Դատելով Հայ ազգային կոնգրեսի գործիչների հայտարարություններից՝ ՀԱԿ-ի շահը կամ տեսակետը հայտնող լրատվամիջոցում հրապարակված հոդվածաշարերից մեկում պնդում կա, թե ՀՀՇ վարչության ներսում Արարատ Զուրաբյանի ու Խաչատուր Քոքոբելյանի ղեկավարությամբ դավադիր մի խումբ է գործել Կոնգրեսի դեմ, եւ «պարզվում է, որ հակակոնգրեսական այդ գործունեությունը ծավալվել է ոչ թե 2009թ. սկզբից, այլ շատ ավելի վաղ՝ 2008թ. օգոստոսից (Կոնգրեսի ստեղծումից) անմիջապես հետո»։ Ըստ ենթադրաբար Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում աշխատող հոդվածագրի, այն, որ Ա. Զուրաբյանը 2008թ. ամռանը բանտից ազատ է արձակվել Սամվել Նիկոյանի գլխավորած «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի միջնորդությամբ, «ստացվում է, որ Կոնգրեսի գոյության դեմ Ա. Զուրաբյանի սկզբունքը ի սկզբանե ոչ թե քաղաքական է, այլ՝ թելադրված գործարքով, ինչին նա շարունակում է հավատարիմ մնալ»:
«Առավոտը» ՀՀՇ վարչության փոխնախագահ Վահագն Հայոցյանից հետաքրքրվեց, արդյոք ինքը ճի՞շտ է համարում ՀԱԿ-ի տեսակետը ներկայացնող մամուլում նախկին համախոհ գործընկերների վրա ցեխ շպրտելը. «Ես չեմ համարում , չեմ ուզում պատասխանել. կնմանվեմ իրենց»:
Մեր հարցին, թե՝ նույն տրամաբանությամբ կարելի՞ է եզրակացնել կամ ենթադրել, որ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, որը 2008-ի մարտի 1-ին ընդամենը մի քանի ժամ է անցկացրել ոստիկանության բաժնում՝ եւս ազատ է արձակվել ինչ-որ մեկի հետ գործարքի մեջ մտնելու արդյունքում, պրն Հայոցյանը պատասխանեց. «Արամ Մանուկյանին այն պահին են ազատ արձակել, երբ որեւիցե մեկի հետ նա չի հանդիպել, գործարքի մեջ ո՛չ մտնելու, ո՛չ էլ այլ բանի խնդիր չի եղել: Նրան դուրս են թողել խառնաշփոթ իրավիճակի համար, որպես՝ մի մարդու, որին ճանաչում են, եւ որը պիտի ժողովրդին հորդորեր հանդարտվել»:
Այն, որ Կոնգրեսի շահը կամ տեսակետը ներկայացնող մամուլը ձեր նախկին գործընկերների դեմ հոդվածների շարք է հրապարակվում՝ ճի՞շտ մարտավարություն եք համարում, կամ Կոնգրեսում գտնո՞ւմ եք, որ ձեր առջեւ դրված բոլոր խնդիրները լուծված են ու հիմա մնում է նախկին գործընկերների հետ հարաբերություններ պարզելը: «Դե, բան է ընկել ձեռքը, հրապարակում է: Դուք էլ եք էլի ինչ–որ բաներ տպում: Դա ձեր աշխատանքն է՝ անում եք»,- հակադարձեց Հայոցյանը: Բայց այդ հրապարակումները Կոնգրեսի կարծի՞քը չեն արտահայտում, ու մասնավորապես դուք համաձա՞յն եք այն պնդման հետ, թե ձեր նախկին գործընկերը գործարքի արդյունքում է ազատ արձակվել: «Հրապարակման մեջ կոնկրետ փաստեր են գրված, իմ կարծիքն ի՞նչ նշանակություն ունի»,- հայտարարեց ՀՀՇ վարչության փոխնախագահը:
Կարդացեք նաև
Մեր հավելյալ հարցին՝ այսինքն, դուք կարծիք չունե՞ք, չէ՞ որ այդ մարդկանց հետ այդքան տարի համատեղ աշխատել եք, Հայոցյանը նախ՝ ճշտեց՝ «Ո՞ր մարդկանց հետ», ապա հավելեց. «Ես որեւէ մեկի վրա կասկած չունեմ, ոչ էլ ուզում եմ կասկածեմ»: