Լրահոս
Օրվա լրահոսը

«Կեցցե՛ Շառլը, որ սարի նման կանգնում է Հայրենիքի ու ճշմարտության մեջքին»

Դեկտեմբեր 16,2011 10:59

2008 թվականի իրադարձություններից հետո, որպես Շառլ Ազնավուրի երկրպագու, կարելի է ասել, մահամերձ էի։ Ինձ համար անհասկանալի էր, խորապես անհասկանալի, թե ինչպես կարող է Շառլը անարձագանք թողնել Երեւանի կենտրոնում տասը քաղաքացիների սպանությունը։ Չէ՞ որ նա, այնուամենայնիվ, Շառլ Ազնավուրն է եւ ոչ թե Մարտին Վարդազարյանը։ Ինձ համար առավել անհասկանալի էր, թե ինչպես կարող է Շառլը այդպես անթաքույց լոբբինգ անել մարդասպան ու կոռումպացված իշխանություններին։ ՉԷ՞ որ նա Շառլ Ազնավուրն է եւ ոչ թե Արմեն Սարգսյանը։

Շառլի հեղինակությունը, խոստովանեմ, իմ աչքին սասանվել Էր դեռ 2001 թվականին։ Այն ժամանակ Էլ նա անարձագանք թողեց Քոչարյանի ոհմակի կողմից «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանությունը։ ՉԷ՞ որ այս իրադարձությունը անմիջականորեն կապված էր իր հետ, չէ՞ որ Պողոս Պողոսյանը սպանվելուց առաջ նախ ասել էր՝ ողջույն, Շառլ, հետո ասել էր՝ ողջույն, Ռոբ։ Եվ սպանվել էր՝ ծեծվելով, ինչպես Քոչարյանն էր բնորոշել՝ անզգույշ քաշքշվելով։

Նման իրադարձությունների նկատմամբ վերաբերմունքը, ի դեպ, որեւէ կապ չպիտի ունենա քաղաքական հայացքների ու կողմնորոշումների հետ։ Եթե որեւէ մեկը քաղաքական հայացքների պատճառով կարող է չնկատելու տալ սեփական եղբոր լկտի ու ցինիկ սպանությունը, թքել եմ ուրեմն այդ քաղաքական հայացքների վրա։ Եթե Պողոս Պողոսյանի սպանությունը մեր հանրության կողմից համարժեք արձագանքի արժանանար, Մարտի 1 չէր լինի։ Հայ հանրությունը, Պողոս Պողոսյանի սպանությունից հետո Ռոբերտ Քոչարյանին թույլ տալով մնալ նախագահի պաշտոնում, ըստ էության նրան ՀՀ քաղաքացիների սպանության արտոնագիր տվեց։ Հայ հանրությունը պիտի առնվազն զգուշաբար քաշքշեր անզգույշ քաշքշողին։

Սա ասում եմ, որպեսզի գրածս չարժանանա հանրապետական տխմար մեկնաբանությանը, թե՝ եթե որեւէ մեկը ընդդիմադիր բան է ասում, լավն է ինձ համար, եթե իշխանամետ՝ վատն է: Խնդիրը տվյալ դեպքում ընդդիմության եւ իշխանության մեջ չէ: Ընդդիմադիր եւ իշխանամետ լինելը կարո՞ղ է փոխել մարդու վերաբերմունքը Պողոս Պողոսյանի, Մարտի 1-ի սպանությունների նկատմամբ։ Եթե կարող է, ուրեմն ընդդիմադիր կամ իշխանամետ չէ այդ մարդը, այլ՝ լրիվ ուրիշ բան։ Խնդիրը ճշմարտությունն է եւ ճշմարտության նկատմամբ մեզանից յուրաքանչյուրի ունեցած պարտավորությունը։ Յուրաքանչյուր մարդ պարտավորություն ունի ճշմարտության առաջ, դրա համար է Աստվածաշնչում գրված՝ հանուն ճշմարտության պայքարիր մինչեւ վերջ, եւ Աստված կպայքարի քեզ հետ։

Վերջին երկու հայտնի հայտարարություններից հետո ես վերակենդանացել եմ որպես Շառլ Ազնավուրի երկրպագու եւ ուրախ եմ նրա համար, որովհետեւ ճշմարտությունն ասելով՝ նա դարձել է Աստծո զինակից։ Կապ չունի, թե նրա ասածների մեջ թեկուզ մեկ տոկոս չափազանցություն կա՞, թե՝ ոչ։ Եթե նույնիսկ չափազանցված է, չափազանցված է ճշմարտությունը։ Եվ ի վերջո, ի՞նչ է ճշմարտությունը։ Ճշմարտությունն այն է, ինչ տեսնում ես եւ զգում, եւ անկեղծ ես, կատարելապես անկեղծ քո տեսածի եւ զգացածի նկատմամբ։ Ճշմարտությունը տեսածդ եւ զգացածդ բարձրաձայնելն է՝ առանց վախենալու սխալվելու հնարավորությունից։

Ազնավուրը վերջին հայտարարություններով ընդամենը մի բան է ասում. Հայաստանը չի ընթանում ճիշտ ճանապարհով, Հայաստանը կկործանվի այս ճանապարհը շարունակելու պարագայում, Հայաստանի ժողովուրդը պաշտպանության, ինքնիշխանության, Հայրենիքի կարիք ունի։ Սա ոչ ընդդիմադիր, ոչ էլ իշխանամետ գնահատական է: Սա ճշմարտություն է, սովորական ճշմարտություն։ Եվ կեցցե՛ Շառլը, որ սարի նման կանգնում է Հայրենիքի ու ճշմարտության մեջքին։

 

Նիկոլ Փաշինյան

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031