զուրաբյանի ու Խաչատուր Քոքոբելյանի ղեկավարությամբ դավադիր մի խումբ է գործել Կոնգրեսի դեմ»։