Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱԿ անդամները մեկնաբանում են «Մենք դա կանենք մյուս տարի՝ ուժով» պնդումը

Դեկտեմբեր 15,2011 18:29

«Մենք միշտ ասել ենք, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ եթե ժողովրդին հնարավորություն չի տրվում սահմանադրական ընտրությունների միջոցով ձեւավորել իր իշխանությունը, ժողովուրդը կստիպի, ճնշում կգործադրի եւ ուժով, ոչ թե զինված հեղափոխությամբ, կհասնի արդյունքի: Մենք մնում ենք մեր կարծիքին, որ զինված հեղափոխություն պետք չէ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀԺԿ քաղխորհրդի անդամ Գրիգոր Հարությունյանը: Հիշեցնենք, որ ՀԺԿ-ն մշտապես կողմ է եղել սահմանադրական ճանապարհով հարցերի լուծման տարբերակին, իսկ օրերս «Ա1+» կայքին տված հարցազրույցում ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն ասել էր, որ ՀԱԿ-ն իրագործել է այն ծրագիրը, որը ամրագրել էին 2008 թվականի ՀԱԿ-ի հռչակագրով: Նա այլ հարց էր համարել, որ հռչակագրի՝ իշխանությունների հեռացման մասին կետը չկատարվեց. «Քանի որ իշխանությունները չեն ցանկանում հեռանալ խաղաղ ճանապարհով, մենք դա կանենք մյուս տարի՝ ուժով»:

ՀԱԿ համակարգողի հայտարարությունը միանշանակ է ընկալվել նաեւ ՍԴՀԿ-ում: Կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն այդ առիթով Aravot.am-ին ասաց. «Դա չի նշանակում, որ բռնություն է կիրառվելու: Ժողովրդի ճնշման տակ, իսկ այս անգամ շատ ակտիվ ճնշման տակ, կարծում եմ, որ մեզ դա հաջողվելու է: Իսկ ժողովրդի ընդվզումը, դժգոհության արտահայտումը հենց ժողովրդի սահմանադրական իրավունքն է: Այնպես որ, ես այստեղ ոչ մի հակասություն չեմ տեսնում: Մենք ինչպես որոշել ենք, այնպես էլ իշխանափոխություն ենք փորձելու իրականացնել, սահմանադրական ճանապարհով, բայց նպատակը ոչ թե իշխանության գալն է, այլ երկրում օրինական իշխանության հաստատումը: Լեւոն Զուրաբյանի ասածի եւ մեր գործողությունների մեջ ես շատ մեծ ներդաշնակություն եմ տեսնում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031