Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաջարանի գյուղապետ. «Հիվանդացել եմ իշխանությունների ձեռքից»

Դեկտեմբեր 15,2011 19:07

-Պարոն Աթայան, ե՞րբ եք հրաժարականի դիմում ներկայացրել:

-Երեկ իրիկունը մարզպետարանում խորհրդակցության ժամանակ եմ հրաժարականի դիմում ներկայացրել:

– Իսկ ի՞նչն էր հրաժարականի պատճառը:

– Պատճառն այն էր որ պետք է գյուղի տարածքը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին (ԶՊՄԿ) hանձնելու պայմանագիրը ստորագրվեր, ես էլ պայմանագիրը չեմ ստորագրել, ինձ վրա էլ ճնշումներ են գործադրել, որպեսզի պայմանագիրը ստորագրվի:

– Ո՞ւմ կողմից էին ճնշումները:

– Տեղական իշխանությունների կողմից:

– Տեղական ասելով նկատի ունեք քաղաքայի՞ն, թե՞ մարզային իշխանությունների կողմից:

– Տեղական իշխանությունների կողմից, կոնկրետ չեմ կարող ասել:

– Տեղական ասելով նկատի ունեք քաղաքայի՞ն իշխանությանը:

-Քաղաքային իշխանությունն ով ա, որ ինձ բան ասի:

– Մեզ հետ զրույցներից մեկում նշել էիք, որ ճնշումներ են լինում կոմբինատի կողմից:

-Բոլորի կողմից էլ ճնշումներ են եղել, մինչեւ ես պաշտոնիցս հրաժարվելու դիմումս գրել եմ: Մարզպետարանում խորհրդակցություն էր երեկ, էդ խորհրդակցության ժամանակ ճնշումներ են գործադրել, որպեսզի պայմանագիրը ստորագրեմ: Տենց մարդ կա՞, որ իրա մամայի գերեզմանը քանդելու տակ ստորագրի, ո՞վ պիտի ստորագրի: Ես ո’չ կստորագրեմ, ո’չ իմ գյուղը կթողնեմ, ո’չ էլ տեղ ունեմ գնալու: Իմ ընտանիքը գյուղ ունի, ես ապրելու եմ էստեղ մինչեւ կյանքիս վերջ: Մեր գերեզմանների պատասխանն ո՞վ պիտի տա, բա մեռելների պատասխանն ո՞վ պիտի տա:

– Իսկ գյուղացիներն ինչպե՞ս են ընդունել ձեր հրաժարականը:

– Շատ վատ են ընդունել: Ես գյուղացիների մոտ եմ, իրենց մեջքին կանգնած եմ, գյուղացիները տեղ չունեն գնալու, գյուղացիները տեղ չունեն ապրելու, գյուղացիների գյուղն ա , պատրաստ են մինչեւ իրենց կյանքի վերջը այստեղ ապրելու:

– Իսկ հրաժարականի դիմում գրելիս, ի՞նչ եք պատճառաբանել, ի՞նչ եք նշել:

– Գրել եմ, որ առողջության պատճառով ես հրաժարական եմ տալիս: Ղեկավարման էս տարիների ընթացքում հիվանդացել եմ իշխանությունների ձեռքից:

-Իսկ կոմբինատի ղեկավարությունն ի՞նչ է ասում, առաջարկություններ չի՞ արել գյուղացիներին` գյուղից տեղափոխվելու համար:

-Ոչ մի բան էլ չի ասում, կոմբինատին ոչ միայն ես չեմ հավատում, այլ ոչ մի գյուղացի չի հավատում, որովհետեւ տարիների ընթացքում ոչ մի բան չի արել կոմբինատի ղեկավարությունը: Բոլորը սուտ են ասում, եկեք ձեր աչքով տեսեք, որ Քաջարան գյուղը ինչ վիճակում ա՝ ճանապարհ չունի, լուսավորություն չունի, գազ չունի, դպրոց չունի, դպրոցը քանդեցին, ակումբ չունի: Հիմա էլ բերում են գյուղը ոչնչացնում, գյուղացիները տեղ չունեն գնալու, բոլորը կոմբինատի թոշակառուներ են, 20-32 հազար թոշակ են ստանում, իրենք ապրում են հողագործությամբ, անասնապահությամբ զբաղվելով, ո՞ւր պիտի գնան: 80 տարեկանը, որտե՞ղ պիտի գնա ծառ տնկի, որ ծառից բերք ստանա: Բա գերեզմաններն ո՞ւր տանեն: Ո՞վ պիտի մեր հողը, գերեզմանները պահի, պահպանի: Թող հանգիստ թողնեն, խնդրում ենք կառավարությանը, որ անվավեր ճանաչեն էդ որոշումը, հանգիստ թողնեն, մեղք է էս ժողովուրդը:

-Հրաժարական տալով դուք հարց ե՞ք լուծում:

-Բա ինչ անե՞մ, որ բռնեն մի օր սպանե՞ն ինձ: Ասեք ի՞նչ անեմ ես: Եթե ձեզ պարտադրում են` կա’մ էս պտի անես, կա’մ էն պտի անես (կա’մ պայմանագիրը ստորագրի, կա’մ հրաժարական տուր), դե ասեք ո՞րը պիտի անեմ:

-Իսկ ձեր փոխարեն ո՞ւմ են ցանկանում գյուղապետ առաջադրել:

– Չեն կարա ոչ մեկին: Ես եմ լինելու, ոչ մեկը ռիսկ չի անի գա: Գյուղացիները կողքս կանգնած են:

– Ի՞նչ եք մտադիր անել:

– Բողոքելու ենք, ի՞նչ պտի անենք, մինչեւ վերջ էլ բողոքելու ենք, մինչեւ որ որոշումն անվավեր ճանաչեն: Ո՞ւր գնանք , գնանք էքսկավատորի տակը պառկե՞նք:

-Իսկ դիմումում ինչո՞ւ իրական պատճառը չեք նշել:

– Հարցի փոփոխություն կա՞, էական ի՞նչ նշանակություն կա, որեւիցե մի բան կփոխվի՞:

-Մի քանի շաբաթ առաջ ասել էիք, որ դիմել եք կառավարություն, կառավարությունից պետք է հանձնաժողով գա գյուղ:

-Ասել են, որ վաղը գալու են, ժամը 4-ին, եթե վաղը գալու են, ինչի՞ էին ինձ ստիպում: Ով ուզում ա գա, ով ուզում ա գնա: Ով էլ որ գա՝ թող գա իրա մոր-հոր գերեզմանը տանի, ես իմ մամայի գերեզմանը սուրբ պահելու եմ, ինչքան սաղ լինեմ, մեկը հլա փորձի մոտիկ գա: Ես չեմ հավատում այլեւս, 10 տարի է կառավարությունից ասում են գալիս են: Գալու են ի՞նչ անեն, ոչ մի բան: Իրենք միշտ էլ ասում են վաղն ենք գալու, էսօր ենք գալու, բոլորն էլ սուտ են ասում:

-Մամուլում երեկ շրջանառվում էր, որ ձեզ ոստիկանության բաժին են տարել:

-Չէ սուտ ա, նման բան չկար:

-Դուք նաեւ մտադրվում եք դուրս գալ ՀՀԿ շարքերի՞ց:

-Վաղը չէ մյուս օրը դիմում եմ գրելու դուրս գամ կուսակցության շարքերից, եթե 10 տարուց ավել ես էդ կուսակցության անդամ եմ, ու կուսակցությունը նման ճակատագրական պահին ձեռք չի մեկնում ինձ, ինչիս է պետք կուսակցությունը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031