Ուզում եմ մի քանի դրվագ ներկայացնել երեկ կազմակերպված «Գարեգին Նժդեհի գործունեությունը Սփյուռքում» գիտաժողովից, որն ավելի պարզ կդարձնի, թե ինչպիսի նողկալի վիճակ է տիրում պաշտոնական գաղափարախոսության քարոզչության ոլորտում (Նժդեհի կողմից քարոզվող ցեղակրոնությունն ու տարոնականությունն այլեւս չեն դիտարկվում միայն որպես ՀՀԿ գաղափարախոսություն, հռչակված են ազգային գաղափարախոսություն): Պատմական գիտությունների թեկնածու Ռաֆիկ Համբարձումյանը բողոքում էր, որ Նժդեհին շատ հաճախ ցիտում են ոչ պատշաճ կերպով եւ արդյունքում աղավաղում նրա միտքը։ «Եթե դու անգիր չգիտես նրա խոսքերը, ապա չի կարելի դրանցից մեջբերումներ անել»,- ասում է Ռաֆիկ Համբարձումյանը եւ իր օրինակի վրա բացատրում, որ ինքը մեջբերում է բացառապես այն հատվածները, որոնք ինքն անգիր գիտի։ Անձամբ ինձ թվում է, որ եռամսյակը մեկ հանրապետության ամբողջ տարածքում պետք է կազմակերպել քննություններ, եւ պատասխանատու հանձնաժողովը պետք է ստուգի, թե որքանով են ՀՀԿ տասնյակ հազարավոր անդամները եւ համակիրները տիրապետում Նժդեհի ուսմունքին։ Առաջինը քննություն կհանձնեն նժդեհական մարզպետները, նախարարները եւ կառավարության անդամները, որովհետեւ հենց նրանց օրինակը կարող է վարակիչ լինել շարքային կուսակցականների համար։ Խորհուրդ կտանք վարչապետ Տիգրան Սարգսյանին կուստոմսեր ստացողներին խնդրել Նժդեհի գործերից մի քանի բան անգիր արտասանել, որից պարզ կդառնա՝ արժանի՞ են նրանք այդ անդամատոմսին, թե՞ ոչ։
Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
«Հրապարակ»