Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծաղրածուները անպատասխան սիրո հրեշտակներ են»

Դեկտեմբեր 15,2011 18:26


«Երազում էի շոֆեր  դառնալ: Ոչ թե վարորդ, այլ շոֆեր: Նույնիսկ առաջին դասարանում շարադրությանս մեջ էի դա գրել, ու երբ ուսուցչուհին հարցրեց` ինչո՞ւ շոֆեր, ասացի, որովհետև վարորդը վարում է ինչ-որ մեկի համար, իսկ  երբ շոֆեր ես, դու ես ու քո մենքնան, ուր ուզում ես քշի»:

Անանուն կեղծանունով ծաղրածուի  երազանքը այդպես էլ չիրականացավ, սակայն 29-ամյա Սարգիս Աբգարյանը այսօր էլ շարունակում է ապրել մանուկների երազանքներով ու մանկական աշխարհում: Տարիներ շարունակ, շփվելով փոքրիկներ հետ, Սարգիսը հասցրել է բավականին լավ ուսումնասիրել մանուկների  հոգեբանությունը և գտնել  նրանց  ուրախություն պարգևելու գաղտնիքը. «Դա շատ պարզ է: Պետք է ընդամենը «անկեղծ»  զարմանալ: Երեխաները անսահման ուրախություն են ապրում, երբ ինչ-որ բան են բացահայտում: Երբ նա մի բան է ասում և դու ձևացնում ես, թե զարմացած ես, նա մտածում է` ես գիտեի, նա չգիտեր, և դա նրան ուրախացնում է»,-պատմում է ծաղրածուն և ավելացնում, որ ժպիտ պարգևելու մի միջոց էլ անկեղծությունն է: Երբ ինչ-որ մեկի հետ խոսելիս ուշադիր նայում ես նրա աչքերի մեջ, դիմացինը մտածում է, որ անկեղծ ես: Իսկ անկեղծությունը Սարգիսը սովորել է հենց փոքրիկներից. «Որոշ ժամանակ մի երեխայի հետ էի շփվում, ով ամեն անգամ ինչ-որ բան պատմելիս մի փոքր չափազանցնում էր, հետո ինքն իրեն ուղղում էր. «Չէ, խաբեցի, էդպես չէր, էսպես էր» ու ես էլ ամեն անգամ ինչ-որ բան պատմելիս սկսեցի ինքս ինձ ուղղել և դեպքերը  ճշգրիտ ներկայացնել»:

Անանունը, ի տարբերություն մյուս ծաղրածուների, դեմքը հազվադեպ է ներկում. «Տեղով ծաղրածու եմ, էլ ինչո՞ւ ներկվեմ»: Փոքրիկների սիրտը գրավելու համար Սարգիսը ուրիշ զենք ունի. «Ուշադիր նայում եմ,  ժպտում ու երեխաները ծիծաղից թուլանում են: Չգիտեմ էլ՝ ինչու»,-զարմանում և միևնույն ժամանակ ծիծաղում է ծաղրածուն, ում կատակներն ու հնարքները ոչ միայն երեխաներին են զվարճացնում, այլ նաև մեծահասակներին: «Մի անգամ, որպես ծաղրածու, ամուսինների ծննդյան տոնակատարության էին հրավիրել: Կինը 89 տարեկան էր դառնում, ամուսինը` 90: Տոնակատարությանը հրավիրված էին միայն տատիկներ ու պապիկներ, միակ «փոքրիկը» ես էի այնտեղ ու ոչ թե ես էի նրանց հետ խաղում, այլ նրանք ինձ հետ: Մեծահասակները շատ ավելի հավեսով են խաղում»:

Կատակասեր երիտասարդի համար ծաղրածուությունը դարձել է կենսակերպ: Ընկերները արդեն սովորել են նրա խենթություններին և բավական հանգիստ են վերաբերվում, երբ փողոցով քայլելիս Սարգիսը փոքրիկ ներկայացումներ է խաղում անցորդների համար: Չնայած մասնագիտությամբ ոեժիսոր է և սովորում է Երևանի պետական թատերական ինստիտուտում, սակայն նրան ավելի շատ դուր է գալիս խաղալը: Սակայն նշում է, որ դերից դուրս, իր կյանքում խաղալ չի կարողանում, շատ շուտ «բռնվում» է. «Ես եմ ինձ բռնում»,- կատակում է Սարգիսը և ավելացնում, որ ծաղրածուի հնարքներից իր կյանքում որոշ հնարքներ օգտագործում է: Ինչպես փոքրիկների, այնպես էլ մեծերի հետ չհամաձայնվելիս ասում է. «Չէ, ես էդպես չեմ խաղում, օյին չի, դու դաղալ ես»:

Սիրո մասին խոսելիս էլ Սարգիսը ամենայն անկեղծությամբ խոստովանում է՝ միակ զգացմունքն է, որ ստիպում է ծաղրածուին տխրել: «Ցանկացած ծաղրածու շատ զգայուն ու նուրբ է, իսկ երբ սիրահարվում է, լիովին զգալով ու ապրելով այդ զգացմունքը, չի կարողանում արտահայտել»,- ասում է Սարգիսը և խորհրդավոր ժպիտով ավելացնում. «Ծաղրածուները անպատասխան սիրո հրեշտակներ են»:

 

      Հերմինե Աղաջանյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031