ՀՀ փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի այսօրվա նիստին փաստաբան Արթուր Գրիգորյանը կրկին չէր ներկայացել՝ չնայած այդ հանձնաժողովը հենց նրա նկատմամբ է սկսել կարգապահական վարույթ: Նա չէր ներկայացել նաեւ նախորդ՝ դեկտեմբերի 8-ի նիստին:
Փաստաբանից տուժած Վաչագան Հակոբյանը, որը նաեւ «Սեփականության իրավունքի պաշտպանության» հ/կ նախագահն է ու, բացի իր գործից՝ ներկայացնում է նաեւ իր ղեկավարած կազմակերպության անդամների՝ հիմնականում Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչների շահերը, որոնք իրենց պնդմամբ՝ էլի տուժել են փաստաբան Գրիգորյանից , հանձնաժողովին ներկայացրեց նոր փաստաթղթեր՝ հիմնավորելու փաստաբանի անբարեխիղճ աշխատանքը: Պարզվում է, որ Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչների պաշտպան Գրիգորյանը 2009 թվականին վճռաբեկ դատարան է դիմել՝ չնայած, որ իր լիազորության ժամկետները վաղուց լրացել էին: Պարոն Հակոբյանի խոսքերով, փաստաբանը ժամկետանց լիազորություններով դիմել է նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ինչի արդյունքում իրեն վստահած տասնյակ քաղաքացիներին հուսախաբ էր արել: «Մենակ փողը գրպանը դնելով չի է, ես նախարարի մոտ ամեն օր ելումուտ ունեմ, բայց էդ փաստաբան կոչվածին տարիներով չեմ տեսել ոչ էլ խոսել»:
Նիստին չէր ներկայացել նաեւ տնտեսագետ Հրանտ Բագրատյանը, որը եւս տուժել է փաստաբանի գործունեությունից: Փոխարենն այս անգամ ներկայացել էին նոր տուժողներ, որոնց բողոքը հանձնաժողովը կլսի հաջորդ նիստի ժամանակ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ