Օրերս ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ արձանագրված էր Հայաստանում աղքատ եւ ծայրահեղ աղքատ պայմաններում ապրող երեխաների թիվը։ Տվյալները իսկապես սարսափելի էին. մեր երկրում մոտ 300 հազար երեխա ապրում է աղքատության, որոնցից 47 հազարը՝ ծայրահեղ աղքատության մեջ։ Դրանք մեր վաղվա զինվորներն են, քաղաքացիները, մայրերը, որոնց մասին մենք այսօր հոգ չենք տանում։ Բայց ո՞վ պետք է այս մասին մտածի։ Մի՞թե մեր ժողովուրդը իսկապես կորցրել է ազգային արժեհամակարգի այն ողնաշարը, որը մեր հարատեւման կռվանն է եղել դարեր շարունակ՝ երեխայի պաշտամունքը։ Մի՞թե մենք այն ժողովուրդը չենք, որ Եղեռնից մազապուրծ 100 հազարավոր որբերին մեծացրեց ու դարձրեց մեր երկրի լիարժեք քաղաքացիներ։ Վստահորեն կարող ենք պնդել, որ ոչինչ չի փոխվել, մեր ժողովուրդը պատրաստ է ամեն ինչ անել ծանր վիճակում հայտնված ցանկացած հայ երեխայի համար։ Ապացույցը՝ օրեր առաջ «168 ժամ» օրաթերթում եւ «Ազատություն» ռադիոկայանով ներկայացված 8-ամյա Մարիամի դեպքը։ Կարող ենք արձանագրել, որ այդ ընտանիքի եւ երեխաների ապագան այլեւս անհույս չէ. բազմաթիվ մարդիկ Հայաստանից եւ արտերկրից իրենց օգնությունն են առաջարկել եւ արդեն տեղ հասցրել։
Իսկ մեր հայրենի կառավարությո՞ւնը։ Նրա արձագանքը ուղղակի զավեշտի ոլորտից է՝ վերջին նիստում մեր վարչապետն ու նախարարները որոշում են կայացրել ծայրահեղ աղքատ ընտանիքներին բաժանել երեքական շիշ ձեթ։ Եվ վերջ. կարելի է հանգիստ խղճով գնալ Նոր տարին դիմավորելու։
Ի վերջո, արդյո՞ք այդքան դժվար է հոգալ այդ 47 հազար երեխաների հոգսը։ Իհարկե՝ ոչ։ Ուղղակի անհրաժեշտ է դուրս գալ չինովնիկական «քառակուսի» մտածելակերպից, ստեղծել մեխանիզմ, որով այդ գործին մասնակից կդառնա հասարակությունը։ Ի վերջո, այսքան անիմաստ ֆոնդերի մեջ կարելի է ստեղծել եւս մեկը՝ թեկուզ «Կուշտ մանուկ» պայմանական անունով, եւ այդ ֆոնդի ղեկավար նշանակել ոչ թե իրենց ծանոթ-բարեկամներին, կամ փողկապավոր ջահել համակուսակցականին, այլ որբանոցի շրջանավարտ, իր կյանքում թեկուզ մեկ անգամ սոված անկողին մտած ցանկացած մեկին, որն ուղղակի ազնվորեն մարդկանց կներկայացնի ծանր իրավիճակում հայտնված երեխաներին, մեկ առ մեկ, կենսագրություններով ու երազանքներով։ Վստահ եմ, հասարակության մեջ բարոյական սեղմված զսպանակը կբացվի։ Մարիամիկի օրինակը վկա։
Կարդացեք նաև
«Երկիր»