Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ն առաջ պատրաստակամ չէր, հիմա՛ է պատրաստակամ դարձել

Դեկտեմբեր 15,2011 23:39

«Ազատություն» ռ/կ-ին այսօր տված հարցազրույցում Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, թե ՀԱԿ-ը պատրաստակամություն է հայտնում ազատ, արդար ընտրություններ անցկացնելու հարցում շահագրգիռ քաղաքական ուժերի հետ մշակել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ առաջարկող միասնական պլատֆորմ, եւ «եթե լինի ընդհանուր պլատֆորմ, այդ ընդհանուր պլատֆորմով այդ հարցը հնարավոր է բարձրացնել պառլամենտում եւ հասնել օրենսդրական փոփոխությունների»: Նա նշել էր մասնավորապես խորհրդարանի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին, բազմակի քվեարկությունը կանխելու համար մատները թանաքոտելուն անցնելը, ընտրական ցուցակները ճշգրտելը, տեղամասերում տեսախցիկներ տեղադրելը, որոնց, Զուրաբյանի կարծիով «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն էլ դեմ չեն լինի:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն «Առավոտի» խնդրանքով արձագանքելով ՀԱԿ ներկայացուցչի այս հայտարարությանն՝ ասաց. «Լեւոն Զուրաբյանին պիտի ասեմ, որ դեռեւս անցյալ տարվա սեպտեմբերից գոյություն ունի արդեն մշակված այլընտրանքային Ընտրական օրենսգիրք, որտեղ բարձրացված են ՀԱԿ ներկայացուցչի կողմից բարձրացված բոլոր խնդիրները: Այդ օրենսգիրքը դրվել էր շրջանառության մեջ եւ խորհրդարանական մեծամասնության կողմից չընդունվեց: Ավելին, ՀՅԴ-ն եւս ԸՕ-ում որոշակի փոփոխություններ եւ լրացումներ էր առաջարկել՝ դարձյալ օրենսդրական նախաձեռնության կարգով, որտեղ եւս կային այդ դրույթները: Կան նաեւ «Ժառանգության» ու ՀՅԴ-ի համատեղ ստորագրած «10 խնդիր եւ 10 լուծում» հռչակագրի հիման վրա արված օրենսդրական առաջարկները, որոնք ԱԺ-ում ներկայացրեց ՀՅԴ խմբակցությունը: Ես չգիտեմ՝ ՀԱԿ-ում դրանից ավելի ուրիշ ի՞նչ են ուզում կամ պատկերացնում, բայց մշակված օրենսգիրքը, որում կան առաջարկվող դրույթները՝ ներառված են, եւ դրանք հնարավոր է կրկին դնել շրջանառության մեջ»,- ասաց Ստ. Սաֆարյանը:

«Ժառանգության» խմբակցության ղեկավարը նաեւ ափսոսանք հայտնեց, որ ՀԱԿ-ը հիմա նոր է գլխի ընկել, որ ԸՕ-ն բարեփոխելու համար համագործակցություն է պետք. «Այն ժամանակ, երբ մենք բոլորս միասին պիտի պայքարեինք ԸՕ-ում փոփոխություններ անելու համար՝ ՀԱԿ-ը 2010թ. հոկտեմբեր 22-ի Ընտրական օրենսգրքի վերաբերյալ իր հայտարարության մեջ շեշտում էր՝ « Ընտրական օրենսգրքի նման քննարկումներ նախաձեռնելով, իշխանությունը փորձում է պատրանք ստեղծել, թե, իբր, մինչ այս ընտրություններում կատարված համատարած կեղծիքների ու ապօրինությունների պատճառը օրենսդրության անկատարությունն է»։ Կամ՝ «ՀԱԿ-ը եւ ցանկացած այլ քաղաքական ուժ, մտնելով այս քննարկման մեջ՝ ակամա մասնակից կդառնա վարչախմբի գործած՝ ընտրական կեղծիքների ու բռնության միջոցով իշխանության յուրացման ծանրագույն հանցանքը պարտակելուն»: Այն ժամանակ «պարտակողը» մենք էինք՝ «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն, որովհետեւ ՀԱԿ-ը այդ քննարկումներին չէր մասնակցում, իսկ մենք մասնակցում էինք»:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031