Լրահոս
Օրվա լրահոսը

Սեդրակ Մամուլյան. «Ճանաչեք ու պահպանեք մեր ազգային կերակուրները»

Դեկտեմբեր 15,2011 20:06

Այսօր Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպությունը «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպել էր «Ղափամայի շուրջ» խորագրով հանդիպում:

2011թ. բեղմնավոր տարում կազմակերպվել են «Տերենդեզ»,«Հացը լեռներում», «Նավասարդ», «Հայկական խորոված», «Հայկական ուտեստ» փառատոնները, որոնք հնարավորություն են տվել ավելի մոտիկից ծանոթանալ հայկական խոհանոցին, նպատակ ունենալով տեսանելի, հասանելի և ճանաչելի դարձնել մոռացված  ու անտեսված հայկական ազգային խոհանոցը:

Հայ խոհարարական ավանդույթների զարգացում ու պահպանում հասարակական կազմակերպության  նախագահ` «Արարատ հոլ» ռեստորանի գլխավոր խոհարար Սեդրակ Մամուլյանը նշեց.«Մեր տատերի ու պապերի կողմից թողած ժառանգությունը պետք է արժեքավորել, պահպանել, փոխանցել սերընդեսերունդ: Ոչ միայն այս միջոցառումը, այլեւ մեր կողմից կազմակերպված բոլոր միջոցառումները վերածվում են տոնի: Ղափաման հարիր է ձմռան եղանակին եւ այս օրը համապատասխանեցված է նրա համտեսին: Նման միջոցառումները լուսաբանման եւ մատուցման խնդիր ունեն, մենք շնորհակալ ենք այն բոլոր հեռուստաընկերություններին, որոնք միշտ մեր կողքին են եւ լուսաբանում են մեր գործունեությունը: Մենք շատ քիչ հնարավորություն ենք ունենում ներկայանալ համաշխարհային ասպարեզին, դա եւ խոհարարների թերացումն է եւ լրագրողների:

Ճանաչեք ու պահպանեք մեր ազգային կերակուրները, եւ տոլման, եւ հարիսան մեր ազգային կերակուրներն են, մեր հարեւան եւ ոչ հարեւան պետությունների մոտ ցանկություն կա տիրանալու մեր խոհանոցին: Այն ինչ նրանք անում են, անում են մակերեսային, փորձում են քաղաքականությունն ու ֆինանսը մտցնել խոհանոց, սակայն դա նրանց չի հաջողվի, քանի որ ՅՈՒՆԻԵՍԿՕ-ն ապացուցեց եւ հերքեց այդ փաստը, տոլման եւ մնացած կերակուրները մերն են»:

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացում ու պահպանում» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2007-ին: Կազմակերպության գլխավոր նպատակներից է բանահավաքության միջոցով վերականգնել, ուսումնասիրել, հանրությանը ներկայացնել հայկական ազգային հարուստ խոհանոցը` հասանելի դարձնելով այն ժողովրդին: Բանահավաքության ընթացքում վերականգնվում են ոչ միայն մոռացված բաղադրատոմսերը, ուտեստները, այլև խոհանոցին առնչվող երգերը, ծեսերը, ավանդույթները: Մինչ այժմ կազմակերպության ջանքերով վերականգնվել է մոռացության տրված մոտ 60 ուտեստ:

  Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031