«Ես վերջին տարիներին մտավախություն ունեմ, որ կորցնում ենք հայոց լեզուն: Անկախ Հայաստան ունենք, բայց մեր լեզվի կորստի վտանգի առջեւ ենք, քանի որ հեռուստաեթերից պատգամավորն ու նախարարը, լրագրողն ու այլք ավելի հաճախ խոսում են օտար բառերով ու շեշտադրությամբ, ոչ հայերեն լեզվամտածողությամբ:
Հավատացած եմ, որ առաջիկայում ե՛ւ Արցախի հիմնախնդիրն է արդարացի լուծում ստանալու, ե՛ւ մեր հարեւանների հետ ենք բնականոն հարաբերություններ ունենալու: Բայց եթե հայոց լեզուն այդ ընթացքում խեղաթյուրենք, ապա դա ամենամեծ քաղաքական, նաեւ բարոյական կորուստը կլինի: Դա անթույլատրելի է: Մենք պետք է արագորեն հայկական միջավայր ստեղծենք, որ հայերենը գոնե աստիճանաբար առողջանա: Դժվար է լինելու, քանի որ ինչպես ցածրորակ «ռաբիս» մոտեցումները մտան մշակույթի ոլորտ, այնպես էլ ցածրորակ, «ռաբիս» լեզուն մտել է լրատվական դաշտ»,- ասում է ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ:
«Հայոց աշխարհ»