Գյումրիի կենտրոնում «Ալեքսանդրապոլ» ցարական անվանումով հյուրանոց է սարքվել։ Ոչ պակաս ցարական ճոխությամբ։ Ցցվել է որպես հակա-հուշարձան։ Մի քաղաքում, որտեղ դեռեւս կան երկրաշարժից անօթեւան մնացած մարդիկ, շքեղ հյուրանոցը հենց հակա-հուշարձան է որ կա։
Ճիշտ է, դա Գյումրիում միակ շքեղ կառույցը չէ։ Այս ընթացքում այնտեղ ե՛ւ ռեստորանային համալիրներ են բացվել, ե՛ւ «Ոսկու աշխարհ», ե՛ւ այլ նման «օբյեկտներ»։ Ի վերջո, կյանքն էլ տեղում չի դոփում։ Ողջ խնդիրն այն է, որ այս դեպքում էլ այդ շքեղ հյուրանոցը կապվում է Գյումրիի քաղաքապետի կամ նրա ընտանիքի հետ։
Կայքերից մեկն այդ թեմայով օրերս զրուցել էր Շիրակի թեմի հոգեւոր առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ։ Սրբազանը մասնավորապես ասել է. «Սա բարոյական հարթության խնդիր է. նայած, թե մարդը բարոյականության հարցը ինչպես է լուծում: Գուցե ինքը բարոյական է համարում աղքատության կողքին շքեղ շինություն ունենալ, եւ գուցե բարոյական չի համարում, զուսպ է պահում, դա այլ հարց է»:
Իրավացի է, հարկավ, եպիսկոպոս Աջապահյանը. հարցը բարոյական հարթության վրա է։ Ողջ խնդիրն այն է, սակայն, որ մեր հասարակության մեջ այդ բարոյական հարթությունը սարսափելի ողորկ է։
Ու ոչ միայն Գյումրիում է շքեղությունը ցցված աղքատության կողքին։ Բավական է միայն մեր շուրջը նայենք։ Ի՞նչ է այդ ամենը, եթե ոչ հենց բարոյական անկում՝ հանուր, ընդհանուր, համընդհանուր։ Համարյա արդեն հիվանդություն։
Հա, բա ուրիշ էլ ինչպե՞ս բնորոշես, եթե մանկապիղծ արարածի սրիկայությունից տուժած երեխայի ծնողը, մայրը փորձում է պաշտպանել… մանկապիղծին։ Նույնիսկ ստորագրահավաք է անցկացվում Ախթալայում, ու ստորագրողներ են հայտնվում… ի պաշտպանություն մանկապիղծի։ Լավ, ենթադրենք, երբ չեն իմացել, թե այդ անձնավորությունն ով է, ինչով է զբաղված, նրան գովել-շահել են։ Բայց հետո, երբ իմացան, երբ փաստեր ու ապացույցներ ի հայտ եկան, երբ համոզվեցին, ի՞նչը նրանց մղեց ստորագրելու։ Միայն փողի համա՞ր։
Բայց չէ՞ որ վատ ու շատ վատ սոցիալական վիճակում գտնվող բազմաթիվ մարդիկ կան, որ իրենց մարդկային ու բարոյական նկարագիրը, իրենց արժանապատվությունն ու պատիվը չեն կորցնում, չեն վազում գողություն ու բոզություն անելու։
Այնպես որ «հանուն փողի»-ն ասելը արդարացում չէ։ Բայց, մյուս կողմից, մի հասարակության մեջ, որտեղ անդադար, ամեն օր քարոզվում են միայն փողը, փողապաշտությունը, նյութը, բռնությունը, չեն կարող նման սահմռկեցուցիչ ու ավելի վատ բաներ տեղի չունենալ։
Ի՞նչ կարող է ծնվել փողի ու անուղեղ բռունցքի կույր պաշտանմունքից։ Ոչինչ՝ այլանդակությունից բացի։ Ու անհատները, հետո նաեւ անհատների ավելի մեծ խմբեր, իսկ վերջում՝ հասարակությունն ընդհանրապես, կորցնում են բարոյական արգելակները։ Եվ դա արդեն էլ հասարակություն էլ չէ, այլ խառնամբոխ։ Դա՞ է մեր երազանքների վերջնակետը…
Ինչի՞ց պետք է մտահոգվեն պետությունն ու եկեղեցին, հատկապես՝ եկեղեցին, եթե ոչ բարոյական անկման այդ եւ այստեղ չնշված բազում այլ ախտանշաններից։ Վիճակն անհույս չէ։ Ու այն, որ վիճակն անհույս չէ, վկայեց նույն Սյունիքի մարզի Քաջարան գյուղի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը՝ իր հուսահատ քայլով։ Ոչ մի կերպ չհամակերպվելով գյուղի հողերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին հանձնելու, հետեւաբար գյուղի վերացման հեռանկարին, բայց չկարողանալով կանխել այդ զարգացումները, 15 տարվա գյուղապետը հրաժարական տվեց։
Կորցրեց պաշտոնը։ Բայց մարդ մնաց։ Իսկ դա, հավատացեք, շա՛տ ավելի կարեւոր է։
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
«Հայոց աշխարհ»