Դեկտեմբերի 15-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում Արտակ Դավթյանի նախագահությամբ կազմակերպվել էր աշխատանքային քննարկում:
Քննարկմանը, բացի հանձնաժողովի անդամներից, մասնակցում էին հասարակական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ փորձագետներ:
Քննարկման առարկան, ինչպես տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն էր, որը հեղինակել էին «Խոսքի ազատության պաշտպանություն», «Ինտերնյուզ» հասարակական կազմակերպությունները եւ «Երեւանի մամուլի ակումբը»: Վերոնշյալ կազմակերպությունների ներկայացուցիչները ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ օրինագծի քննարկման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդամներ են:
Պարոն Դավթյանը նշեց, որ օրինագծով առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են հեռուստատեսության թվայնացման գործընթացներով եւ միտված են լուծելու այդ կապակցությամբ առաջացած խնդիրները:
Կարդացեք նաև
Օրինագծում ներառվել են նաեւ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի եւ ԵԱՀԿ-ի կողմից ներկայացված ուղեցույցով արված առաջարկները: Աշխատանքային խմբում ընդգրկվել է հանձնաժողովի փորձագետ Մարինե Հակոբյանը, ով ներկայացրեց նախագիծը եւ դեռեւս լուծում պահանջող խնդիրները:
Հանձնաժողովի` ԱԺ տարբեր խմբակցություններ ներկայացնող անդամները հիմնականում ողջունելով ներկայացված նախագիծը` նշեցին, որ արդեն իսկ կան բազմաթիվ առաջարկներ եւ պատրաստակամություն հայտնեցին լրամշակելու օրինագիծը:
Ամփոփելով աշխատանքային քննարկումը, հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը ներկաներին առաջարկեց հնգօրյա ժամկետում ներկայացնել առաջարկներ, որոնց հիման վրա լրամշակված տարբերակը սահմանված կարգով կդրվի շրջանառության մեջ եւ կքննարկվի ԱԺ առաջիկա գարնանային նստաշրջանում:
Parliament.am