Բարեգործական այս միջոցառումը «Սուրբ Էջմիածնի երիտասարդներ» համախմբման Ամանորյա նախաձեռնություն-նվերը պետք է լինի չափից դուրս կարիքավոր ընտանիքների համար: «Ցավալի է, բայց փաստ, որ եթե շատերիս համար Նոր Տարին ուրախության և կամ տոնախմբության առիթ է, ապա մի որոշ սոցիալական` առավել խոցված խավի համար` նեղսրտանքի և հուսահատության մեծ դուռ:
Եվ մենք որպես մեկ Եկեղեցու անդամներ, որպես հարազատներ, մասնակից պետք է լինենք կարիքավոր մարդկանց բազմաթիվ խնդիրների լուծմանը: Չէ՞ որ մենք էլ ապահովագրված չենք տարբեր տեսակի փորձություններից և հնարավորինս օգնում ենք իրար, երբ հոգեւոր, հոգեբանական կամ նյութական ճգնաժամի մեջ ենք լինում»,-նշում է համախմբման խորհրդի հիմնադիր-նախագահը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տեր Թովմա աբեղա Խաչատրյանը:
«Համախմբման անդամներով որոշեցինք անել կարելին ու հնարավորը` նման մի քանի ընտանիքների գալիք Նոր Տարին մի փոքր ուրախալի դարձնելու համար: Մեր երիտասարդները միաբերան ընդունեցին, որ ծրագրածից մի փոքր ավելի էժան արժողությամբ նվերներ կգնեն իրենց հարազատներին, քիչ կլիցքավորեն իրենց հեռախոսները և տնտեսած գումարները կզոհաբերեն մեր նախաձեռնության հաջողությանը: Օգնությունը կարող է լինել թե՜ նպարեղենի, թե՜ հագուստի և թե՜ գումարի տեսքով»,-ասում է համախմբման Մշակութային հարցերով պատասխանատու Վահանը Գասպարյանը:
Մենք այս`ծայրահեղ սոցիալական վիճակում գտնվող մարդկանց չենք տեսնում, քանի որ դուրս գալու պատճառ չունեն. եթե մարդ դրամ չունի, ինչպե՞ս նրանց տեսնենք շորի խանութներում կամ շուկաներում: Վերջերս առիթ ունեցա ծանոթանալու մի քանի այդպիսի ընտանիքի անդամների հետ, տեսա նրանց անմխիթար վիճակը, հակահիգիենիկ պայմաններում կեցությունը և օրվա մի կտոր հացով գոյատևելու ջանքերը: Բայց նրանք էլ մեզ պես մարդ են, հոգի ու սիրտ ունեն, երեխաներ, որոնց պահել չեն կարողանում: «Ցավոք մեր սուղ նյութական հնարավորությունները թույլ չեն տալիս էական լուծումներ առաջարկել /քանի որ հավատում ենք, որ լավագույն քարոզն անձնական օրինակն է/ նրանց կարիքները հիմնովին հոգալու համար` աշխատանքով ու բնակարանով ապահովելու, երեխաների ուսման ու կրթության հարցերով զբաղվելու և այլն: Բայց, որպես Եկեղեցուն ավելի մոտ կանգնած և հոգևոր արժեքներով առաջնորդվող մարդիկ, մենք որոշել ենք Նոր Տարվա օրերը նաև նրանց հետ անցկացնել, զգեստներ ու սնունդ տանել /մեր հավաքական հանգանակության միջոցով/, հոգևոր գրականություն նվիրել /Մայր Աթոռի կողմից/, հոգեբանորեն փորձել սրտապնդել մարդկանց /համախմբման անդամների կամ ծրագրին մասնակցել ցանկացողների կողմից/ և, ի վերջո, ծանոթություն հաստատել նրանց հետ»,-նշում են համախմբման անդամները:
« Եկեք Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան ավետաբեր տոնի նախօրեին հոգեկան անխռով երջանկությամբ լցվենք` օգնած լինելով մի քանի մեզ պես և, միգուցե, մեզանից ավելի լավ ու բարի, բայց մեզանից ավելի մեծ դժվարությունների առջև կանգնած մարդկանց»,-ասում է Հայր Սուրբը:
Մարիամ Ավետիսյան